Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը «Գրաբարի շտեմարան» գրքի շնորհանդեսի առթիվ

«Գրաբարի շտեմարան» գրքի ծնունդը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կյանքի կոչած «Գրաբարյան օրեր» ծրագրի արգասիքն է, կազմակերպիչների և կրթության ոլորտի նվիրյալների ջանադրության լուսեղեն վկայությունը, չորսամյա տքնաջան աշխատանքի հանրագումարն է:

Օրհնյալ առաքելություն են ստանձնել գրքի հեղինակները, քանզի այն միտված է հանրակրթական դպրոցներում կատարելագործել գրաբար լեզվի ուսուցումը, ինչն էլ հնարավորություն կտա մեր զավակներին հաղորդ դառնալ ոսկեղենիկ գրաբար լեզվի ժառանգությանը:

Սիրելինե՛ր, աղոթքի՛ց են ծնվել հայոց տառերը, նրանք իրենց մեջ զորավոր ուժ ունեն: Եվ այդ ուժի ներգործությամբ է, որ հարյուրամյակներ անց հայոց հոգևոր և իմացական ժառանգությունը սերմանվում է մեր երիտասարդների հոգիներում: Նրանք գալիք ժամանակների երգեցիկ լեզվի սերմնացաններն են, Ոսկեդարի քերթողների արժանավոր հետնորդները: Նրանք ոսկյա գրաբարով աղոթողներն են, որով պիտի մերձենան և ճանաչեն Աստծուն ու Նրա խորհուրդները: Մեր զավակները այդ նույն լեզվով պիտի շարականներ երգեն՝ միանալով հրեշտակների երկնային փառաբանությանը: Գրաբարի իմացությամբ պիտի հաղորդ լինեն հայոց մատենագրության թողած բազմախորհուրդ ժառանգությանը: Հավատում ենք, որ երկնային օթևաններում ցնծում են հոգիները մեր թարգմանիչ վարդապետների ու քերթողահայրերի՝ իրենց գիրը ծաղկած տեսնելով հայոց հոգեմտավոր անդաստաններում:

Սիրելինե՛ր, սեպտեմբերը յուրովի աղերսներ ունի բառ ու բանի, կրթության և գիտելիքների ամբարման հետ: Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առիթով և մաղթում, որ «Գրաբարի շտեմարան»-ը մեր դպրոցականների համար դառնա այն ճանապարհը, որի շնորհիվ պիտի բացվեն ոսկեդարյա մատենագրության գանձարանները: «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…» (Առակաց Ա 1). ամեն մանուկ թող իր թոթովախոս լեզվով այբ, բեն, գիմից զատ հայոց դպրանոցներում հնչեցնի հայի հավատքի ու ինքնության հավաստագիր դարձած աստվածաշնչյան այս պատգամը:

«Մի հարցնէք, ի՞նչ է, ո՞ր է,
Ուրկէ՞ կու գայ հայու հոգին:
Մեր պապերու հնադարեան դպրութիւնն է ու հին լեզուն,
Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցին ճրագն է ան,
Մագաղաթէ հին, հին մատեան տաղարանի
Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին
Այբբէնգիմն է Հայու ոգին…»: ՀԱՄԱՍՏԵՂ

Աղոթում ենք և հայցում Բարեսեր Տիրոջ օրհնությունը և առաջնորդությունը՝ այս նվիրական և սուրբ գործի առաքելությունն ի գործ դնելու և պտղաբերելու համար: Ամեն:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

04.09.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․