23 Դեկտեմբեր, Բշ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդույթի համաձայն Նոր տարվա նախաշեմին Նոր տարվա մուտքն ազդարարում է աղոթքով: Այս գիշեր բաց են բոլոր եկեղեցու դռները:
Ամանորը աղոթական, երկնառաք խաղաղությամբ խորհրդավոր դարձնելու նպատակով շատերը գոհաբանական զգացումներով իրենց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի:
Տարին աղոթքով սկսելու բարի սովորության համաձայն՝ Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սուրբ Աստվածածինը նույնպես մարդաշատ էր:
«Արդեն մի քանի տարի է, որ մեր ընտանիքը այս գեղեցիկ սովորության համաձայն Ամանորի գիշերը դիմավորում է եկեղեցում աղոթքով»,- ասաց Անահիտը:
Արարողությունը սկսվեց գիշերային ժամերգությամբ, ապա կատարվեց «Վասն Հանրապետութեան Հայաստան աշխարհի» մաղթանքը:
Ահա մաղթանքի աղոթքից մի փոքր հատված Հայաստան աշխարհի պահպանության համար առ Աստված ուղղված. «Եւ արդ՝ մեք ամենեքեան խոնարհեալ անկանիմք առաջի Քո եւ հայցեմք յամենառատ ողորմութենէդ քումմէ, Տէ՛ր Աստուած մեր, զի պահեսցես եւ պահպանեսցես զՀանրապետութիւն Հայաստան աշխարհի ի խաղաղութեան, ի բարօրութեան եւ յանսասանութեան»:
Հանրապետական մաղթանքից հետո Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ամանորյա իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին. «Աստվածային խաղաղությամբ ու խինդով լեցուն հոգիներով դիմավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան հանդիսությունները: Այն ուրախությունն ու հարստությունները, որ մեզ` քրիստոնյաներիս է տրված, կիսենք համայն մարդկության հետ, հայտնենք մարդկանց երջանիկ լուրը, որ նրանք միայնակ չեն, որ Սիրող Երկնային Հայրը միշտ իրենց կողքին է և պատրաստ է նրանց էլ նվիրել Իր հրաշալի շնորհներն ու գանձերը:
Ես էլ իմ սրտագին աղոթքներն եմ ուղղում մեր Բազմագութ Հորը, աղաչում եմ, որպեսզի գալիք Նոր Տարում աստվածային լույսը սփռվի ողջ Հայոց Աշխարհի վրա և պայծառ մնա բոլորիս սրտերում: Թող 2015թ-ը սիրո, խաղաղության և համերաշխության տարի լինի համայն աշխարհի, հայ ազգիս և Սուրբ Եկեղեցուս համար: Եվս մեկ անգամ, ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի կապակցությամբ և ցանկանում, որ այս տարին ձեր շեմերից ներս մտնի սիրո, հույսի և հավատի հետ միասին և ձեր սրտերում իրական երջանկության լույսը փայլի: Որպեսզի աշխարհը նայելով մեզ` քրիստոնյաներիս, հիանա այն մեծ սիրով, որ ունենք մեր սրտերում և տածում ենք միմյանց հանդեպ: Թող Աստծո սերը, մեր Տիրոջ խաղաղությունը և Սուրբ Հոգու շնորհները միշտ մեզ հետ լինեն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:
Ապա այս տարի առաջին անգամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվեց օրհնության նոր կարգ՝ նռնօրհնեքը: Այնուհետև օրհնված նուռը բաժանվեց ներկաներին:
Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»:
Նուռը վաղնջական ժամանակներից ի վեր ունեցել է նաև առանձնահատուկ ու հարուստ սիմվոլիկա: Դա մեծապես պայմանավորված է եղել նռան գունային երանգներով, յուրօրինակ ծավալաձևով, բազմահատիկների «ճարտարապետական» կառուցվածքով ու միասնականությամբ: Թե՛ հին դիցարանում, թե՛ այլ կրոններում՝ բուդդիզմ, իսլամ, նուռը ունեցել է և ունի բազմաթիվ խորհրդանիշներ:
Քրիստոնեության մեջ ևս նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:
Նուռը, և՛ իր խորհրդանշական իմաստով, և՛ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների և մանրանկարչության մեջ (Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի և այլ Ավետարաններ): Հայ եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրև մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղևով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին:
Աղոթքով դիմավորելով Նոր տարին՝ դիմավորենք այն որպես նոր հնարավորություն: Ընձեռնված հնարավորությամբ քայլենք դեպի մեր Տերը սիրով, հավատով և հույսով՝ ուրախացնելով մեկս մյուսին և մեր Տիրոջը:
Կարինե Սուգիկյան