Մի տատիկ կար: Մի քիչ տարօրինակ էր: Բոլորը նրան «կոնֆետաման» էին կոչում: Նա, առանց մի բառ ասելու, եկեղեցում եղող բոլոր երեխաներին կոնֆետ էր հյուրասիրում, երբեմն մեծահասակներին էլ էր մոտենում: Բոլորը նրան մի քիչ «ցնդած» էին համարում: Բայց, երբ նա մահացավ, նրա հոգեհանգստին քսան քահանա ու տասնչորս սարկավագ եկան՝ իրենց մեծ ընտանիքների հետ միասին: Պարզվում է, որ այս տատիկի հետ հանդիպումն այնքան էր տպավորվում մանկիկների հիշողության մեջ, նրա բարի աչքերն այնպիսի սիրով էին լի, որ փոքրիկները միշտ եկեղեցի էին գալիս, հիշելով, որ իրենց այստեղ միշտ սպասում է «կոնֆետամանը»: Եվ նրանցից շատերը հետագայում քահանաներ ու սարկավագներ դարձան:
Երեխաները մեկ այլ տատիկի «գրադարանավարուհի» էին անվանում, որովհետև եկեղեցում միշտ մի մեծ, սև գրքով էր կանգնում ու անդադար ինչ-որ բան էր կարդում այնտեղ: Եվ միայն նրա մահից հետո պարզվեց, որ ամեն օր աղոթում էր այն մարդկանց առողջության համար, ում անձամբ ճանաչում էր, և ննջեցյալների հոգիների հանգստության համար: Իսկ դրանք մոտավորապես մի քանի հարյուր հոգի էին:
Մեկ ուրիշ տատիկ բրդյա գուլպաներ էր գործում համայնքում: Գործում էր ու որևէ մեկին նվիրում: Մարդը տարակուսում էր, ամաչում. «Ախր ինչի՞ համար, կարիք չկա, ես ունեմ գուլպաներ»: Իսկ տատիկն ասում էր. «Սրանք հատուկ գուլպաներ են, գիշերային: Որպեսզի գիշերն արթնանաս, գուլպաները հագնես ու կամացուկ դուրս գաս աղոթելու: Տերը սիրում է այդ գիշերային աղոթքները»:
Եկեղեցում դեռ շատ տատիկներ կան: Երգչախմբի այժմյան երգչուհիները, համայնքի երիտասարդ կանայք կծերանան և իրենք էլ տատիկներ կդառնան: Ուրիշ տատիկներ:
Նյութը՝ Միրոսլավ Բակուլինի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի