22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

«Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք»

Քրիստոնեաբար ապրելն ընտրություն է, քանի որ մարդն է ընտրում ինչ կերպ ապրի, իսկ քրիստոնեաբար ապրելու անհրաժեշտություն ունի նա, ով ձգտում է կատարելության: Քրիստոնյան երբեմն հայտնվում է այս խնդրի առաջ՝ ինչպե՞ս ապրել այն միջավայրում, որտեղ բարոյական այլ արժեքներ են ու համոզմունքներ: Նման դեպքում հնարավոր է նրան այցելի հետևյալ գայթակղիչ միտքը՝ ի՞նչ կլինի, եթե այս կամ այն պատվիրանը խախտես: Եթե քրիստոնյան թույլ տա, որ այդ միտքը տիրի իրեն, ապա անխուսափելիորեն կկանգնի այն ուղու վրա, որով ընթացավ Եվան: Իսկ թե ուր տարավ նրան այդ ուղին, հայտնի է բոլորին:  

Երբ քրիստոնեությունը հայտնվեց պատմության ասպարեզում, մարդկությունն անկումային վիճակից դուրս գալու ելքեր գտավ: Այդ ելքերից է Պողոս առաքյալի հետևյալ հորդորը՝ ուղղված լուսո որդիներին. «Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք: Հետևաբար, ապրեցե՛ք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը: Ջանացե՛ք հասկանալ, թե՛ Աստված ինչ է ուզում ձեզնից, և բնավ մասնակից մի՛ եղեք խավարի գործերին, որոնք Աստծու կամեցած պտուղները չեն տալիս: Ընդհակառակը, ձաղկեցե՛ք դրանք, որովհետև այդ մարդկանց արածները գործում են մթան մեջ, և այդ մասին խոսելն իսկ ամոթ է: Բայց այդ բոլոր ծածուկ արարքները Քրիստոսի լույսով հայտնվում և հանդիմանվում են, որովհետև լույսը հայտնի է դարձնում ամեն բան» (Եփես. 5:8-15): Այսինքն՝ քրիստոնյան պետք է ճիշտ գնահատի ժամանակը և զգուշավոր լինի, որ «չլինի թե որևէ մեկը դատարկ խոսքերով խաբի իրեն» (Եփես. 5:6), քանի որ օրերը չար են: Առաքյալն առաջարկում է խորհել, թե ինչ են առաջարկում շրջապատող մարդիկ, արդյո՞ք աստվածահաճո են նրանց առաջարկները: Իսկ շրջապատող մարդիկ կարող են առաջարկել՝ մի քիչ ստիր, կեղծավորություն արա, չարին չարով պատասխանիր: Նման խորհուրդ տվողներն իրենց ասածներն արդարացնում են այն «երկաթե» փաստարկով, թե՝ բոլորն էլ այդպես են ապրում: Իսկ երբ քրիստոնյան փորձում է նվանվել բոլորին, անցնում է խավարի կողմը:

Քրիստոնյան չի կարող հանդիմանել բոլոր այն մարդկանց, որոնք թշնամաբար են տրամադրված Ավետարանի հանդեպ: Այդ դեպքում լավ է հետևել աստվածաշնչյան հետևյալ խոսքին. «Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և նա կսիրի քեզ» (Առակ. 9:8): Քրիստոս թույլ չտվեց գնալ փոխզիջման, այլ պահանջեց ապրել Ավետարանի համաձայն, որը մեզ պատմում է Աստծուն և մամոնային միաժամանակ ծառայելու անհնարինության մասին: Ուստի առաքյալն առաջարկում է չխաբվել «բարի կամեցողների» խոսքերից, քանի որ մարդը, դառնալով քրիստոնյա, խավարից դեպի լույս է ընթանում և չի կարող կանգնել ճանապարհի կեսին՝ փորձելով թաքնվել ինչ-որ ստվերային տարածության մեջ՝ բաժանվելով մեղքի և առաքինության, չարի և Երկնավոր Հոր միջև: Բանականությունը մարդուն տրված է, որպեսզի մտածի և գիտակցաբար ընտրություն կատարի, այլ ոչ թե կուրորեն հետևի որևէ մեկին: Որևէ առաջարկի դեպքում քրիստոնյան պետք է մտածի, կշռադատի և ստուգի, թե առաջարկվածը համապատասխանո՞ւմ է աստվածային պատվիրաններին, Ավետարանի ոգուն:

Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորում է նաև մասնակից չլինել խավարի անպտուղ գործերին, և այս հորդորը շատ է տարբերվում ժամանակակից կարգախոսից՝ կյանքում պետք է ամեն ինչից փորձել, կամ, օրինակ, թող վայելի կյանքը, դեռ երիտասարդ է: Մեղքը «փորձելը» նման է նրան, որ մարդն իր ձեռքը մոտեցնի գիշատիչ գազանին, որ բռնելով մարդու ձեռքը՝ մարդու ողջ մարմինն է դեպի իրեն ձգում: Երբ քրիստոնյան Ավետարանի լույսի ներքո քննում է իրեն առաջարկվածը, ապա նրա համար ակնհայտ են դառնում խավարի գործերը: Ուստի նա պետք է չափազանց նրբանկատորեն և սիրով մատնանշի իր հարազատի սխալները ու մի քանի անգամ ասելուց հետո, նրան հանգիստ թողնի և Աստծուն հանձնի:

Տիրոջ սահմանածի համաձայն՝ մարդը կրթվում և դաստիարակվում է բացառապես մարդու միջոցով: Եթե այդպես չլիներ, ապա առաքյալների կարիքը չէր լինի, Ավետարանի քարոզչության կարիքը չէր լինի: Առաքյալները երկար տարիներ քարոզեցին, հալածվեցին, և նրանցից շատերը նահատակվեցին ու արժանացան երկնային պսակների: Երբ քրիստոնյան իր մերձավորին հորդորում է, հնարավոր է, որ ցավ է պատճառում նրան, բայց այն բուժիչ ցավ է, որ օգնում է մոտենալ Երկնային Արքայությանը:

Ամենակարող Արարիչը ոչ թե մեր նյութական զոհաբերությունների, այլ երախտագիտության կարիքն ունի: Իսկ երախտագիտության զգացում ունենալ առ Աստված, նշանակում է՝ միշտ հիշել Նրան, Ով կօգնի հեշտությամբ դիմակայել խավարի գայթակղություններին:

 

 

Կարինե Սուգիկյան

 

22.03.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․