23 Դեկտեմբեր, Բշ
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը Տավուշի թեմի Բերդ քաղաքում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Հայաստանի տարածաշրջանային տարեկան ժողովը` ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աջակցությամբ:
Ժողովին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի, ինչպես նաև Վիրահայոց թեմի երիտասարդական միությունների շուրջ 30 ներկայացուցիչներ:
Մինչ ժողովը երիտասարդները Դիլիջանում մասնակցեցին քաղաքի նոր եկեղեցու հողօրհնեքի արարողությանը, ուր ստացան նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Հայաստանի տարածաշրջանային տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին ՀԵՀԵՄ գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները: ՀԵՀԵՄ տարածաշրջանային ներկայացուցիչները մշակեցին մեկ տարվա գործունեության ծրագրեր ու նախագծեր:
Ժողովականները Բերդի Ս. Հովհաննես եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին, հանդիպում ունեցան Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հետ:
Բերդի քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանի ուղեկցությամբ երիտասարդներն այցելեցին սահմանային զորամաս, ուր զինվորների համար կազմակերպեցին մշակութային միջոցառում:
Ժողովի մասնակիցները եղան նաև սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում` իրենց զորակցությունը հայտնելով դժվարին պայմաններում ապրող ժողովրդին: