13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Շնորհաշա՛տ մայրեր, առաքինի՛ քույրեր և դուստրեր,
Մոտ երեք հազար տարի առաջ Սողոմոն Իմաստուն արքան աստվածապարգև մարգարեությամբ այս սքանչելի տողերով գովերգեց Անաղարտ Կույսին. «Ո՞վ է սա, որ ելնում է ինչպես առավոտ, և գեղեցիկ է, ինչպես լուսին, ընտիր, ինչպես արեգակ՝ զարմանալի հորինված» (Երգ երգոց 6:9): Եվ այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների զանգերն առանձնահատուկ հանդիսավորությամբ և խնդությամբ են ղողանջում՝ ազդարարելով Սուրբ Աստվածածնի Ավետման սրբալույս տոնը, ես սրտի առանձնահատուկ ջերմությամբ հատկապես շնորհավորում եմ մայրության սրբազան խորհուրդն արդեն կրող և աստվածատուր այդ բերկրանքին սպասող կանանց:
Թանկագի՛ն մայրեր, ի Քրիստոս քույրեր, այսօր մեծ շուքով և ցնծությամբ նշում ենք Սուրբ Կույս Մարիամի միջոցով համայն մարդկությանը տրված երկնային ավետիսի տոնը: Կանանց մեջ օրհնյալին Գաբրիել հրեշտակապետն ավետեց Ամենակալի բարձրագույն շնորհի՝ Բարձրյալի Տաճարը լինելու պատվի մասին: Դրախտից վտարվելուց հազարամյակներ անց վերջապես մարդկային ցեղի դուստրերի մեջ Աստված գտավ այն միակ ու անզուգական Ծաղկին, որն արժանի էր Լույսի մայրը լինելուն: Միլիոնավոր աղջիկներ ծնվեցին դարերի ընթացքում, սակայն նրանցից և ոչ ոք չունեցավ այն հոգևոր կատարելությունը, առաքինազարդ հոգու անաղարտությունն ու գեղեցկությունը, որպիսին Փառավորյալ Կույսն ուներ:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խնդացե՛ք և ուրախացե՛ք այսօր, քանզի առաքինության կատարյալ օրինակ ունեք ձեր առջև՝ ի դեմս Սուրբ Տիրամոր: Դուք, որ կոչված եք ձեր ընտանիքների երջանկության կերտողները, ձեր այրերի օգնականները և զավակների գլխավոր դաստիարակները լինելու, հեզության, խոնարհության և իմաստության դասե՛ր առեք Տիրոջ հավատարիմ աղախնու վարքից: Սովորե՛ք այն անձնվեր սիրո, աներեր հավատի և ինքնուրաց նվիրումի ճանապարհից, որ Հրեղեններից անբիծն անցավ՝ հետևելով մարդացյալ Աստծուն՝ մսուրից մինչև Գողգոթա: Սրբուհի Աստվածածինը նախ Աստծու խոնարհ աղախինը եղավ, և միայն այնուհետև՝ մայրը: Ուստի դուք էլ սովորեք և ձեր զավակներին սովորեցրեք, որ լավ զավակ, լավ քաղաքացի ու լավ մարդ լինելուց առաջ նախ պետք է Երկնային Հոր բարի, ակնածալից ու սիրող զավակը լինել:
Սեր, համբերություն, անանց ուրախություն եմ մաղթում ձեզ, սիրելինե՛ր, և աղերսում Երկնային Շքեղաշուք հարսի բարեխոսությունը, որպեսզի Քրիստոսի փրկչական ուղու վրա միախմբվեն ձեր ընտանիքները, ջերմանան աստվածային անմար սիրո լույսով, և դառնան այն զորեղ և առողջ բջիջներից մեկը, որոնցով ամբողջանում է Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի միասնական անպարտ ընտանիքը:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ