13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս Հիսուս քույրեր և եղբայրներ,
Օրացույցի վերջին ամսաթիվը հուշում է մեզ, որ բոլորեցինք ևս մեկ տարի մեր երկրավոր կյանքից, և արդեն նոր տարին դիմավորելու ժամանակն է։
Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ անցնող տարին անհանգիստ, մարտահրավերներով ու փորձություններով լի էր ոչ միայն համայն աշխարհի, այլև մասնավորապես մեր անգին հայրենիքի համար։ Արցախի ճակատագիրը դեռ անհայտ է, մեր սահմաններն՝ անհանգիստ։ Դեռևս ամոքված չէ 44-օրյա նենգ պատերազմի պատճառած ցավը, դեռ թարմ են վերքերը, թաց՝ մայրական աչքերը, դեռ գերության մեջ են մեր զավակներն ու բռնազավթված՝ մեր հայրենի հողերը։ Ազգային առումով, ցավոք, միայն կորուստներ են, ուստի դժվար թե որևէ մեկը կարողանա պարծենալ իր անձնական ձեռքբերումներով, քանի որ ընդհանուր պատկերը կազմվում է անհատականներով, և աչքը դժվար թե ուրախանա իր լավ տեսողությամբ, երբ ձեռքի կամ ոտքի փոխարեն դատարկություն է տեսնում․․․
Կյանքը կրկին ու կրկին հիշեցնում է մեզ, որ իրականում այս ժամանակավոր աշխարհում բոլորս էլ ձեռնունայն օտարական ենք, որ սեփական ոչինչ չունենք և մերն է միայն այն, ինչ հասցրել ենք կուտակել Երկնքում։ Ուստի մաղթում եմ ձեզ, սիրելինե՛ր, որպեսզի գալիք տարում անչափ հարստանաք երկնային, անանց հարստությամբ ու ճշմարիտ արժեքներով։ Որպեսզի ձեր ապաշխարող հոգին երանության նոր ու ճերմակ պատմուճանով հանդերձավորվի և պատվով կրի իր որդիական մատանին։ Որպեսզի ձեր հոգու շտեմարանները բերնեբերան լցվեն աստվածային գանձերով՝ սիրով, հավատով, արիությամբ, ճշմարտասիրությամբ, ողորմածությամբ ու բարությամբ, որոնք կծառայեն Արարչի փառքին և մերձավորի սիրուն։ Որպեսզի Քրիստոս լինի ձեր կյանքի գլխավոր իմաստը, միակ ուղեցույցը, և Նրա հետ կյանքը դառնա ձեր գլխավոր նպատակը։
Մարդու հանդեպ Աստծու սերը Նրան խաչը բարձրացրեց․ Հայրն այդքան սիրեց ու գնահատեց Իր տկար ու մեղավոր զավակին։ Արդ ձգտենք արժանի լինել այդ անգին զոհին, այդ անեզր սիրուն՝ մեզ նմանի հանդեպ դրսևորած բարությամբ, խոնարհությամբ ու ողորմածությամբ ապացուցելով մեր որդիությունը։ Եվ ինչպես Գևորգ կաթողիկոս Չորեքչյանն է ասել․ «Երբ մեր նշանաբանը լինի մաքառող, վեհանձն ու միշտ աշխատող և տքնող Հիսուս՝ հավատում եմ, որ մեր արևի շողը կպատռի մեր ճամփի մշուշը, և մենք կտեսնենք վերևում՝ կապուտակ երկինք, մեր առաջ՝ կանաչ դաշտ․ մեր հոգին կհրճվի, մեր քայլերը արագ ու հաստատ կընթանան և կառաջնորդեն մեզ մեր տենչերի նավահանգիստը․ ամեն»։
Շնորհավոր Ամանոր
Աղոթքով և օրհնությամբ՝ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ