25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Մեծ Պահքի կիրակիների մարգարտաշարի չորրորդ կիրակի օրն է այսօր, որ Տնտեսի Կիրակի է անվանվում: Այսօր հիշում ենք Տիրոջ պատմած առակներից անչափ հետաքրքիր ու բնականաբար խորիմաստ մի պատմություն, որն այժմ միասին կփորձենք հասկանալ: Այսպիսով, Ղուկասի ավետարանի տասնվեցերորդ գլխում կարդում ենք. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»։ Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ Եվ սա ասում է՝ «Հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»։ Ապա դարձյալ մյուսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասաց՝ «Հինգ հարյուր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. 16:1-8):
Սակայն, մինչ առակի բուն վերլուծությանն անցնելն, ուզում եմ Եկեղեցու Սուրբ Հայրերից մեկի խոսքերը մեջբերել՝ ավետարանական առակների վերլուծության վերաբերյալ, որը շատ կօգնի մեզ. «Նախ և առաջ թող այն միտքը հաստատվի ձեր մեջ, որ առակների ոչ բոլոր տողերի մեջ է պետք իմաստ փնտրել, այլ անհրաժեշտ է միայն առակի գլխավոր իմաստին հետևել, որն էլ համարյա միշտ հենց ինքը՝ Տերն է մատնանշում: Օրինակ՝ գողի աննկատ տուն մտնելու մասին առակում Տերն իրեն գող է անվանում, բայց միայն այն առումով, որ Ինքն էլ անսպասելի ու աննկատ է գալու: Իսկ գողին առանձնահատուկ մյուս բոլոր գծերը չպետք է հաշվի առնվեն»:
Սիրելինե՛ր, որպեսզի լիովին հասկանալի լինի, թե մեր Տերն ինչ էր կամենում սովորեցնել մեզ այս անչափ հետաքրքիր առակի միջոցով, պետք է, որ մի պատմական ակնարկ անենք այն ժամանակներին, երբ պատմվեց այս առակը: Այսպիսով, ավելի քան քսան երկար ու ձիգ դարեր ետ գնալով, տեսնում ենք, որ ի տարբերություն մեզ, Քրիստոսի աշակերտներին այս առակը չզարմացրեց ամենևին, այլ լիովին հասկանալի եղավ, քանի որ Իմաստության Աղբյուրն Իր ասելիքը հասցրեց այն ժամանակների համար պարզ, առօրյա կյանքից վերցված մի օրինակի միջոցով: Այն օրերի Իսրայելում, երբ հասարակ հրեա ժողովրդը կքել էր հռոմեական կայսրության կողմից գանձվող տուրքերի ու տաճարին նվիրաբերվող տասանորդի բեռի ծանրության տակ՝ մեծահարուստներն ավելի էին հարստացել, անծայրածիր դաշտեր ու այգիներ ունեին, տարբեր երկրների հետ առևտրական գործարքների մեջ էին մտնում, զբաղվում էին արդյունաբերությամբ, մեծ առևտրական պահեստներ, գործակալություններ ու գրասենյակներ ունեին: Եվ բնականաբար, ի զորու չէին միայնակ կառավարել այս ողջ ունեցվածքն, ուստի բոլոր մեծահարուստներն էլ տնտեսներ էին վարձում՝ իրենց ունեցվածքը հմտորեն կառավարելու և շահույթ ապահովելու համար: Այս տնտեսները միայն ընդհանուր հրահանգներ էին ստանում իրենց տերերից՝ ապրանքների գների, դաշտերի ու այգիների վարձավճարների վերաբերյալ, իսկ գործարքներն ու պայմանագրերն արդեն անձամբ իրենք էին կնքում և վարձակալների հետ անմիջական շփման մեջ մտնում: Ուստի, շատ հաճախ, չբավարարվելով իրենց նշանակված աշխատավարձով, պայմանագրերի կամ պարտամուրհակների մեջ տիրոջ նշած գումարին ավելացնում էին որոշակի տոկոս, որն իրենց էին վերցնում, երբ գալիս էր վարձավճարները կամ պարտքերը հավաքելու ժամանակը: Հիսուս Քրիստոսի պատմած առակի տնտեսն էլ էր այս կերպ վարվում, ուստի, երբ տերը որոշեց հեռացնել նրան աշխատանքից և հաշվետվություն պահանջեց նրանից, տնտեսը, մտահոգվելով իր ապագայի մասին, հերթով կանչեց բոլոր պարտատերերին և նվազեցրեց նրանց պարտքերը՝ այսպիսով շահելով այդ մարդկանց բարյացկամությունն իր հանդեպ, իսկ տերն էլ հանդիմանելու փոխարեն՝ գովեց նրան:
Առաջին հայացքից անհավանական է թվում այս պատմությունը, այն էլ Արդար Դատավորի շուրթերից հնչած, սակայն մի փոքր ավելի խորը վերլուծության դեպքում, համաձայնում ենք, որ այս ճարպիկ տնտեսն, իր հնարամտության ու իմաստության համար, իսկապես արժանի էր գովեստի: Գործազրկության շեմին հայտնված այս մարդը, երբ որոշվում էր իր ապագան, հայտնվել էր ընտրության առջև: Տերն իրենից հաշիվ էր պահանջում իր արարքների համար և այս ծառան պետք է խելամիտ վարվեր՝ չտուժելու համար: Նա, առանց ժամանակ կորցնելու, սթափ մտքով, ճիշտ գնահատեց այն իրավիճակը, որում հայտնվել էր, ծանրութեթև արեց իր սխալն ուղղելու բոլոր հնարավոր տարբերակներն ու ելքը գտավ: Նա շատ հնարամիտ գտնվեց՝ փոփոխելով այդ փաստաթղթերը, նշված գումարից հանելով միայն այն մասը, որն ինքն էր անազնվությամբ ավելացրել: Սա այն միակ արդար ու ճշմարիտ լուծումն էր, որ կարող էր տրվել այս պարագայում, քանի որ այս կերպ նա չէր վնասում իր տիրոջը, քավում էր իր մեղքը պարտապանների առջև և ապահովում էր իր հետագա գոյությունը: Եվ հենց այս պատճառով էլ տերը գովեց իր ծառայի հնարամտությունը:
Արդ, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ Տերն այս սքանչելի առակները տվեց, ոչ թե որպես միայն հետաքրքիր պատմություններ կարդալու և առաջ անցնելու, այլ դրանցից մեծամեծ օգուտներ քաղելու համար, ուստի հարց պիտի տանք ինքներս մեզ, թե ի՞նչ դաս ենք քաղում այս հրաշալի առակից այսօր: Վստահ եմ, ամենքս էլ քաջ գիտակցում ենք, որ սեփական ոչինչ չունենք այս անցողիկ աշխարհում, և ամենքս էլ ժամանակավոր տնտեսներ ենք միայն կարգված՝ մեզ վստահված բարիքները խելամտորեն կառավարելու և ժամանակի լրման պահին դրանց համար հաշվետվություն ներկայացնելու Տիրոջը: Գիտակցելը՝ գիտակցում ենք, սիրելինե՛ր, սակայն շարունակում ենք մեղքի մեջ այնպես ապրել, ինչպեսև ապրում էինք: Ստուգապես գիտենք, որ Տերը հաշիվ է պահանջելու մեզանից և արդյունքում զրկվելու ենք Աստծո Երանելի Արքայությունից, սակայն ոչինչ չենք անում իրադրությունը շտկելու համար: Այս առակի տնտեսն արդարացում չփնտրեց իր արարքների համար, այլ միանգամից գործողության անցավ՝ իր հանցանքն ուղղելու համար: Իսկ ի՞նչ ենք անում մենք, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ: Մենք պատրաստ ենք ամենաանհավանական ու անհեթեթ արդարացումների մի մեծ ցանկ կազմել՝ փորձելով արդարացնել մեզ մեր մեղքերից, կամ նվազեցնել դրանց ծանրությունը, սակայն գոնե խելամտություն չունենք, էլ չեմ խոսում խոնարհության մասին, որպեսզի զուր ժամանակ կորցնելու փոխարեն՝ ընդունենք մեր գործած սխալներն ու շտապենք ուղղել դրանք:
Սիրելինե՛ր, Մեծ Պահոց այս շրջանը մի հրաշալի հնարավորություն է կորստաբեր մեղավոր վիճակին չհամակերպվելու ու վճռական գործողությունների անցնելու համար: Երբ առակի անիրավ տնտեսը դժվարին իրավիճակում հայտնվեց, ապա հավանական է, որ անդրադարձ կատարեց իր անցյալին ու հիշեց, թե ինչպես է նեղացրել խեղճ վարձակալներին՝ ճնշելով ու ավելորդ գումարներ կորզելով վարձավճարներից: Եվ հավանաբար ցանկություն առաջացավ ոչ միայն իր տիրոջ առջև իր մեղքերը քավելու, այլև՝ այդ խեղճ մարդկանց: Ուստի մեզ համար էլ սա այն հրաշալի առիթն է մեր հոգիները քննելու ու տեսնելու, թե քանի-քանի հոգիների ենք նեղացրել ու նրանց «պարտամուրհակներում» ավելորդ գումար գրել: Սա այն ճիշտ ժամանակն է, երբ մենք էլ պետք է ազնիվ ու խելամիտ վարվենք ու ներողություն խնդրենք այն մարդկանցից, ում երբևէ նեղացրել ենք: Հնարավորինս փորձենք թեթևացնել մեր նմանների հոգսերը՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով: «Ի՞նչ անել» ահա այս հարցն է, որ պետք է զբաղեցնի մեր մտքերն ու համապատասխան քայլերի դրդի:
Իրադրությունը պարզ է, սիրելինե՛ր: Իսկ այն տեսնելու համար նախ ազնվություն է անհրաժեշտ ու առողջ մտածելակերպ: Այնուհետև խոնարհություն՝ սեփական մեղքերն ընդունելու համար: Համարձակություն՝ դրանցից հրաժարվելու և աստվածային ճշմարտության աչքերին նայելու համար: Անկեղծ սեր, լիարժեք հավատ ու վստահություն՝ առ Աստված ու մերձավոր՝ ներում հայցելու ու այդ ներմանն արժանանալու համար: Մաղթում եմ ամենքիս, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի ճարպիկ ու խորագետ լինենք տերունական այս իմաստուն առակի տնտեսի պես, որպեսզի առանց վայրկյան իսկ տատանվելու՝ հոգանք այն սքանչելի ապագայի մասին, որ Ամենակալ Արքան է մեզ խոստացել: Եվ Ամենախնամ Տիրոջ սիրող Աջն էլ թող հովանի լինի մեզ, պահպանի ու սատարի դժվարությունների մեջ, որպեսզի մեր հաշվետվություն ներկայացնելու ժամին արժանի լինենք կանգնել Ամենասուրբ Երրորդության առջև, գովել ու օրհնել Նրան՝ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան