13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եվ ահա այս աղոթքն եմ անում. թող ձեր սերը ավելի և ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ (Փիլիպ․ 1։9)
Սիրելի՛ հավատացյալներ,
Ահա այսպես է աղոթում բանտարկության մեջ գտնվող սուրբ Պողոս առաքյալը Փիլիպե քաղաքի և իհարկե բոլոր քրիստոնյաներիս համար, և ոմանք, հավանաբար, կտարակուսեն՝ մտածելով, թե սերն ինչպես պիտի աճի գիտության և իմաստության մեջ, որովհետև այս երկուսը ուղեղի, մտքի գործառույթն են, և շատերը հակված են այն մտքին, որ գլուխը գործ չունի սիրո հարցերում և միայն սիրտն է պատասխանատու դրա համար։ Իսկ առաքյալն այս երկուսը անմիջականորեն կապում է իրար։ Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ մեր պատկերացումները սիրո մասին սխա՞լ են և միգուցե հենց դա՛ է պատճառը, որ չենք կարողանում կամ այդքան դժվարանում ենք սիրել․․․
«Իսկ արդյո՞ք երբևէ սիրել եմ»,- այս հարցը դարեր շարունակ ծագել է ոչ միայն նուրբ հոգու տեր պոետների ու երաժիշտների գլխում, այլև մեզ պես սովորական մարդկանց մտքում, քանի որ շատ թե քիչ գիտակցում ենք, որ սիրելը կենսական անհրաժեշտություն է օդ ու ջրի պես, բայց և տեսնում ենք, որ մեր պատկերացրած սերը կարող է հեշտությամբ, մի ակնթարթում հօդս ցնդել այնպես, ասես չի էլ եղել։ Այստեղից սկսում ենք ենթադրել, որ միգուցե դեռ չենք էլ հասկացել, թե ինչ ասել է ճշմարիտ սեր։ Ներքին մի ձայն հուշում է մեզ, որ այն իսկականը, աստվածայինը ոչ մի աղերս չունի վարդագույն երանգներով պարուրված քաղցրումեղցր մակերեսային ռոմանտիզմի կամ բիրտ ու պրիմիտիվ կրքի հետ, որը սովոր ենք ընկալել որպես սեր։
Հովհաննես առաքյալը սովորեցնում է, որ Աստված Սեր է, և հենց այդ պատկերն է, որ Նա դրեց մարդու մեջ, որպեսզի վերջինս էլ կարողանա սիրել։ Աստծու այդ Սերն է, որ Նրան մղեց արարելու, ներելու Իրեն դավաճանած զավակին, նրան փրկելու համար մարդկային կերպարանք առնելու, նրան դեմ հանդիման խրատելու և կործանարար ճանապարհից ետ դարձնելու, աներևակայելի անարգանքին համբերելու և ի վերջո՝ խաչը բարձրանալու, որպեսզի փրկվի նա, ում Ինքը սիրեց։ Ինչպես տեսաք, սիրելինե՛ր, այս ողջ նկարագրության մեջ վարդագույնի և ոչ մի երանգ չկար։ Չկար սիրո անվան տակ քողարկված ամենաթողության կործանարար պատկեր։ Չկար սեթևեթանք ու չկային սրտաճմլիկ հառաչանքներ, երազկոտ ցնորքներ ու անպտուղ բառակույտեր։ Այլ միայն նվիրում և հստակ գործողություններ՝ ինքնազոհության աստիճանի՝ համաձայն եկեղեցու հայրերի այն խոսքի, թե՝ սերը չափվում է զոհողությամբ։ Ինչի՞ ես պատրաստ հանուն սիրելի մեկի ու սիրելի Քրիստոսի։ Արդյո՞ք խոսքերդ դառնում են գործեր և դրանք այն գործերն են, որ երբեք չեն հակասում խոսքերիդ, այլ ամրապնդում են դրանք և հաստատում։ Որովհետև չես կարող ասել՝ սիրում եմ և Աստծու տուն չգնալ կամ այցելության չգնալ, երբ սիրո առարկադ վատառողջ է, քո ներկայության կարիքն ունի կամ նեղության մեջ է։ Կամ ասել՝ սիրում եմ, սակայն պատշաճ ժամանակ չհատկացնել Քրիստոսին հաճելի գործերին և սիրելիիդ։ Ասել՝ սիրում եմ, բայց անտեսել Աստծու և սիրելի մեկի կարծիքն ու կամքը։ Ասել՝ սիրում եմ, բայց պատրաստ չլինել զոհելու սեփական ես-ը, ժամանակը, ուժերն ու կարողությունները հանուն սիրելիի։ Ասել՝ սիրում եմ, բայց չաշխատել այդ սերը պահպանելու, զորացնելու և աճեցնելու ուղղությամբ և այլն։ Եվ այս ամենը, սիրելինե՛ր, հավասարապես վերաբերում են և՛ մարդուն, և՛ Աստծուն սիրելուն, քանի որ ինչպես սուրբ Հովհաննես առաքյալն է ասում․ «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ․ 4։20, 21)։
Սերը հրաշալի է և սերն Աստծու մեծագույն պարգևն է մեզ, սիրելի՛ հավատացյալներ, ինչպես որ Պողոս առաքյալն էլ է փաստում․ «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ․ 13։13)։ Մենք սիրով ենք արարվել և կոչված ենք սիրելու։ Նախամարդու անհնազանդության պատճառով կտրվեց կենսատու կապն Արարչի հետ և մինչ օրս մեզանից յուրաքանչյուրը հենց այդ կապն է, այդ սերն է փնտրում ենթագիտակցորեն և հենց դրա պակասն է, որ այնքան թերի, այնքան կիսատ է դարձնում մեր կյանքն ու գոյությունը։ Այսինքն՝ երբ մենք ձգտում ենք, ուզում ենք սիրված լինել, այդկերպ փորձում ենք վերադառնալ մեր ակունքներին, վերականգնել այն նախնական կատարյալ վիճակը, որով արարվեցինք և որում գտնվում էինք նախքան առաջին մեղքը։ Յուրաքանչյուր մարդ, որքան էլ որ խստասիրտ լինի, ինքն իրեն գոնե կխոստովանի, որ սիրելու և սիրվելու կարիք ունի։ Իսկ զուտ մարդկայինից զատ, մենք՝ որպես քրիստոնյաներ, նաև պատվիրան ունենք սիրելու՝ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ. 13:34) և ինչպես Եկեղեցու հայրերից՝ հայր Անտոնն է ասում․ «Քո մերձավորից է կյանքը և մահը․ եթե շահենք մեր եղբորը, Աստծուն ենք շահում, իսկ եթե գայթակղենք մեր եղբորը, Աստծու դեմ ենք մեղանչում»։ Ուրեմն շատ ու շատ կարևոր է մտածել այս ամենի մասին և հասկանալ, թե ինչ է հարկավոր անել սիրել սովորելու համար։
Ինչպես ասացինք՝ մենք միմյանց սիրելու պատվիրան ունենք և բնականաբար, դա ոչ մի կերպ չի կարող ֆիլմերում ներկայացված ռոմանտիզմը լինել։ Ես ոչ մի կերպ չեմ կարող ռոմանտիկ զգացմունքներ տածել ձեր հանդեպ, բայց Քրիստոսի սիրով սիրել պարտավոր եմ։ Ուրեմն, ո՞րն է այդ սերը և ինչպե՞ս այն ձեռք բերել։
Ճշմարիտ սերը Աստվածային շնորհ է, անգին պարգև ու երկնային գանձ, ապրեցնող շարժիչ ուժ, որը ստանալու համար պետք է մշտապես ճգնել և խնդրել Բարերար Աստծուն։ Եվ ինչպես մեղքը կամ բարիքն է նախ ծնվում մտքում և ապա կյանքի կոչվում, այդպես էլ սերը պետք է նախ մեր մտքում լինի, որպեսզի կարողա այնուհետ արտահայտվել ու ձև ստանալ կյանքում։ Այսինքն՝ ինչպես մարդասպանն է իր զոհին նախ մտքում սպանում՝ նրա սպանությունը պլանավորելով, բոլոր մանրուքները հաշվի առնելով և ապա միայն իրագործում, այդպես էլ մյուս բոլոր գործողությունների պարագայում է։ Մենք նախ պետք է մարդուն մտովի սիրենք, որպեսզի կարողանանք գործով էլ ցույց տալ դա։ Պիտի սովորենք լավը, դրականը, բարին մտածել մարդու մասին։ Պիտի սովորենք գիտակցել, որ դիմացինն էլ ճիշտ նույնպիսի մեղավոր մեկն է, ինչպիսին, որ մենք ենք և ներողամտություն ցուցաբերել նրա հանդեպ։ Պետք է հասկանանք, որ նա էլ տառապում է իր կրքերի ախտահարումից, միգուցե դեռ չի գիտակցում, որ տառապանքի պատճառը կրքերն ու մեղքերն են, բայց որոշակիորեն տանջվում է, ուստի չպետք է զայրանանք, այլ սովորենք համբերել։ Եվ ինչպես մի հիվանդն է իր պես մյուսին կարեկցում, խղճահարությամբ լցվում նրա հանդեպ և ուժերի ներածին չափով աշխատում օգնել, այնպես էլ այս պարագայում մենք ոչ թե պիտի դատենք մեր նմանին՝ նրա ախտը տեսնելով, կամ բարկանանք նրա վրա, ատելությամբ լցվենք, այլ մեր սերը կարտահայտենք, եթե կարողանանք մարդուն տարանջատել իր ախտերից և փորձել օգնել նրան և՛ մեր աղոթքներով, և՛ մեղմ խրատով, և՛ հնարավոր առարկայական օգնությամբ, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս էլ սիրով բժշկում էր և պատվիրում այլևս մեղք չգործել։
Մենք պիտի աշխատենք ճանաչել մարդկանց, ճանաչել Աստվածային կողմից, որպեսզի կարողանանք սիրել նրանց։ Պիտի փորձենք կուտակված մեղքերի ու կրքերի տակ տեսնել Աստվածային այն լուսավոր պատկերը, գտնել դրա մնացորդները, այն իրականը, չաղճատված այն մասը, որը դեռևս կրում է Սեր Աստծու պատկերը։ Որովհետև, ինչպես մեր ժամանակակիցներից մեկն է ասում՝ ինչպե՞ս կամ ինչի՞ համար սիրել այդ փուչ, եսասեր, բարդ ու տառապյալ արարածին, եթե նրան նայես բժշկական մանրադիտակի տակ։ Սիրելու մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե մարդուն նայելով՝ տեսնես միայն նրա աղիքները, մազերը կամ արյունատար անոթները։ Ուրեմն պետք է թեկուզ մի փոքր նրան նայել Աստծու աչքերով և տեսնել մարդու մեջ թաքնված հավիտենական արժանիքը։ Այլ կերպ անհնար է։
Եվ վերջապես մենք պետք է սովորենք պահպանել և աճեցնել սերն այնպես, ինչպես արշավի գնացած մարդիկ են ողջ գիշեր հսկում, փայտ ու ճյուղ ավելացնում, որպեսզի խարույկը չմարի ու պաշտպանի իրենց և՛ ցրտից, և՛ վայրի գազանների հարձակումից։ Այնպես, ինչպես մատղաշ տնկին են խնամում, ջրում, միջատներից պաշտպանում, որպեսզի առողջ ծառ դառնալով՝ և՛ ամառվա տապից պաշտպանի, և՛ առատ պտղաբերի։ Ուրեմն պետք է ուշադիր և հետևողական լինել և՛ մարդուն, և՛ Աստծուն սիրելու հարցում։ Յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է ձգտի օգտակար լինել դիմացինին, չվնասել, չվիրավորել նրան, չփոխադարձել չարությամբ, այլ ինչ էլ որ անելիս լինի, մտածի այլոց օգուտ բերելու և օգնելու մասին։ Բարեխղճորեն և պատրաստակամությամբ կատարի իր պարտականություններն այնպես, ինչպես կուզենար, որ իր համար անեին։ Եվ խոսքս ուզում եմ ավարտել սուրբ հայրերի վարքից մի պատմությամբ, որն աննշան մի բան է թվում առաջին հայացքից, բայց կրկնել փորձելու դեպքում վստահեցնում եմ, որ անգամ սիրո այդ այդ փոքրիկ գործը անչափ դժվար է լինելու շատերի համար։ Այսպիսով, վաղ Եկեղեցու հայրերից՝ հայր Թեոդորոսը պատմում է․ «Մինչ երիտասարդ էի և բնակվում էի անապատում, գնացի հացատուն, որ ինձ համար հաց թխեմ և այնտեղ գտա մի եղբոր, որ իր համար հաց էր թխում և իրեն օգնող մեկը չուներ: Իսկ ես իմը թողեցի և օգնեցի եղբորը, և երբ ավարտեցի, եկավ մեկ այլ եղբայր, նրան ևս օգնեցի և թխեցի նրա հացը, և դարձյալ եկավ երրորդը, նույնը արեցի և նրա համար: Յուրաքանչյուրին օգնում էի, ով գալիս էր, և թխեցի վաթսուն փուռ, վերջում թխեցի իմ երկու փուռը և գնացի»:
Մտածեք այս մասին, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, և թող Քրիստոս Աստծու սերը, շնորհն ու խաղաղությունը ձեզ և ամենքի հետ լինեն․ ամեն։
Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան