23 Նոյեմբեր, Շբ
Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ռուսական գյուղերից մեկում մայրը որդուն ռազմաճակատ էր ճանապարհում: Որդին եկեղեցական կյանքից հեռու էր և վզին խաչ չէր կրում: Մայրը, նրան օրհնելով, վզից մի խաչ կախեց և խնդրեց ոչ մի դեպքում չհանել այն: Երիտասարդը հետևեց մոր հորդորին և ողջ ընթացքում մարտնչեց խաչը վզին: Այնպես պատահեց, որ նա իր ընկերների հետ շրջապատման մեջ ընկավ, այնուհետև գերեվարվեց գերմանացիների կողմից:
Բոլոր գերիներին երկար շարքով կանգնեցրին և սպան իր զինվորների խմբով անցավ դրա երկայնքով: Սպան ուշադիր նայում էր գերիների դեմքերին, երբեմն կանգ էր առնում, մատով կրծքին բոթում ու ասում.
- Հրեա՛:
Մատնացույց արված գերուն հանում էին շարքից և մի կողմ տանում: Գնդակահարության համար ընտրված խումբը գնալով մեծանում էր:
Երիտասարդը, ում մայրը խաչ էր գցել նրա վիզը, ծնվել էր ռուսների ընտանիքում, բայց թուխ գանգրահեր էր և դիմագծերով էլ հրեայի էր նման: Նա նայում էր մոտեցող սպային ու ավելի հստակ լսում.
- Հրեա՛… հրեա՛…
Երբ հերթը նրան հասավ, սպան մատով բոթեց նրան ու ասաց.
- Հրեա՛,- և արդեն առաջ էր շարժվում, երբ ի երջանկություն երիտասարդի՝ նրա հայացքն ընկավ օձիքի տակից երևացող խաչին: Սպան մի պահ կանգ առավ և հրամայեց.
- Թողնե՛լ,- ու առաջ անցավ:
Գերին դողացող ձեռքով սրբեց ճակատի քրտինքն ու հիշեց մոր մասին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի