Տոն Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության

Ադամի՝ դրախտից ելնելու 5100-րդ տարում, հռոմեացիների Օգոստոս կայսեր թագավորության 42-րդ, հայերի և ասորիների  Աբգար թագավորի 1-ին և հրեաների Հերովդեսի թագավորության 38-րդ տարում մեր Օծյալ Տերը՝ Հիսուս Քրիստոս, ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, պատվեց խանձարուրով ու դրվեց կենդանիների մսուրում: Եվ ահա մոգերը, ութ ամիս ճանապարհորդելով, Արևելքից եկան հասան Երուսաղեմ: Ովքե՞ր էին, սակայն, նրանք, և կամ ո՞ր ազգից: Ոմանք ասում են, թե նրանք Աբրահամի որդիներից էին՝ քետացիների ազգից: Ուրիշներն էլ ասում են, թե նրանք, համաձայն սաղմոսի վկայության, Արաբիայի և Սաբայի թագավորներ էին։ Այս երկու ասածներն էլ ճշմարիտ են, քանի որ պարսից Մելքոն թագավորը Աբրահամի քետական սերնդից էր, իսկ ահա հնդիկների Գասպար թագավորը նույն ինքը Սաբայի արքան է, Բաղդասարն էլ՝ արաբների թագավորը:

Այս երեք թագավորները տասներկու հազարանոց զորքով և տասներկու հազարապետներով եկան՝ երկրպագելու նորածին Թագավորին: Սրանք են հազարապետների անունները. Բախուրիդա, Դադմուշա, Բարդիմշա, Շահաբանա, Խորինա, Դդմիշա, Դիշբուխա, Խամառա, Շավուրշա, Աքշիրա, Շահուրա և Շամիրամ: Սրանք այն տասներկու հազարապետներն էին, որոնք, աստղի առաջնորդությամբ, թագավորների հետ եկան հասան Երուսաղեմ՝ նորածին Մանկանը երկրպագելու: Իսկ երբ աստղը, որն առաջնորդում էր նրանց, ծածկվեց նրանց տեսությունից և չէին իմանում, թե ուր գնան, իջան ու բանակատեղի դրեցին Երուսաղեմի մերձակայքում։ Ե՛վ Հերովդես արքան, և՛ ողջ Երուսաղեմ քաղաքը սաստիկ վախեցան նրանցից: Հերովդեսն ընտրեց իմաստուն և հանճարեղ մարդկանց ու ասաց նրանց. «Գնացե՛ք ու նրանցից իմացե՛ք, թե որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում»: Եվ նրանք գնալով՝ հարցրին ու այս պատասխանը լսեցին, թե՝ «մենք եկել ենք հեռավոր երկրներից՝ Հնդկաստանից, Պարսկաստանից, Արաբիայից»: Եվ դպիրները  ասացին նրանց. «Ասացե՛ք մեզ ճշմարտությունը․ արդեն երեք օր է, ինչ դուք իջևանել եք այստեղ, սակայն մեզ մոտ մուտք ու ելք չեք արել. ի՞նչ եք փնտրում և ինչի՞ համար եք եկել այստեղ»: Մոգերը պատասխանում են նրանց. «Իսկ ձեզ ի՞նչ փույթ, որ այդչափ կամենում եք իմանալ մեր ճանապարհը: Դպիրներն ասում են. «Դուք ընտիր և փառավոր ազգ եք երևում՝ պատվավոր ու մեծամեծ թագավորներ, որ մինչև այստեղ՝ մեզ մոտ, սիրով ու խաղաղությամբ եք եկել, և այս քաղաքում նստող թագավորն էլ կամենում է ձեզ տեսնել, քանի որ ձեզնից խնկի անուշահոտություն է բուրում ու լցնում քիմքն այս քաղաքի ամեն մի բնակչի: Գուցե մեծապատիվ վաճառականնե՞ր եք և կամենում եք որևէ տեղ առևտո՞ւր անել»: Մոգերն, ի պատասխան, ասում են նրանց. «Ո՛չ, այդպես չէ, մենք միայն ճանապարհն ենք փնտրում»: Եվ երբ դպիրները հարցնում են՝ «ո՞ր ճանապարհը», մոգերը պատասխանում են․ «Ա՛յն ճանապարհը, որով Տերը մեզ մինչև այստեղ առաջնորդեց աստղով, որը գնում էր մեր առջևից: Արդեն ութ ամիս է, ինչ մենք ճանապարհորդում ենք աստղի առաջնորդությամբ, սակայն երբ հասանք այստեղ, աստղը ծածկվեց մեզնից ու հիմա չգիտենք, թե ուր գնանք, մինչև որ դարձյալ Տերը ի բարին ուղղի մեր ընթացքը:

Դպիրները ելան-վերադարձան Երուսաղեմ քաղաքն ու պատմեցին Հերովդեսին հետևյալը. «Արքա՛, խստակող են նրանք և անդրդվելի․ մենք բազում անգամներ սիրով ու աղաչանքներով հարցրինք նրանց, սակայն նրանք ամենևին չհայտնեցին մեզ իրենց մտադրությունը»: Այնժամ Հերովդես արքան լցվեց բարկությամբ ու սաստիկ սպառնալիքներով հրամայեց նրանց իր մոտ կանչել: Քաղաքի իշխաններն ու այլ մեծամեծներն ասացին նրան. «Ո՛վ արքա, մի՛ արա այդ բանը, քանի որ նրանք հեռավոր երկրից ու բազում գավառներից սիրով եկել-հասել են այստեղ, ուստի դու որևէ վատ բան մի՛ արա նրանց, այլ, ինչպես որ վայել է և օրինավոր՝ թագավորներին, սիրով և պատվո՛վ քեզ մոտ կանչիր նրանց։ Իսկ եթե հետո նրանց կողմից որևէ վտանգ զգաս, այդժամ թող որ քո կամքով լինի»: Երբ Հերովդես արքան իր մեծամեծներից լսեց այս խոսքերը, նրա սրտմտությունը դույզն-ինչ մարեց ու նա հրամայեց սիրով կանչել մոգերին:

Եվ երբ նրանք եկան արքայի մոտ, խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Հերովդեսն էլ վեր ելավ, գրկախառնվեց նրանց հետ, ողջագուրվեցին մեկմեկու և նստեցին: Արքան ասաց. «Ո՛վ մեծամեծ ու պատվական այրեր, ասացե՛ք ինձ, ի՞նչ բանի համար եք դուք հեռավոր երկրներից եկել-հասել այստեղ»: Եվ մոգերն ասացին նրան. «Մենք, որ պատկանում ենք մոգերի դասի, Պարսկաստանից ենք եկել այստեղ։ Աստծո հրամանով ու առաջնորդությամբ  մենք մինչև այստեղ եկանք, սակայն աստղի լույսը, որն առաջնորդում էր մեզ, ծածկվեց մեր աչքերի տեսությունից և մենք մոլորվեցինք այն ճանապարհից, որով գնում էինք»: Հերովդեսը հարցրեց նրանց. «Ի՞նչ մտադրություն ունեք, որի համար այդքան զորքով ու ունեցվածքով երկրից երկիր եք շրջում»: Մոգերը պատասխանեցին արքային. «Մենք այս պատճառով եկանք, ու քեզ էլ կամենում ենք հարցնել՝ գիտե՞ս արդյոք այն, ինչ մենք լսել ենք մեր երկրում, թե՝ Հրեաստան աշխարհում թագավորի որդի է ծնվել: Ուստի և մենք եկանք՝ տեսնելու ու երկրպագելու նրան»:

Հերովդեսը, երբ լսում է այդ ամենը, սաստիկ խռովվում է և ասում. «Ումի՞ց եք լսել այն, ինչը որ ասացիք, և կամ ո՞վ պատմեց ձեզ այդ մասին»: Եվ մոգերն ասում են նրան. «Մի՞թե դուք չեք հավատում մեր վկայության խոսքերին, որոնք ստուգապես լսեցինք և իմացանք»: Հերովդեսը վերստին հարցնում է նրանց. «Եվ որտեղի՞ց դուք ունեք այդ ստույգ վկայությունը»: Մոգերը պատասխանում են նրան. «Մենք մեր նախահայրերից ունենք գրով կնքված ու պահպանված այս վկայությունը: Մեր հայրերը բազում ժամանակներ՝ ազգեազգ, որդիներից որդիներ սպասման մեջ էին, մինչև որ այդ բաները, հասնելով մեզ, կատարվեցին: Եվ ապա Աստծո հրամանով եկանք-հասանք այն տեղը, որը մեզ Ինքը՝ Տերը, ցույց տվեց»: Հերովդեսն ասում է նրանց. «Ցո՛ւյց տվեք ինձ, որպեսզի տեսնեմ այն նշանը, որն ունեք»։ Մոգերը պատասխանում են. «Մեզ համար, որ խոստացել ենք հանուն Նրա կատարել մեր ուխտը, անհնար է այդ նշանը բացել և ցույց տալ որևէ մեկի»։ Հերովդեսն ասում է. «Մի՛ ծածկեք ինձնից ձեր խորհուրդները, քանի որ ձեր խոսքերից չեմ հասկանում, թե ինչ եք ասում»: Մոգերը պատասխանում են նրան. «Այդ արդեն իսկ սքանչելի է, որ դուք բնավ չեք իմանում»: Հերովդեսն ասում է. «Մեզնից ոչ ոք չի լսել այդ բանի մասին, ուստի չենք կարող հաստատապես իմանալ»: Մոգերն էլ ասում են նրան. «Մենք հեռուներից լսեցինք, իսկ դուք, որ մոտ եք, չե՞ք իմանում»: Հերովդեսն ասում է. «Դուք ասացիք, թե Աստծո մատով գրված ու կնքված գիր ունեք․ տվե՛ք այն քահանաներին, որպեսզի ընթերցեն»: Մոգերն ասում են. «Մեզ համար օրինավոր չէ այն բացելն ու որևէ մեկին տալը, որպեսզի կարդան, քանի որ Նա, ով գրեց և փակեց այն, Նա Ի՛նքն էլ կբացի և կպատմի մեզ»:

Այս լսելով՝ Հերովդեսն ասում է. «Որտեղի՞ց ձեզ այդ գիրը, որ դուք միայն ունեք»: Մոգերը պատասխանում են. «Ուրիշ որևէ ազգ ո՛չ գիտի, ո՛չ իսկ լսել ու իմացել է այդ բանի մասին, այլ միայն մեր ազգը, և միայն մենք ենք, որ ունենք Աստծո մատով գրված և կնքված վկայության այս գիրը»։ Լսելով այս խոսքերը՝ պիղծ բռնավորը զայրանում է իր սրտում և մոգերին ասում. «Ձեզ թույլ չե՛մ տա, որ դուրս գաք այստեղից, մինչև որ ցույց չտաք ձեր բոլոր իրերը, որ ունեք»: Եվ այդժամ արքան հրամայում է բռնությամբ ձերբակալել նրանց: Եվ այն ապարանքը, որտեղ գտնվում էին նրանք, հանկարծակի դղրդում է, սյուները չորս կողմից խախտվում են իրենց տեղերից և ապարանքի ամբողջ շինվածքը փլվելով՝ կործանվում է: Դրա փլատակների տակ են մնում ու մահանում 72 մարդ: Այդ տեսնելով՝ Հերովդեսի նախարարները նրա ոտքերն են ընկնում և աղաչում ու ասում. «Արձակի՛ր նրանց խաղաղությամբ, որպեսզի գնան իրենց ճանապարհով»: Նույնպես և Արքեղայոսը՝ Հերովդեսի որդին, աղաչում է խաղաղությամբ բաց թողնել նրանց: Եվ անօրեն բռնակալը, անսալով իր իր որդու կամքին, համաձայնվում է արձակել նրանց և ասում. «Ինձ բարեկամաբար ասացե՛ք ճշմարտությունը, ի՞նչ եք կամենում, որ անեմ ձեզ համար»:
Մոգերը պատասխանում են Հերովդեսին. «Մեզ ոչինչ հարկավոր չէ քեզանից, բացի միայն սրանից. ասացե՛ք մեզ, ի՞նչ եք ընթերցում ձեր օրենքում»: Հերովդեսն ասում է. «Ի՞նչ եք կամենում իմանալ ձեր այդ խոսքով»: Մոգերն ասում են. «Որտե՞ղ պիտի ծնվի Քրիստոս՝ հրեաների թագավորը»: Հերովդեսը, երբ լսեց դա, խռովվեց ինքը և իր հետ նաև ամբողջ Երուսաղեմը:

Հերովդեսը, հավաքելով բոլոր քահանաներին և դպիրներին՝ հարցնում է նրանց, թե որտե՞ղ պիտի ծնվի Քրիստոս: Եվ նրանք պատասխանում են. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում՝ Դավթի՛ քաղաքում»: Հերովդեսն ասում է մոգերին. «Գնացե՛ք, ստուգեցե՛ք Մանկան մասին իսկությունը և երբ գտնեք՝ իսկույն հայտնեք ինձ, որպեսզի ես էլ գնամ ու երկրպագեմ Նրան»: Անօրենն այդպես է ասում, որպեսզի գնա ու նենգությամբ սպանի Մանկանը: Մոգերն էլ միևնույն ժամին վեր են ելնում, երկրպագում Հերովդեսին և գնում իրենց ճանապարհով: Եվ ահա աստղը, որը նրանք տեսել էին արևելքում, նրանց առաջնորդելով՝ գալիս ու կանգ է առնում այն այրի վերևում, որտեղ մանուկ Հիսուսն էր: Մոգերն իսկույն իջնում են իրենց երիվարներից, փողեր հնչեցնում ու սկսում ծնծղաներ, տավիղներ, քնարներ նվագել ու երգել: Թագավորներն ու հազարապետները և զորքի ամբողջ բազմությունը, շրջապատելով քարանձավը, երգում էին ու ցնծությամբ օրհնում Աստծուն այն բանի համար, որ այդ օրը տեսնելու պատվին արժանացան։

Հովսեփն ու Մարիամը, տեսնելով այդ՝  վեր կացան, դուրս վազեցին քարայրից, իսկ մանուկ Հիսուսը միայնակ մնաց այրում՝ անբանների մսուրում բազմած: Երբ իշխանները և մեծամեծները տեսան, որ նրանք ուզում են փախչել, ասացին. «Ինչո՞ւ եք զարհուրում մեզնից և կամենում փախչել․ ահավասիկ մենք ձեզ պես մարդիկ ենք»:
Հովսեփն ասաց. «Ո՞ւմից եք դուք ուղարկվել և կամ ո՞ր երկրից եք եկել»:
Նրանք պատասխանեցին. «Մենք հեռավոր վայրերից ենք՝ Պարսից աշխարհից, և բազում ընծաներով ու նվերներով եկել ենք այստեղ և ցանկանում ենք տեսնել հրեաների Թագավորին ու երկրպագել Նրան: Արդ, ճշմարի՛տն ասացեք մեզ, որտե՞ղ է նորածին Մանուկը՝ Հրեաստանի արքան»: Մարիամը, երբ այդ լսեց, խնդությամբ դարձավ ու մտավ քարայրը և, իր գիրկն առնելով մանկանը, սրտի ուրախությամբ լցված՝ գոհացավ Տիրոջից ու նստեց այնտեղ: Իսկ մոգերը կրկին հարցնում էին Հովսեփին և ասում. «Ո՛վ պատվական ծերունի, պատմի՛ր մեզ ճշմարտությունը, եթե գիտես այն»: Եվ Հովսեփը, ի պատասխան, հեռվից մատով ցույց տվեց քարայրը: Մոգերը ուրախությամբ հասան քարայրի դռանը և, ներս մտնելով, տեսան անբանների մսուրում բազմած Մանկանն ու, գետնին ընկնելով նրանք բոլորը՝ թագավորները, իշխանները, նախարարները և ամբողջ զորքը, երկրպագեցին Մանկանը և յուրաքանչյուրը Նրան մատուցեց իր ընծաները:
Նախ եկավ հնդիկների Գասպար թագավորը, և, բացելով՝ հեղեց մեծագին նարդոսը, տաշխը, կասիան, կինամոնը և այլ անուշահոտ խունկերն ու յուղերը, և անուշահոտությունը բուրեց ու լցրեց ողջ քարանձավը:

Իսկ արաբների Բաղդասար թագավորը մեծագին ընծաներ՝ ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, գեղեցիկ և վայելուչ մարգարիտներ մատուցեց: Պարսից Մելքոն թագավորն էլ ընծայեց զմուռս, հալվե, բեհեզներ, ծիրանիներ և պատանելու կտավներ: Այդպիսով բոլորը մատուցեցին իրենց ընծաներն ի պատիվ նորածին Մանկան՝ Իսրայելի արքայի: Եվ ապա թագավորները, դուրս գալով քարայրից, գնացին մի հեռավոր, մեկուսի տեղ ու առանձին նստած՝ հարցնում էին մեկմեկու և ասում. «Ինչ սքանչելի նշան որ տեսանք այնտեղ, եկեք պատմենք միմյանց, որպեսզի համոզվենք, թե ճշմարիտ է այն, ինչ եղավ», և, համաձայնելով, հավանություն տվեցին այս մտքին: Հնդիկների թագավորին հարցրին. «Երբ մատուցում էիր կնդրուկը, ինչպիսի՞ն տեսար Նրան»: Գասպարն ասաց. «Ես Նրան տեսա Որդի Աստծո՝ մարմնով բազմած փառքի աթոռին, և անմարմին հրեշտակների զորքն էլ սպասավորում էր Նրան»: Եվ նրան ասացին. «Ճշմարի՛տ ասացիր»: Հարցրին պարսից թագավորին. «Երբ Նրա առջև մատուցում էիր զմուռսը, ինչպիսի՞ն տեսար դու Նրան»: Մելքոնն ասաց. «Ես Նրան տեսա Որդի Աստծո մարմնով՝ չարչարանքների մեջ՝ մեռյալ, սակայն դարձյալ հարություն առած ու կենդանի»: Նրան ասացին. «Դու ևս բարվոք ասացիր»: Հարցրին արաբների թագավորին և ասացին. «Երբ գանձերն էիր մատուցում Նրա առաջ, ինչպիսի՞ն տեսար դու Նրան»: Բաղդասարն ասաց. «Ես մարմնով տեսա Նրան՝ Թագավորի Որդուն՝ գահի բարձր աթոռին բազմած, իսկ մարդկանց բազմաթիվ զորքն էլ՝ Նրա առջևում»։ Նրան ասացին. «Եվ դո՛ւ բարվոք ասացիր»:

Միմյանցից այս ամենը լսելով՝ թագավորները հիանում և զարմանում էին ու ասում. «Ի՞նչ է այս նոր սքանչելիքը, որ մեզ երևաց, չէ՞ որ միմյանց նման չեն այս վկայությունները, հավատալո՞ւ բան է այն, ինչը մեր իսկ աչքերով տեսանք»: Ապա դարձյալ ասացին. «Նորից վերադառնանք և խորհուրդ անենք, այսօր հանգստանանք և վաղը գնանք քարայրն ու հաստատապես իմանանք՝ ճշմարի՞տ է արդյոք այդ»: Եվ ամենքը միաբան ասացին՝ «բարվոք է», և, վեր կենալով՝ գնացին իրենց իջևանատեղը ու ամբողջ գիշերը խնդությամբ անցկացրին: Եվ առավոտյան վեր կենալով՝ թագավորներն ասում են միմյանց. «Եկեք գնա՛նք այն քարայրը և տեսնե՛նք, գուցե ա՞յլ նշան ցույց տրվի մեզ այսօր»: Նախ գնաց հնդիկների Գասպար թագավորը և, տեսնելով անբանների մսուրում բազմած Մանկանը, խոնարհվեց ու երկրպագեց Նրան և տեսավ արաբների արքայի այն նույն տեսիլքը. և նա, որ սկզբից Աստծուն մարմնով էր տեսել, այժմ տեսավ մարմնավոր թագավորի Որդուն: Երբ հնդիկների թագավորը դուրս եկավ, պատմեց նրանց ու ասաց․ «Առաջին տեսիլքը չտեսա, այլ քո տեսիլքը, Բաղդասա՛ր արքա, որը պատմեցիր մեզ»: Ապա գնաց արաբների արքա Բաղդասարը և տեսավ Իր մոր գրկում բազմած Հիսուսին ու երկրպագեց Նրան։ Բաղդասարը, ելնելով քարայրից, ասաց. «Առաջին տեսիլքը չտեսա, այլ քո՛ տեսիլքը, մոգերի արքա Մելքոն»: Եվ ապա պարսից թագավոր Մելքոնը, վեր կենալով, մտավ քարանձավն ու տեսավ Նրան՝ բազմած քարայրում՝ գահի վրա, և երկրպագեց Նրան: Նա ևս առաջին տեսիլքը չտեսավ, այլ տեսավ Կույսից ծնված մարմնացյալ Աստծուն: Նա իսկույն խնդությամբ դուրս եկավ քարայրից և գնաց, պատմեց թագավորներին, թե «արդարև Աստված է Նա և Որդին Աստծո, քանի որ ըստ յուրաքանչյուրիս նվերների, որ մատուցեցինք Նրան, միևնույն կերպարանքներով տեսիլքներ ցույց տվեց մեզ»: Եվ թագավորները, իշխաններն ու ամբողջ զորքը հավատացին այդ ամենին:

Եվ դարձյալ պարսից թագավոր Մելքոնը վերցրեց իրենց մոտ եղող նախահայրերից ավանդված կտակի գիրը, որը տարան ու մատուցեցին մանուկ Հիսուսին՝ ասելով. «Ահա՛ նամակը, որը կնքելով՝ ի պահ տվեցիր մեր նախահայրերին: Ա՛ռ, բա՛ց և ընթերցի՛ր Քո ձեռքերի գիրը, որը տվեցիր Քո նախաստեղծին»: Եվ ի պահ դրված գրերի գիրը այս էր. «Քո լինելության սկզբից վեցերորդ դարում, վեցերորդ օրը կուղարկեմ Իմ Միածին Որդուն՝ Բանն Աստծո, ով գալով՝ կմարմնանա քո զավակից, և Իմ Որդին կդառնա Մարդու Որդի ու քեզ դարձնելով առաջին փառքին՝ վերստին կնորոգի, ու ապա դու՝ Ադա՛մ, կլինես իբրև մեկը մեզանից՝ անմահ մարմնով Աստծուն միավորված»: Այս էր առաջին գիրը՝ գրված ու կնքված Աստծո մատով։ Գիրը, որը Ադամը տվեց Սեթին, իսկ Սեթը՝ իր որդիներին, և որդիներից տրվեց իրենց որդիներին՝ մինչև Նոյ: Նոյը տվեց այն Սեմին, Սեմը՝ իր որդիներին, և այդպես որդիներից՝ որդիներին՝ մինչև Աբրահամ: Եվ Աբրահամը տվեց այն Մելքիսեդեկ քահանային: Եվ Մելքիսեդեկը տվեց պարսից Կյուրոս թագավորին, ով գիրը դրեց գանձարանում և զգուշությամբ պահեց, մինչև որ այն հասավ մոգերին, որոնք էլ բերեցին մատուցեցին այն Հիսուս Քրիստոսին: Ա՛յս է գրի պատճառը. Ադամի՝ դրախտից ելնելուց հետո Աստված նրան տվեց որդի՝ Սեթին, ում անունը թարգմանվում է «մխիթարություն»: Եվ այս գրի միջնորդությամբ Աստված ուխտ ու երդում կապեց Ադամի հետ։

Երբ թագավորները կատարեցին իրենց ուխտը և այնտեղ մնացին երեք օր, միասին խորհեցին ու ասացին. «Մենք չենք կարող զանց առնել մեր ուխտը, որի համար իսկ եկել ենք: Եկեք երրորդ անգա՛մ գնանք այն այրը, հաստատապես ստուգենք ու ապա գնանք մեր ճանապարհներով»: Եվ նրանք միաբան ասացին. «Ա՛յդ է բարին»: Եվ այդժամ թագավորները, վեր կենալով, մտան քարանձավն ու տեսան Իր մոր գրկում բազմած Հիսուս մանկանը, և, ողջույն տալով՝ երկրպագեցին Նրան: Եվ երեք թագավորներն էլ ստուգությամբ տեսան մեկը մյուսի տեսիլքներն ու սաստիկ երկյուղեցին: Ահ ու դողով նրանք երկրպագեցին Հիսուսին, ապա ելան այրից և մնացին Նրա մոտ մինչև առավոտ: Երեք օր մեծ խնդությամբ նրանք մնացին այնտեղ, և նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին մտնում էր ու երկրպագում նորածին Մանկանը: Ապա երեք օր հետո միասին մտան քարայրն ու երկրպագեցին Մորը և Մանկանը, և, ելնելով այնտեղից՝ գնացին պատմելու Հերովդեսին այն, ինչ տեսան:

Եվ ահա Տիրոջ հրեշտակը երևաց նրանց ու ասաց. «Կարիք չկա, որ դուք գնաք Հերովդեսի մոտ, այլ խաղաղությամբ գնացեք յուրաքանչյուրդ ձեր երկիրը»: Նրանք լսեցին այդ և ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկրները՝ փառավորելով մարմնացյալ Աստծուն Հոր և Սուրբ Հոգու հետ: Իսկ սուրբ Կույսը մնաց քարանձավում երեսունինը օր և ապա քառասուն  օրական Մանկանը տարավ՝ Տաճարին ընծայելու: Մանուկը, գգվելով Սիմեոն ծերունուն, արձակեց նրան մարմնի կապանքներից։ Ապա  այնտեղից Մանուկը սուրբ Կույսի և Հովսեփի հետ գնաց Նազարեթ: Տասներկու օր անց, փախչելով Հերովդեսից, նրանք գնացին Եգիպտոս ու մնացին այնտեղ վեց ամիս: Իսկ այնտեղից վերադառնալով՝ դարձյալ բնակվեցին Նազարեթում, որպեսզի Հիսուս կոչվի «Նազովրեցի», որը նշանակում է «ծաղիկ», քանի որ Հեսսեի արմատից աստվածությամբ ծաղկեց կուսածին Հիսուս։ Երեսուն տարին լրանալուց հետո, երբ սկսվեց մյուս տարին, նույն օրը, որում ծնվել էր Քրիստոս՝ հունվարի 6-ին, Նա եկավ Հորդանան՝ Հովհաննեսից մկրտվելու: Եվ ահա երկինքը բացվեց Նրա առաջ ու Հայրն ի վերուստ վկայեց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը, Նրա՛ն լսեցեք»։ Եվ աղավնակերպ Սուրբ Հոգին իջավ Նրա վրա:

Նաև Հովհաննեսը վկայեց. «Ահա՛ Քրիստոս՝ Գառն Աստծո, որ վերցնում է Իր վրա աշխարհի մեղքերը»։ Այս պատճառով ուղղափառների եկեղեցին միասին է տոնում Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը: Չէ՞ որ Մկրտությամբ հայտնվեց Աստվածությունը կուսածին մարդու՝ Հիսուսի, ում Հովհաննեսը մկրտեց և Քրիստոս անվանեց, նույն Ինքը՝ Քրիստո՛ս, որ Աստված է։ Եվ այս տոնը Մկրտության պատճառով հայտնություն ենք անվանում, քանի որ երեք վկաների միջոցով հայտնի դարձավ, որ Հիսուս Քրիստոս է, և Քրիստոս՝ Աստված՝ վկայված Հոր, Սուրբ Հոգու և սուրբ Հովհաննես Կարապետի միջոցով:

Այսօր նաև այն սքանչելի հրաշքի հիշատակն է, որը տեղի ունեցավ գետարգել սուրբ Նշանով հայոց Պետրոս կաթողիկոսի միջոցով հայոց տոմարով 373 թվականին Վասիլ Մեծ կայսեր առջև՝ Տրապիզոն քաղաքում: Պետրոս կաթողիկոսը գնաց թագավորի մոտ և մնաց նրա մոտ մինչև Հայտնության տոնը, և Ջրօրհնեքի ժամին հայոց կաթողիկոսը սուրբ Նշանով դիպավ ջրին ու միևնույն պահին գետի ջուրը կանգ առավ և աստվածային մյուռոնով ետ՝ դեպի վեր հոսեց, ու այդպես մնաց մի ամբողջ ժամ: Վասիլ թագավորը, այդ տեսնելով, սքանչացավ, մանավանդ որ ջրի վրա տեսավ նաև աղավնակերպ Սուրբ Հոգին։ Նա տեսավ նաև լուսեղեն կամար Պետրոս կաթողիկոսի վրա, որը ձեռքին ուներ ամենազոր սուրբ Նշանի մասունքը՝ Կենաց Փայտից: Այդ պատճառով էր, որ մեծ թագավորը խոնարհեցրեց իր գլուխը Պետրոս կաթողիկոսի ձեռքի տակ ու վերջինս օրհնված ջուրը լցրեց թագավորի գլխին՝ ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի:

 

«Յայսմաւուրք», Կ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

04.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․