23 Նոյեմբեր, Շբ
Մի մեծանուն ազնվական տարվեց բազեի որսով: Մի անգամ նրա մոտ ծառայող որսորդը անտառից բազեի մի փոքր ձագ բերեց: Դուքսն ինքը մեծացրեց ձագուկին և տվեց որսապետին, որպեսզի սովորեցնի նրան: Թռչունը մեծացավ և ուժեղ ու գեղեցիկ բազե դարձավ: Միայն թե ոչ ոք նրան երկնքում չէր տեսել՝ նա ողջ օրն անցկացնում էր այն ճյուղին նստած, որի վրա հայտնվել էր դեռևս ձագուկ ժամանակ:
Դուքսը սիրում էր պատշգամբից հետևել իր որսորդական թռչունների վարժանքներին: Որսապետն իր գործը հրաշալի գիտեր և լավ վարժեցված արծիվներն ու ուրուրները ճախրում էին երկնքում, և միայն սիրելի բազեն էր, որ առաջվա պես չէր լքում իր տեղը:
Բարկացած ազնվականը սուրհանդակներ ուղարկեց իր կալվածքների բոլոր ծայրերը՝ հրամայելով գտնել այն մարդուն, որը բազեին կսովորեցնի թռչել: Մի անգամ դուքսը դուրս եկավ պատշգամբ և երկնքում տեսավ իր սիրելի թռչունին: Նա անչափ ուրախացավ և հրամայեց անմիջապես իր մոտ բերել այն մարդուն, ով այդ հրաշքը գործել էր: Քիչ անց մի հասարակ գյուղացի ներս եկավ:
Զարմացած ազնվականը հարցրեց նրան.
- Քեզ ինչպե՞ս հաջողվեց նրան ստիպել թռչել:
- Դա դժվար չէր, Ձերդ գերազանցություն,- պատասխանեց գյուղացին,- ես ընդամենը կտրեցի այն ճյուղը, որի վրա նստած էր բազեն: Վարժված տեղից զրկվելով՝ նա հիշեց, որ թևեր ունի և թռավ:
Մեր մեջ էլ կան մարդիկ, որ նստել ու ամուր կառչել են իրենց «ճյուղին», և չեն էլ պատկերացնում, որ թևեր ունեն: Երբեմն տեղի ունեցող իրադարձությունները կոտրում են հուսալի հենարանն ու մարդիկ իմանում են, որ թռչել գիտեն:
Միգուցե մեզնից շատերին պետք է «ճյուղը» կտրե՞լ, որպեսզի մենք զրկվենք տաքուկ ու հուսալի տեղից և ստիպված լինենք թռչել: Խնդիրներն ու տհաճությունները երբեմն մեր կյանք են գալիս ոչ թե կոտրելու, այլ թռչել սովորեցնելու համար…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի