13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօր մեր Մայր Եկեղեցին նշում է իր ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը նաև իմ ամենասիրելի տոներից է: Հայտնի հանգամանքների բերումով այսօր դուք ստիպված եք ձեր տներից հետևելու տոնական պատարագի ընթացքին և հիշելով նախորդ տարիների այս օրը լեփ-լեցուն եկեղեցին, մանկանց ուրախ ու անհոգ խաղը, ջինջ ու զրնգուն ծիծաղը եկեղեցու զարդարված բակում` հոգիս թախիծով է լցվում, սակայն ոչ երբեք տրտունջով կամ հուսահատությամբ, քանի որ վստահ եմ` եթե մեր բազումողորմ ու սիրող Հայրը թույլ է տվել այս փորձությունը, ուրեմն պիտի հաղթահարենք այն մեր հոգու համար ավելի մեծ օգուտ քաղած, քան դրա պատճառած վնասն է:
Փա՜ռք ու գոհաբանություն ամենակալ Տիրոջը, սիրելինե՛ր, օրհնությո՜ւն բարձունքներում, քանի որ յուրաքանչյուր իրավիճակում անպակաս է Նրա հայրական սերն ու խնամքն Իր հավատացյալ հոտից: «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք», - լսվեց գիշերային խավարում (Մտթ. 14:24-27), երբ Գալիլիական ծովի հուժկու ալիքները սաստելով՝ սարսափահար աշակերտների նավակին մոտեցավ Տերը: «Խաղաղությո՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք»,- Իր հոգենորոգ խաղաղությունն ու հանգստությունը բերեց Նա հայրենակիցների ու հռոմեացիների հալածանքերից սարսափած ու մոլորված աշակերտներին, որ պատսպարվել էին Վերնատան հարազատ պատերի ներքո (Ղուկ. 24:36): «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը» (Ղուկ. 12:32),- հնչեց Փրկչի սուրբ շուրթերից, և դարեր շարունակ աշխարհի յուրաքանչյուր անկյունում Տիրոջ այս քաջալերող խոսքերն են լսում ճշմարիտ քրիստոնյաներն իրենց հոգու ունկերով ու գոտեպնդվում: Եվ եթե Երկնավոր Հոր համար այնքան արժեքավոր ենք, որ մեր գլխի մազերի թիվն անգամ գիտե Նա (Մտթ. 10:30, 31), ապա ոչ մի պարագայում տագնապելու, վախենալու և առավել ևս հուսահատվելու իրավունք չունենք, սիրելի՛ եղբայրակիցներ:
Մերօրյա հոգևորականներից մեկն ասել է. «Այս աշխարհում ոչ ոք երջանիկ չէ, բացի այն մարդուց, որն իր հոգևոր Երուսաղեմի՝ իր հոգու դարպասները լայնորեն բացել և Աստծուն ընդունել է իր մեջ: Անաստված մարդն իրեն հուսահատվելու չափ միայնակ է զգում… Իսկ նա, ով իր հոգում Աստծուն է բովանդակել, նույնիսկ անապատում միայնություն չի զգում: Ոչ ոք հավիտենական մահով չի մեռնում, բացի նրանից, որի մեջ Աստված է մեռել»: Ես հավատում եմ, որ Աստված ապրում է ձեր հոգում, սիրելի՛ հավատացյալներ, ուստի Նրան ապավինելով, աղոթքով, հավատով և համբերությամբ շարունակենք քրիստոնեավայել մեր ընթացքն ու դառնալով այսօրվա տոնի խորհրդին, տեսնենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ դիրք է ընդունում, երբ հանդիպում է իր անձնական Երուսաղեմի դարպասների մոտ սպասող Քրիստոսի հայացքին:
Սուրբ ավետարանիչները պատմում են, որ մարմնացյալ Աստծու երկրային կյանքի վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ էին Նրան հետևում: Հազարավորներ գնում էին Նրա հետևից` միայն իրենց ու Աստծուն հայտնի պատճառներով. մեկն ինչ-որ բան սովորելու, մեկը հրաշքի ակնկալիքով, մյուսն էլ սիրված Վարդապետին չարի հյուսած նենգ ծուղակը գցելու մտադրությամբ: Սակայն այն փառահեղ ընդունելությունը, որ մարդիկ ցույց տվեցին Տեր Հիսուսին Երուսաղեմի դարպասների մոտ, աննախադեպ էր: Արդեն կատարված հրաշքներին ու բժշկություններին գումարվել էր Ղազարոսի հարության զարմանահրաշ լուրն ու որպես հույսի շող ցոլացել օտարի տիրապետության տակ կեղեքվող ժողովրդի համար: Երկու հազար տարի առաջ, գարնանային մի պայծառ օր, երբ մեկ շաբաթ էր մնացել մեծ տոնին՝ Զատկին, հրեա ժողովուրդը սպասված Մեսիային տեսնելու շեմին էր և արքային վայել ընդունելություն կազմակերպեց` իր հագուստները Նրա ոտքերի տակ փռելով, արմավենու ճյուղերով ողջունելով և օվսաննա՜ գոչելով: Սակայն նրանց ակնկալիքները Մեսիայից և Փրկչի` նրանց կառուցած մոդելը բացառապես երկրային բնույթ էին կրում, ուստի և Քրիստոսի ձերբակալությամբ ու չարչարանքներով փլուզվեցին և գիտենք, թե բառացիորեն մի քանի օր անց օվսաննան ինչի վերածվեց: Վերջերս ճամփորդական մի հաղոդաշար էի դիտում, որի հաղորդավարը Երուսաղեմում լացի պատի մոտ ռաբինին հարցրեց, թե դա ինչ պատ է, ինչ խորհուրդ ունի, վերջինս էլ պատասխանեց, որ իրենք սպասում են, որ երբ Աստծու խոստացյալ Մեսիան գա… և այլն, և այլն: Շարունակությունն արդեն հետաքրքիր չէ մեզ, սիրելինե՛ր, այլ այսքանն էլ բավարար է՝ տեսնելու, որ մինչ օրս Աստծու երբեմնի հավատարիմ ժողովուրդը շարունակում է «խաչել դրան» գոչել…
Եվ մտածում եմ, թե մենք ամեն օր, ամեն վայրկյան այս կամ այն արարքը գործելով, այս կամ այն որոշումը կայացնելով՝ ի՞նչ ենք գոչում, սիրելինե՛ր: Նրանք այդպես էլ չտեսան ճշմարիտ Փրկչին, իսկ մենք, որ տեսել ենք, ինչպե՞ս ենք դիմավորում Տեր Հիսուս Քրիստոսին, երբ Նա կանգնում է մեր անձնական Երուսաղեմի` աստվածակերտ հոգու դարպասների մոտ:
Հատկապես այս օրերին, երբ համայն մարդկությունը հավասարապես նույն փորձությանն է առերեսվել, Քրիստոս սպասում է մեր հոգու արձագանքին՝ հավատով, խոնարհությամբ և ուրախությամբ կընդունենք Փրկչին մեր հոգուց ներս, թե՞ չարածին դառնամաղձ ըմբոստությամբ կփակենք մեր սրտի դարպասները Ամենակալ Արքայի առջև: Այս ընտրությունից կախված է ամեն բան, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև նշանակում է կա՛մ մեր կամքն անվերապահորեն համաձայնեցնել Բարձրյալի սուրբ կամքին և մեր կյանքերը հանձնել Նրա հոգատար խնամքին ու ընթանալ առաքինազարդ փրկության շավղով, կա՛մ մերժելով Արարչին՝ հանձնվել թշնամու իշխանությանն ու ստույգ կորստյան գնալ: Այլընտրանք չկա: Քանի որ Երուսաղեմի դարպասներից անդին մի հուժկու ճակատամարտ տեղի ունեցավ Գողգոթայի բարձունքին: Մարդացյալ Աստված Երուսաղեմ մտավ մարդկության հնամենի ու ոխերիմ թշնամու՝ մահվան հետ պատերազմելու: Նա Երուսաղեմ մտավ մեզնից յուրաքանչյուրի մահվան դեմ պատերազմելու և փառապանծ հաղթանակ տարավ՝ Իր սրբազան արյան գնով և սքանչելազարդ հարության լույսով: Քրիստոս գնում էր՝ կռվելու համայն մարդկության և մեզնից յուրաքանչյուրի համար, որպեսզի մեզ վերադարձնի որդիական պատմուճանը, որ կորցրինք՝ դրախտի դարպասներից անդին անառակ կյանքն ընտրելով: Քրիստոս գնում էր՝ կռվելու, որպեսզի մեզ վերադարձնի անմահությունը, որ կորցրինք, երբ հրաժարվեցինք Կենաց Աղբյուրից: Քրիստոս գնում էր՝ կռվելու, որպեսզի մեզ վերադարձնի մարդ արարածի այն մեծագույն պատիվը, որով արարվել էինք և վայելում էինք նախքան չարի ձեռքում գործիք դառնալը: Մահը հաղթված է այլևս, սիրելինե՛ր, և խորտակված են դժոխքի դարպասները: Բաց է Երկնային Արքայության ճանապարհը, և միակ խոչնդոտն այդ ճանապարհին, որ ժամանակ առ ժամանակ ծառանում է մեր առջև, մենք ինքներս ենք՝ մեր արատավոր ու մեղսալից կյանքվ: Այս ոչ դյուրին ժամանակաշրջանում, երբ մեր ընտրությունից, մեր հոգու հասունությունից, մեր հոգևոր արժեքներից շատ բան է կախված, ողջամիտ և առաքինի վարքով, առավել քան երբևէ, պիտի ապացուցենք Տիրոջը, որ Նրա պատերազմը, Նրա զոհողությունն ամենևին էլ զուր չեն և մենք երախտագիտությամբ ենք կրում Ամենակարող Աստծու որդեգիր զավակների բարձր պատիվն ու կոչումը: Այս դժվարին օրերին, երբ անդադար լսում ենք համատարած հիվանդության և մահերի մասին, երբ մարդկությունն ապրում է անորոշության մեջ և մոլորվել է՝ չիմանալով՝ ինչպես վերապրել ներկան և ապագան կառուցել, չարն անխուսափելիորեն օգտվում է ստեղծված իրադրությունից՝ վախով, տագնապով և խուճապով լցնելով մարդկանց մտքերը: Նա մեկը մյուսից ավելի մռայլ ու անհույս պատկերներ է նկարում ձեր երևակայության մեջ՝ ջանալով զրկել հավատից, հոգու արթնությունից և հուսահատության մատնել ձեզ: Մի՛ տրվեք չարի բանսարկություններին, սիրելի՛ հավատացյալներ՝ գործիք դառնալով նրա մարդասպան ձեռքերում: Թոթափեցե՛ք ձեր վրայից թշնամու ներշնչանքներն ու հոգևոր հայացքը հառեք Երուսաղեմ մտնող Փրկչի սիրելի պատկերին: Քրիստոս հենց այս վայրկյանի համար խաչը բարձրացավ, հենց այս վայրկյանի համար զոհեց Իր կյանքը, որպեսզի դուք չվախենաք, սիրելինե՛ր: Որպեսզի վախը, հուսահատությունն ու փոքրոգությունը համարձակորեն մի կողմ նետեք, քանի որ Նա, ով նույնիսկ Իր Միածնին չխնայեց ձեզ համար, Նա վայրկյան անգամ ձեզ առանց պաշտպանության չի թողնի, միայն թե դուք Նրան անվերապահորեն վստահեք, հավատով խոնարհվեք Նրա ամենազորության առջև և ձեր վարքով ապացուցեք, որ ձեզ համար չկա ուրիշ Տեր և Փրկիչ՝ Քրիստոս Հիսուսից բացի:
Եվ քանի դեռ այս փորձությունը չի անցել, քանի դեռ վերջին հիվանդը չի ապաքինվել, քանի դեռ վերջին բժիշկը չի հանել դիմակն ու տուն գնացել, մենք պիտի որդիական խոնարհությամբ ու եղբայրական ջերմագին սիրով ի սրտե անդադար աղոթենք՝ Փառապանծ Արքայի ու Ամենակարող Բժշկի ողորմածությունը հայցելով համայն մարդկության և ի մասնավորի՝ Հայոց աշխարհի և հայ ժողովրդիս բոլոր զավակների համար.
«Տե՜ր Աստված գթության, փրկության և ողորմության,
Քավության և նորոգության, բժշկության և առողջության,
Լուսավորության և կենդանության, հարության և անմահության…
Փրկի՛ր կործանումից և բարձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
Բժշկիր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.
Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, ո՜վ կենդանություն…
Կամեցիր դու, Տե՛ր, և պիտի փրկվեմ.
….և շուտով պիտի պատվաստվեմ քո մեջ,
Փառավորյալդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն (Նարեկ, Բան ԽԲ):
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան