25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է
գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի
ու էշի քուռակի վրա» (Մատթ. 21:5)։
Սիրելի հավատացյալներ,
Այսօր հասել ենք, ահա, Ծաղկազարդի Կիրակիին, ինչը նշանակում է, որ բոլորել ենք Մեծի Պահոց քառասնօրյա շրջանը և պատրաստվում ենք մուտք գործել Պահքի վերջին, կարևորագույն շաբաթվա մեջ, որն Ավագ շաբաթ է անվանվում: Ավագ շաբաթը խորհրդանշում է մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթը, երբ Նա մատնվեց, խաչվեց` հանուն մարդկության փրկության և հարություն առավ` ի փառս Միակ ու Ճշմարիտ Աստծո:
Աստվածորդու երկրային կյանքի վերջին շաբաթվա սկիզբը, որն այսօր նշում ենք, տեղ է գտել բոլոր չորս ավետարանիչների նկարագրություններում: Դա Տիրոջ փառապանծ մուտքն է Երուսաղեմ: Առաքյալները պատմում են, որ հրեական Զատկից մեկ շաբաթ առաջ, երբ ողջ ժողովուրդը երկրի բոլոր կողմերից դեպի Երուսաղեմ էր ձգվում` տոնին մասնակցելու համար, իր աշակերտների հետ Երուսաղեմ ուղևորվեց նաև Հիսուս Քրիստոս: Երբ նրանք Բեթփագե հասան, որ Ձիթենյաց լեռան ու Երուսաղեմի մոտ էր գտնվում, Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց մոտակա գյուղը, որտեղ պիտի կապված գտնեին մի ավանակի` իր քուռակի հետ և Աստծո Որդու մոտ բերեին, որպեսզի կատարվեր հինկտակարանյան մարգարեությունը: Երբ Հիսուս, ավանակին նստած, պատրաստվում էր Երուսաղեմ մտնել` հավաքված բազմությունն սկսեց իր հանդերձները հանել ու ձիթենու և արմավենու ճյուղերի հետ միասին նրա ճանապարհին փռել, ու ամեն կողմից սկսեցին ոգևորված բացականչություններ լսվել. «Օվսա՜ննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Թվում է, թե ամեն ինչ պարզ է. ոգևորված ու ցնծալի տրամադրություն, տոնական ընդունելություն, ուրախ բացականչություններ… Սակայն Հիսուս տխուր է: Նա գիտի, որ այս արքայավայել ընդունելությունը թյուրիմացության հետևանք է լոկ և, որ այդ ամենի միջով դեպի Իր մահն է գնում, այդ ճանապարհն Աստվածորդուն դեպի Գողգոթա է տանում: Գիտի, որ բազմությունը, որն այսօր ողջունում է Իրեն ու օրհնություն է գոչում, մի քանի օրից արդեն Իր խաչելությունն է պահանջելու, քանի որ այդ մարդիկ եկել էին իրենց երկրային թագավորին դիմավորելու և չէին ուզում տեսնել, որ Կենդանի Աստված է իրենց առջև կանգնած: Նրանք սպասում էին, որ Մեսիան իրենց երկրային խնդիրներն է եկել լուծելու և մոռանում էին Նրա խոսքերը, որ անընդհատ կրկնում էր. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ»:
Ահա այսօր էլ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, մենք ենք հավաքվել այստեղ դիմավորելու մեր Փրկչին և հարց է առաջանում. իսկ մե՛նք ի՞նչ ակնկալիքներով ենք եկել Տիրոջը դիմավորելու: Մաքրե՞լ, պատրաստե՞լ ենք արդյոք մեր հոգիները` Նրա մուտքի համար: Ճիշտ է, այսօր հավաքվել ենք նշելու Նրա փառապանծ մուտքը Երուսաղեմ, կիսելու այն տոնական մթնոլորտը, որ օրն է ենթադրում, սակայն պատրաստ կլինե՞նք արդյոք հետևելու Նրան` Իր տառապանքի ճանապարհին: Հավատարիմ կմնա՞նք Նրան արդյոք` ինչ էլ որ պատահի… Թե՞, շարունակելով մնալ մեղքի խավարում, կնմանվենք այն ամբոխին, որ գոռում էր «Խաչել Դրան» … Որպեսզի դա տեղի չունենա` պիտի փորձենք հասկանալ, թե այն ժամանակ որտեղ սխալվեց Հիսուսին ողջունող ժողովուրդը:
Սիրելիներ, Երուսաղեմի դարպասների մոտ հավաքված ժողովուրդը, որ ցնծում ու «Օվսաննա» էր բացականչում, դիմավորում էր իր «երկրային թագավորին»` հուսալով, որ Հիսուս Երուսաղեմ մտնելով` պետք է Իր արքայությունը երկրի վրա հաստատեր, Իսրայելի ժողովրդին ազատագրեր հռոմեական լծից և հոգար իրենց առօրյա, կենցաղային հոգսերը: Այդ ժողովուրդը երկրային իշխանության ու փառքի էր ձգտում: Նրանք այդպես էլ չհասկացան, որ Աստծո Արքայությանն արժանանալու համար պետք է Նրա անցած ճանապարհով անցնել, Նրա ըմպած գավաթից ըմպել և Նրա հետ «խաչը բարձրանալ»:
Արդ, մենք, սիրելիներ, որ նույնպես պսակներով ու ծառերի ճյուղերով հավաքվել ենք այսօր ցույց տալու, որ պատրաստ ենք Տիրոջը դիմավորելու` պետք է հիշենք այն ժողովրդի սխալի մասին: Հիշենք, որ մեր մեղքերով, սառնասրտությամբ, չարությամբ կամ անտարբերությամբ կրկին ու կրկին խաչն ենք բարձրացնում մեր Փրկչին: Երբեմն այնպես ենք ապրում, կարծես Աստծո անգին զոհաբերությունը չի էլ եղել և Նրա սրբասուրբ արյունը մեզ համար չի հեղվել… Իսկ Աստված համբերությամբ սպասում է ու մեզնից սեր է ակնկալում… Նա` Իր սեփական օրինակով, սովորեցրեց մեզ, թե ինչ է նշանակում իսկապես սիրել, այնպես սիրել, որ սեփական անձը զոհաբերել հանուն մեկ այլ մարդու: Ճիշտ է, մենք երբեք չենք կարողանա հավասարազոր պատասխան տալ Ամենագութ Արարչի անսահման սիրուն, որ բոլորիս հանդեպ է տածում, սակայն մեր չափով` կարող ենք: Ու հիշենք, որ սերը երբեք անշարժ չի լինում, այն գործողություն է ենթադրում` սիրո ապացույց: Որքան էլ որ դժվարին փորձությունների միջով անցնելիս լինենք, միշտ պետք է մեր սրտերում պահենք, որ մեր Երկնային Հայրը սիրում ու սպասում է մեզ: Հետևաբար, երբեք չպետք է հուսահատվենք ու ընկճվենք, այլ հոգու արիության գործերով ապացուցենք Տիրոջը, որ Իր զոհն անտեղի չէր, և որ մեր սերը փոխադարձ է: Պիտի ապացուցենք, որ ոչ մի փորձություն կամ վիշտ չի կարող հաղթել այն մարդուն, ով իր սրտում սեր ունի: Այս հիշելով` աննկարագրելի ջանք պիտի թափենք, անդադար պիտի աշխատենք մեր սխալների վրա, անկեղծ ու մեծ սեր պիտի ունենանք մեր Տիրոջ ու մեր մերձավորների հանդեպ, որպեսզի Նրա Արքայությանն արժանանանք, Հավիտենական Կյանքը ժառանգենք:
Եթե մի պահ պատկերացնենք, սիրելի քույրեր և եղբայրներ, որ Հիսուս Քրիստոս իրականում մեր քաղաք է մտնում ու անցնում է մեր փողոցներով, ապա ի՞նչ կանենք մենք: Արդյո՞ք ցնծությամբ կվազենք Նրան ընդառաջ, ինչպես այստեղ ենք եկել, ու հավատարմությամբ կհետևե՞նք Նրան ամենուրեք, թե՞ կվախենանք շրջապատող աշխարհից ու ետ կքաշվենք, ինչպես հիմա ենք անում շատ հաճախ: Եթե վստահ եք, թե կհետևեիք մեր Տիրոջն, ապա զգո՛ւյշ եղեք ու հպարտության մեջ մի՛ ընկեք: Հիշե՛ք միայն, թե քանի անգամ եք խուսափել Աստծո ու ձեր հավատքի մասին բացահայտորեն խոսելուց: Քանի անգամ եք ամաչել բացահայտորեն խաչակնքվելուց կամ երկրպագություն անելուց: Իսկ դա նշանակում է, որ այսօրվա խորհուրդն այն ինքնաքննության մեջ է, որ պետք է անցնենք, պարզելու համար պատրա՞ստ ենք արդյոք մեր Տիրոջը հետևելու, երբ Նրան մեզ համար չարչարվելու կտանեն… Պատրա՞ստ ենք արդյոք Նրա տառապանքն այժմ կիսելու, որպեսզի Նրա փառքը կիսելուն էլ արժանի լինենք հավիտենական կյանքում:
Սիրելի հավատացյալներ, Մեծ Պահքի այս ամբողջ շրջանում, այս բոլոր կիրակիների ընթացքում Եկեղեցին փորձում էր իրական զղջման փրկարար զգացումն արթնացնել մեր մեջ: Սթափեցնել մեզ մեր մեղավոր քնից ու հիշեցնել հոգևոր գործունեության անհրաժեշտության մասին:
Արդ, այժմ, սիրելի հավատացյալներ, երբ կանգնած ենք Ավագ շաբաթվա նախաշեմին, որտեղից սկսվում է մեր Փրկչի Խաչի ուղին, որոշո՛ւմ կայացնենք: Կատարե՛նք մեր ընտրությունը. ուրանո՞ւմ ենք Նրան, որ մեր փրկության համար Իր Միածին Որդուն զոհեց, թե՞ հավատարմորեն հետևում ենք Նրան մինչև վերջ:
Հուսամ, որ ճիշտ ընտրություն կանենք, սիրելիներ, և Տիրոջ Սուրբ Հարության հույսով արժանի կլինենք ցնծությամբ բացականչելու. «Օվսա՜ննա: Օրհնյա՜լ է Տեր ի բարձունս» այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան