Ծաղկազարդի քարոզ

Ծաղկազարդի քարոզ | Tsaghkazardi Qaroz

«Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ՝ մի քուռակ. արձակեցե՛ք բերեք ինձ։ Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կ՚ասեք, որ Տիրոջը պետք են. և նա իսկոյն դրանք կուղարկի»։ Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա»։ Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր. և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին. և նա նստեց դրանց վրա։ Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա։ Առաջից և ետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում» (Մտթ. 21:1-10)։ 

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Փա՜ռք Տիրոջը, Ով կրկին անգամ ողորմեց մեզ ու հնարավորություն ընձեռեց, որպեսզի հավատքով ու խոնարհությամբ անցնենք Մեծ Պահքի քառասնօրյա շրջանն ու հասնենք աստվածահաճո այս ճանապարհի լրումին՝ այն է Ավագ Շաբաթվան: Եվ Մեծ Պահքի այդ կարևորագույն շաբաթն ենք մտնում այսօրվա գեղեցիկ տոնի՝ Ծաղկազարդի ուղեկցությամբ:

Սիրելինե´ր, ահա այս տարի էլ ընթերցվեց ավետարանական այն հատվածը, որում նկարագրվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառապանծ մուտքը Երուսաղեմ: Եվ կրկին անգամ մտովի տեղափոխվում ենք այն օրերի Իսրայելն ու ժողովրդին միացած «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն» ենք կանչում: Մենք էլ մեզ հետ ուռենու ճյուղեր ու ծաղիկներ ենք բերել, խորհրդանշորեն փռել ենք Աստծո Որդու առջև, ցնծում ենք Նրան ողջունելով ու մեր ոգևորությունը միմյանց հայտնելով, սակայն, եթե կտրվենք այս ուրախ իրարանցումից մի պահ ու Նրա դեմքին նայենք… ապա մահվան ստվերը կտեսնենք Լույսի վրա, որ հենց այդ նույն ցնծացող ամբոխն է գցելու շուտով: 

Այո՛, սիրելինե՛ր, կրկին Ծաղկազարդ է և կրկին ուզում եմ, որ ամեն մեկս զուգահեռներ տանի իր ու այն մարդկանց միջև, ովքեր Աստվածորդու այս պանծալի մուտքը Երուսաղեմ եզրափակեցին Նրա անարգ ու սարսափելի մահով: Ուզում եմ միասին փնտրենք ու հասկանանք, թե որտեղ սխալվեց հրեա ժողովուրդը, ինչ մոլորության մեջ հայտնվեց նա ու նմանապես մենք որտեղ ենք սխալվում ու մոլորության մեջ ընկնում: Քանզի երբ Քրիստոս խոսում էր այն օրերի մարդկանց հետ և ուսուցանում նրանց, ապա դա միայն նրանց չէր վերաբերվում, այլ մեզանից յուրաքանչյուրին, ով այսօր դիմավորում է Փրկչին ու միգուցե կրկին մահվան դատապարտում Նրան…

Խոսքերս ամենևին էլ խիստ չեն, սիրելինե՛ր, ոչ էլ հանդիմանություն կա դրանց մեջ, այլ միայն սրտի ցավ ու դառնություն, որ հերթական անգամ թույլ ենք գտնվում փորձությունների ու գայթակղությունների մեջ և մեր գործերով միանում ենք այն մոլորված ամբոխին, ով խաչը բարձրացրեց Նրան: Տիրոջ երկրային կյանքի այս դրվագում ամփոփված է Նրա ողջ սերը, խոնարհությունը, հեզությունն ու հավատարմությունը, քանի որ Ամենակալ Աստծո համար ամենևին էլ դժվար չէր այս ցնծացող ամբոխին Իր կողմը դարձնելով՝ ցուցադրել Իր ողջ զորությունը, ազատել նրանց իրենց կեղեքիչներից, Իր ձեռքն առնել նրանց երկրային կառավարումը, որն այդ ժողովուրդն էր կամենում տեսնել ու վայելել այն փառքն ու հարգանքը, որ վստահաբար պիտի ստանար, բայց Տերը նախընտրեց Գողգոթան: Քանզի եկել էր իսկապես ազատագրելու Իր ժողովրդին, սակայն ոչ թե երկրային, ժամանակավոր գերությունից, այլ՝ մեղքի հավիտենական կապանքներից: Այո՛, եկել էր թագավորելու Իր ժողովրդին, բայց ոչ այս ժամանակավոր կյանքում, այլ եկել էր Իր հավիտենական Արքայության դռները բացելու նրանց առջև: Նա եկել էր Իր հետ անմահության ջուրը բերելով Իր սիրելիների համար, իսկ երկրային ակնկալիքներից կուրացած ժողովուրդը թույն էր պահանջում Նրանից: Այդ մարդիկ այնքան էին ուզում երկրային թագավոր ունենալ, որ չէին տեսնում, որ Ինքը՝ Ամենակարող Աստված է նրանց առջև կանգնած: Եվ իրենց հոգևոր կուրության պատճառով սպանեցին Նրան, Ով իջել էր Իր երկնային բարձունքներից, որպեսզի ասեր. «Սիրում եմ ձեզ»:

Այո՛, սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ ի Քրիստոս, ուզում եմ այսօր զուգահեռներ անցկացնենք մեր ու այն մարդկանց միջև, ովքեր նույնպես եկել էին Քրիստոսին դիմավորելու: Քանզի Քրիստոսի անսահման սերը իմ և քո վրա էլ է տարածվում և Քրիստոս հենց իմ և քո համար խաչվեց: Այն օրերի ժողովուրդն ի՛ր ակնկալիքներով եկավ Մեսիային դիմավորելու և ուզում եմ ամեն մեկս մեզ համար պարզենք, թե մենք ինչ ակնկալիքներով ենք այսօր այստեղ եկել: Եկել ենք Ամենակալի՞ կամքը լսելու ու կատարելու, թե՞ մերը: Քրիստոս աներկբայորեն գնաց Իր Հոր կամեցած ուղով՝ քաջ գիտակցելով, թե ինչ է իրեն սպասում այդ ճանապարհի վերջում: Նա վստահեց Հորը, իսկ մե՞նք: Հրաշալի գիտակցելով, որ Քրիստոսի ուղին դեպի հավիտենական փրկություն է տանում, հարցրել ե՞նք արդյոք ինքներս մեզ, որ քրիստոնյա ենք կոչվում, ասել է, թե Քրիստոսի հետևորդներ, պատրա՞ստ ենք արդյոք Միակ ճշմարիտ Աստծուն հետևել ամենուր և ամենայն ժամ, թե, միևնույն է, շարունակելու ենք մեր տգետ կամքն առաջ տանել ու ակնկալել, որ Բազումողորմը մեզ միայն ողորմությամբ կդատի՝ մոռանալով արդարության մասին…

Սա իսկապես մի փառապանծ տոն է, սիրելի՛ հավատացյալներ, քանզի այսքան կարևոր հարցադրումներ է դնում մեր առջև և ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս Երուսաղեմ մտնող Տիրոջ աչքերին նայել ու մեր ընտրությունը կատարել: Եվ ասածս ամենևին էլ այլաբանական չէ, քանզի ամենքիս է հայտնի, որ կենդանի է Քրիստոս և հաջորդ շաբաթ նշվող Սուրբ Հարության տոնը հենց դրա վառ ապացույցն է: Ուստի յուրաքանչյուրիս ընտրությունն է կա՛մ կենդանի պահել Նրան մեր սրտերում, կյանքերում ու գործերում, կա՛մ՝ կրկին խաչել: Հրեա ժողովուրդը Նրան խաչեց, քանզի չցանկացավ ճշմարտությունը տեսնել ու խոնարհաբար Աստծո կամքը կատարել: Չցանկացավ իր իսկ հավիտենական փրկությունն ընդունել, քանզի սևեռված էր աշխարհիկ բարիքների վրա: Իսկ ի՞նչ ենք ուզում մե՛նք: Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել: Սրանք այն հարցերն են, որ հստակ պատասխան պետք է ստանան այն որոշումից հետո, որ ամենքս մեզ համար պիտի կայացնենք: Քանի որ Տերը կանգնել է Երուսաղեմի դարպասների առաջ ու մեզ է սպասում: Սպասում է, թե հենց այս պահին ինչ որոշում պետք է կայացնենք՝ Նրա հետ այդ դարպասներից ներս ենք մտնելու Նրա մահը պահանջելո՞ւ, թե՞ Նրա հետ խաչը բարձրանալու համար: «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնի և իմ ետևից գա» (Մտթ. 16:24-25),- ասում է Աստված: Իսկ ի՞նչ է նշանակում դա, եթե ոչ՝ Աստծո կամքի միանշանակ ընդունում ու կատարում:

Սիրելինե՛ր, շատ հաճախ մեր թուլությունից, ծուլությունից կամ անլուրջ վերաբերմունքից ելնելով, թերանում ենք Աստծո սուրբ կամքը կատարելու մեջ և հայտնվում ենք մի իրավիճակում, որտեղ մեզ ոչինչ չի գոհացնում: Թվում է, թե արտաքին բոլոր տվյալները կան երջանիկ լինելու համար, սակայն արի ու տես, որ երջանկության զգացումը չունենք: Ամեն բան մեր ուզածով ենք անում, սակայն ճշմարիտ ազատության զգացումը չունենք: Մեր առջև երկրային նպատակներ ենք դնում, պայքարում ենք, հասնում դրանց, սակայն իրական հաղթանակի զգացումը չունենք: Իսկ եթե ունենում ենք, ապա շատ կարճատև է լինում ու իր ետևից դատարկության զգացում է բերում միայն: Ու այդժամ շփոթված հարց ենք տալիս ինքներս մեզ, թե ինչո՞ւ: Իսկ պատասխանը Հիսուս Քրիստոս դեռ այն ժամանակ տվեց՝ ասելով. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է հավաքում իր ձագերին թևերի տակ, բայց չկամեցաք։ «Ահա ձեր տունը ավերակ կթողնվի ձեզ». բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք՝ օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մտթ. 23:36-38)։

Ուստի, սիրելի՛ հավատացյալներ, եթե կամենում ենք, որպեսզի մեր հոգու տունն ավերակ չդառնա, այլ վերականգնվի ու ծաղկի Հիսուս Քրիստոսով, պետք է մեր գործերով ասենք «օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»: Մաղթում եմ, որպեսզի ամենքիս գիտակցության մեջ պահպանվի այն ճշմարտությունը, որ մարդ արարածը միայն Քրիստոսով է կենդանություն ստանում, միայն Նրանով է մաքրվում ու հարստանում մարդկային հոգին, միայն Քրիստոս է, որ իրական ու հարատև երջանկություն է պարգևում, միայն Քրիստոսով է, որ ճանաչում ենք իրական ու անկեղծ սերը: Քրիստոս Իր օրինակով ցույց տվեց, որ յուրաքանչյուր մարդ, առանց տարբերության, արժանի է, որ Աստված մարդանա ու Իր կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար տա: Արդ, սիրելինե՛ր, հետևե՛նք Փրկչի օրինակին, ու մեր կյանքի գնով սիրենք միմյանց՝ առանց պիտակավորելու, արհամարհելու ու տարբերություն դնելու և թող այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ հանդիսանա ճիշտ որոշում կայացնելու և այդ որոշմանը հավատարիմ մնալու՝ ինչ էլ որ պատահի: Թող Ամենակարող Աստված զորացնի մեզ մեր հավատքի մեջ՝ Մեծի Պահոց այս վերջին շաբաթն էլ պատվով անցնելու, մեզ սպասող Հիսուս Քրիստոսին մեր մեջ ապրեցնելու և հավիտյանս օրհնություն ու փառաբանություն մատուցելու Ամենասուրբ Երրորդությանը՝ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

20.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․