23 Նոյեմբեր, Շբ
Լիբիացի ոմն եղբայր եկավ աբբա Սիղվիանոսի մոտ` Պանփեոս լեռը, և ասաց նրան. «Ինձ բազում չարիքներ պատճառած թշնամի ունեմ, քանզի երբ ես գյուղում էի, իմ ագարակը հափշտակեց և բազմիցս դավաճանեց ինձ, վերջերս էլ կախարդություններ կիրարկելով՝ ջանաց վնասել ինձ, ուստի կամենում եմ իշխանի ձեռքը մատնել նրան»: Ծերը նրան ասաց. «Արա՛, որդյա՛կ, ինչպես հաճո է թվում քեզ»: Եղբայրը նրան ասաց. «Այո, աբբա՛, արդարև եթե խրատվի, նրա անձին օգուտ կլինի»: Ծերը դարձյալ ասաց. «Ինչպես որ քեզ հաճո թվա, այնպես էլ արա՛, որդյա՛կ»: Եղբայրը ծերին ասաց. «Արի՛, հա՛յր, աղո՛թք արա, և ես գնամ իշխանի մոտ»; Վեր կացավ ծերը, և սկսեցին աղոթել. «Հայր մեր, որ յերկինս….»: Եվ երբ հասան ասելու «Թող մեզ…», աբբա Սիղվիանոսն ասաց. «….Եվ մի՛ թող մեր պարտքերը, ինչպես որ մենք չենք թողնում մեր պարտապաններին»: Եղբայրն ասաց ծերին. «Այդպես մի՛ ասա, հա՛յր»: Ծերն ասաց. «Ինչո՞ւ, որդյա՛կ: Եթե կամենում ես գնալ իշխանի մոտ, որպեսզի քո վրեժը լուծի, Սիղվիանոսն այսօր ուրիշ աղոթք չի անի քեզ համար»: Եվ եղբայրը ծունկի գալով՝ ներեց իր թշնամուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016