Պետերբուրգում մի բարի և առաքինասեր ազնվազարմ պարոն էր ապրում: Նա տուն և ընկերներ ուներ, սակայն, ցավոք սրտի, շնորհազրկվեց արքայի կողմից, քանի որ նրան զրպարտեցին, գործը դատարան հասավ ու կարող էր մինչև բանտարկության հասնել: Խեղճ մարդը վշտից անկողին ընկավ: Բոլոր նախկին ընկերները երես դարձրեցին նրանից:
Այդ օրերին Վալաամի մենաստանի մի խիստ ճգնավոր՝ Հայր Նազարեթը, Պետերբուրգ եկավ: Նա ճանաչում էր դժբախտ ազնվականին ու նրա տուն գնաց՝ մխիթարելու: Պարոնի կինը Հայր Նազարեթի ոտքերն ընկավ՝ աղերսելով.
- Հա՛յր, աղոթիր, որպեսզի ամուսնուս գործը բարի ավարտ ունենա:
- Լավ,- պատասխանեց ծերը,- իհարկե պետք է Տիրոջն աղոթել, սակայն անհրաժեշտ է նաև թագավորի մերձավորների միջնորդությունը խնդրել: Մի քիչ գումար տվեք ինձ, ինքս նրանց կխնդրեմ ձեզ համար:
Ծերունուն ոսկի բերեցին:
- Ոչ,- ասաց նա,- սա չի լինի: Պղնձե կամ արծաթե մանրադրամներ չկա՞ն:
Դրանք էլ բերեցին և Հայր Նազարեթը, դրանք վերցնելով, հեռացավ:
Ուշ երեկոյան վերադարձավ և հանգիստ ասաց.
- Թագավորի բոլոր մտերիմները խոստացան բարեխոսել ձեզ համար, այնպես որ հանգստացեք և ուրախալի լուրերի սպասեք:
Եվ իսկապես, ծեր վանականը դեռ հիվանդի անկողնու մոտ նստած էր, երբ վերջինս լուր ստացավ իր գործի բարեհաջող ավարտի վերաբերյալ: Ուրախ լուրը բարենպաստ ազդեցություն ունեցավ հիվանդի վրա: Ազնվազարմ պարոնը սկսեց շնորհակալություն հայտնել վանականին ու խնդրեց ասել, թե արքայի մերձավորներից ով է ամենամեծ մասնակցությունն ունեցել այս գործին, որպեսզի կարողանա աղոթել նրա համար ու շնորհակալություն հայտնել: Եվ միայն այստեղ հայտնի դարձավ, որ Հայր Նազարեթը թագավորի մերձավորներից ոչ ոքի մոտ չի եղել: Դրա փոխարեն ողջ օրը քայլել է քաղաքի փողոցներում և ազնվականից վերցրած գումարն աղքատներին բաժանել:
- Այսպիսով, շնորհակալություն հայտնեք Տիրոջը,- եզրափակեց վանականը,- Նա՝ Ողորմածը, լսեց թշվառների աղոթքն ու բարի արքայի սրտում դրեց, որպեսզի վերաքննի ձեր գործը: Եվ Տիրոջ ազնվազարմ պարոններին էլ՝ ձեր բարերարներին՝ աղքատներին ու թշվառներին, չմոռանաք: Նրանց աղոթքը շատ բաների է ի զորու Աստծո գահի առջև:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի