Ծնողական անեծքը մեծ ազդեցություն ունի

Իմացեք, որ ծնողի անեծքը կամ նույնիսկ (ուղղակի) վրդովմունքն ուժեղ ազդեցություն ունի: Եվ եթե նույնիսկ ծնողները չեն անիծել իրենց զավակներին, այլ ուղղակի զայրացել են նրանց պատճառով, ապա վերջիններս մի լուսավոր օր չեն ունենում այլևս, նրանց ողջ կյանքը տառապանք է դառնում: Հետագայում այդպիսի երեխաները շատ են տառապում իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում: Մյուս կայնքում, իհարկե, ավելի հեշտ է լինում նրանց համար, քանի որ իրենց տառապանքներով վճարում են որոշ պարտքեր, որ այստեղ ունեին: Իրականանում է Սուրբ Իսահակի ասածը. «Իր գեհենն է ճաշակում»(1), այսինքն այս կյանքում տառապելով՝ մարդը նվազեցնում է իր դժոխային տառապանքը, քանի որ այս կայնքում տանջվելը դժոխային չարչարանքի ճաշակումն է: Այսինքն, երբ սկսում են հոգևոր օրենքները գործել՝ մարդը որոշակիորեն ազատվում է գեհենից, տանջանքներից:

Բայց այն ծնողներն էլ, ովքեր խոսքի մեջ իրենց երեխաներին սատանայի մոտ են «ուղարկում»՝ նրանց «նվիրաբերում» են նրան»: Դրանից հետո սատանան իրավունք է ձեռք բերում այդպիսի երեխաների նկատմամբ, նա ասում է. «Դու նրանց ինձ ես նվիրաբերել»: Ֆարասում(2) ամուսիններ էին ապրում: Նրանց երեխան շատ լացկան էր և հայրն անընդհատ ասում էր. «Գրողը տանի քեզ»: Եվ ի՞նչ. հայրն այդպես էր ասում նորածնին և Աստծո թողտվությամբ, նա սկսեց օրորոցից անհետանալ: Հետո խեղճ մայրը գնում էր Հաջէֆենդու(3) մոտ. «Օրհնի՛ր, Հաջէֆենդի՛: Երեխայիս դևերը տարան»: Հաջէֆենդին նրանց տուն էր գնում, օրորոցի վրա աղոթքներ կարդում և նորածինը հայտնվում էր: Եվ այդպես՝ անվերջ: «Հաջէֆենդի՛, օրհնի՛ր»,- կրկին ու կրկին ասում էր խեղճ կինն ու մի օր էլ հարցրեց. «Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու»: «Ինձ համար դժվար չէ ձեր տուն գալ,- պատասխանեց սուրբը,- իսկ մի՞թե քեզ համար է դժվար գալ ու կանչել ինձ: Նշանակում է, մի օր էլ սատանան կձանձրանա ու որդուդ հանգիստ կթողնի»: Հենց այդ օրվանից էլ երեխան այլևս չանհետացավ: Բայց երբ մեծացավ՝ նրան «սատանայի ճուտ» անվանեցին: Նա ողջ գյուղն իրար էր խառնում, ոչ ոքի հանգիստ չէր տալիս: Որքա՜ն էր հայրս տառապում դրա պատճառով(4): Այդ տղան մեկ մի գյուղացու մոտ էր գնում ու ասում. «Այսինչն այսպիսի բան է ասել քո մասին», հետո մյուսի մոտ էր գնում ու նույնն ասում: Մարդիկ վիճում էին, գործը նույնիսկ տուրուդմփոցի էր հասնում: Հետո հասկանալով, որ խաբված են, պայմանավորվում էին բռնել զրպարտչին ու պատժել նրան: Բայց նա կարողանում էր այնպես անել, որ վերջ ի վերջո երկուսն էլ ներողություն էին խնդրում նրանից: Ահա, թե որքան էր հմտացել նենգության մեջ: Իսկական «սատանայի ճուտ» էր: Աստված թույլ տվեց, որ դա տեղի ունենար, որպեսզի նորածնի անհետացման պատմության շարունակությունը տեսնելով՝ մարդիկ խելքի գային, զսպեին իրենց ու շատ ուշադիր լինեին: Այժմ չենք խոսում այն մասին, թե Աստված ինչպես է դատելու այդ մարդուն: Պարզ է, որ մեղմացուցիչ հանգամանքներ շատ կան:

Երկրի վրա ապրող մարդկանց համար ծնողի օրհնությունը մեծագույն գանձ է: Ինչպես որ վանական կյանքում քո ծերն է քեզ օրհնություն տալիս: Այդ պատճառով էլ ասում են. «Ծնողական օրհնությունը ձեռքիցդ բաց մի թողնիր»:

Հիշում եմ մի մայր կար, որ չորս զավակ ուներ և նրանցից ոչ ոք չէր ամուսնացել: Մայրը լաց էր լինում. «Կմեռնեմ վշտից,- ասում էր,- երեխաներս չեն ամուսնացել: Աղոթիր նրանց համար»: Նա այրի էր, երեխաներն էլ՝ որբ: Սիրտս ցավեց նրանց համար: Աղոթում էի, աղոթում, բայց ապարդյուն: «Այստեղ մի բան այն չէ»,- մտածեցի ես: «Մեզ վրա թուղթ ու գիր են արել,- ասում էին երեխաները»: «Չէ, թուղթ ու գրից չէ, եթե լիներ՝ կերևար… Իսկ միգուցե ձեր մա՞յրն է անիծել ձեզ»: «Իսկապես որ, Հա՛յր, մանկական տարիներին շատ չարաճճիություններ էինք անում և նա առավոտից երեկո կրկնում էր. «Չոր կոճղերի պես լինեք»: «Գնացեք ձեր մոր մոտ,- ասացի նրանց,- ու ձեր այս վիճակի իրական պատճառն ասացեք, որպեսզի ուշքի գա: Ասացեք, որ մեղքերը խոստովանի, ապաշխարի ու այսօրվանից սկսած անդադար օրհնի ձեզ»: Եվ մեկ ու կես տարվա ընթացքում չորսն էլ ընտանիք կազմեցին: Երևում է, որ այդ խեղճը բավական չէ այրի էր, հեշտությամբ էլ զայրանում էր ու վհատվում: Չարաճճիները նրան հունից հանում էին, իսկ նա էլ անիծում էր նրանց:

- Իսկ եթե ծնողներն անիծեն իրենց երեխաներին, իսկ հետո մահանան, ապա երեխաներն ինչպե՞ս կարող են ծնողական անեծքից ազատվել:

- Իրենց կյանքին անդրադարձ կատարելով՝ հավանաբար կընդունեն, որ ժամանակին անկարգ են եղել, տանջել են ծնողներին և այդ պատճառով էլ նրանք անիծել են իրենց: Եթե գիտակցեն իրենց մեղքը, խոստովանության գնան ու անկեղծորեն ապաշխարեն, ամեն ինչ կշտկվի նրանց մոտ: Հոգևոր աճ ունենալով՝ իրենց ննջեցյալ ծնողներին էլ կօգնեն:

- Հա՛յր, ծնողներս ինձ էլ անիծեցին, երբ մենաստան էի գնում…

- Այդպիսի անեծքները միակն են, որ օրհնություն են դառնում:

 

1) "Наказуемый здесь за свой срам вкушает своей геенны". Иже во Святых Отца нашего Исаака Сириянина. Слова Подвижническия. М.,1993, С. 365.

2) Կապադովկիական Կեսարիայի վեց գլխավոր հունական գյուղերից մեկն է, որ Սուրբ Արսեն Կապադովկիացու և երանելի Պաիսիոս Աթոսացու ծննդավայրն է:

3) Ֆարասի բնակիչներն այդպես էին կոչում Սուրբ Արսեն Կապադովկիացուն:

4) Պաիսիոս Աթոսացու հայրը գյուղի գյուղապետն էր:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

11.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․