«Տուր ժամանակավորը և կստանաս հավիտենականը»

Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Եղիազարյան Մարինեին (46տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց հոգուց բաղկացած Հովհաննիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի Ղուկասավան գյուղի 12 փ. 12 տուն հասցեում: Ընտանիքի երեք զավակներից երկուսն անվճար ուսանում են Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում, իսկ փոքրը՝ Հովհաննիսյան Արամը (13տ.), ով ունի Դաունի համախտանիշ, սովորում է թիվ 27 ներառական դպրոցում: Արամը շատ է սիրում պարել, օգնում է ծնողներին տնային գործերում:

Ընտանիքի մայրը նշեց, որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն. «Ամուսինս աշխատանք չունի, սկեսրայրիս թոշակի, ընտանեկան նպաստի, Արամին հատկացվող հաշմանդամության և հողագործությամբ վաստակած գումարների միջոցով դժվարանում ենք հոգալ մեր կարիքները»: Մարինեն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին, որի միջոցով Արամն անհրաժեշտ բուժհետազոտություններ է անցնելու:

Եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Իմացիր, թե ինչ է կամենում Երկնավոր Հայրն Իր արարածներից՝ տուր ժամանակավորը և կստանաս հավիտենականը, տուր փոքրը և կստանաս հավիտենականը»: Իսկ Ս. Մակար Մեծը հորդորում է. «Թող բարի գործերի կատարման դեմ ոչ ոք չընդդիմանա՝ պատճառաբանելով, իբր անկարող է կատարել հոգին փրկող գործեր, քանզի Աստված չի պատվիրում Իր ծառաներին որևէ անկարելի բան: Այլ ցուցաբերում է այնպիսի լիառատ ու հարուստ սեր և աստվածային բարեգթություն, որ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իրենց կամքի համեմատ որևէ բարի բան գործելու, և նա, ով ունի փութաջանություն, չի մնում առանց փրկության»:

 

Կարինե Սուգիկյան

24.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․