13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, և որ յենուն ի նա իբրև ի Տէր հաստատութեամբ»:
«Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում են նրա վրա, ինչպես Տիրոջ վրա»: (Առակներ 3:18)
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից վերջինը: Եվ այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանի որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, ի համբույր հավատացելոց, դուրս է բերվել Տիրոջ մասունքակիր խաչը: Դարեր առաջ Տիրոջ խաչափայտի մասունքի գտնվելը Վարագա լեռան վրա Թոդիկ և Հովել ճգնավորներին և հայոց երկրի ողջ հոգևորականներին ու աշխարհականներին պարգևում է ցնծություն և ուրախություն, և Ներսես Տայեցի կաթողիկոսի հրահանգմամբ Սուրբ Խաչին նվիրված ևս մեկ տոն է սահմանվում: Խաչին նվիրված երեք տոներին «արժան և իրավ» ավելանում է ևս մեկը:
Յոթերորդ դարում Թոդիկ ճգնավորը և նրա աշակերտ Հովելը ծոմապահությամբ և հարատև աղոթքներով արժանացան Սուրբ Հռիփսիմե կույսի թաքցրած խաչի գյուտին: Մեզ էլ Երկնավոր Թագավորը արժանացրել է խաչափայտի մերօրյա կենդանի հաղորդակցմանը և շնորհաբաշխմանը: Ուստի մեզ համար այսօր ցնծության առիթ է, քանի որ Եղեռնից հետո անհայտ է խաչի մասունքի գտնվելու տեղը: Մենք նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը, սակայն Սուրբ Նշանի պահման վայրը առ այսօր մեզ հայտնի չէ: Իսկ այս մասունքակիր խաչը այսօր մեզ համար մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենսատու խաչին հաղորդակցվելու, երկրպագելու, մեր խոնարհումը բերելու, Նրա զորությամբ մեր մեջ շնորհներ ավելացնելու բացառիկ հնարավորություն և առիթ է:
Որքան են պայքարել մարդիկ Աստծո Որդու խաչափայտի սուրբ մասունքից իրենց մոտ ունենալու համար: Հայ ժողովուրդը ջանքեր և միջոցներ երբեք չի խնայել Սուրբ Խաչի մասունքները ըստ արժանվույն պահելու և իր հարգանքն ու երկյուղածությունը նրանց հանդեպ ցուցաբերելու համար: Եվ դրանք զուտ բառեր չեն, որ հայ քրիստոնյան իր կյանքը չի խնայել հանուն խաչի ու Խաչյալի: Պատահական չէ, որ մենք՝ հայերս, ստացել ենք խաչապաշտ անունը: Մարդիկ համոզված էին, որ խաչը պահպանիչ է ու զորավիգ, հզոր պատվար և ապավեն, ուստի, փորձանքից ու փորձություններից ազատված մարդկանց ասում էին «խաչի պահած»: Հայոց աշխարհի տարբեր վայրերում կարող ենք տեսնել բազմաթիվ խաչքարեր և լսել խաչի հրաշագործությունների հետ կապված զանազան պատմություններ:
Սիրելինե՛ր, թե ուրախ լինենք, անշուշտ, խաչի վրա ենք հենված, մեր ոտքերը ամուր կանգնած են խաչե հենարանի վրա, թե տխուր լինենք, միևնույնն է, խաչյալի ոտքերի մոտ ենք: Մենք՝ քրիստոնյա հայերս, պետք է փորձենք Սուրբ Աստվածածնի և Հովհաննես առաքյալի նման չհեռանալ Խաչի վրա գամված Քրիստոսից, որպեսզի Նա հոգա մեր մասին, ինչպես Սուրբ Մարիամ Աստվածածնին հանձնեց Հովհաննես առաքյալի խնամքին: Փորձենք ձախակողմյան ավազակի նման, Տիրոջը այնքան մոտ լինելով, հանդուգն և ամբարիշտ չլինել, այլ աջակողմյան ավազակի նման ասել. «Հիշի՛ր, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ» (Ղուկաս 23:42): Կյանքի վերջին վայրկյանին ավազակը հասկացավ, թե Ում հետ է խաչվում և չկորցրեց իր փրկության հնարավորությունը: Միգուցե այնքան չէր կարող ըմբռնել, ինչքան որ մեզ այսօր տարբեր միջոցներով քարոզվում, խոսվում ու պատմվում է Աստծո Որդու խաչելության նպատակի, փրկագործության խորհրդի՝ մարդկության փրկության մասին, բայց այդ մի քանի րոպեում նա ապահովեց իր փրկությունը՝ խոստովանելով Հիսուս Քրիստոսին: «Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես»» (Ղուկաս 23:43): Գրաբարում «խոստովանել» բառը շատ հետաքրքիր իմաստներ ունի, բացի «մեղքերը հայտնելու» նշանակությունից, այն առաջին հերթին ունի «դավանել, ընդունել իբրև ճշմարտություն», «ճանաչել», «ընդունել», «գոհանալ» և «բարեբանել» իմաստները, այնպես որ մեզ սրանք խորհելու առիթ են տալիս, որ մենք ևս ավազակի նման խոստովանենք Հիսուս Քրիստոսին՝ իբրև Փրկիչ, իբրև Աստծո Որդի:
Քրիստոս որքան տանջանքներ կրեց խաչի վրա, այնքան էլ շնորհներ բաշխեց մեզ խաչի միջոցով: Որքան անասելի չարչարանքներ կրեց խաչի վրա, այնքան էլ բազմապատկեց խաչի օրհնությունները: Բացի օրհնություններից՝ առաջին հերթին Նա խաչի միջոցով պատարագվեց՝ մեր փրկության համար: Խաչը, ինչպես բոլորին հայտնի է, մահվան գործիք էր, բայց դարձավ փրկագործ կենաց ծառ: Այսօր շեշտադրել խաչի՝ մահվան գործիք լինելը անմտություն է: Իրականում և ճշմարտապես այն մեզ՝ երկրավորներիս երկինք հանող սանդուղք է, մի նոր լուսեղեն ճանապարհ: Խաչը հոգին ոռոգող ջուր է. ով մոտենում է նրան, լվացվում է կենսատու ջրով և հոգեպես նորոգվում: Ինչպես գաղատացիներին ուղղված նամակում Սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Հիսուս Քրիստոսով ո՛չ թլպատությունն է մի բան և ո՛չ էլ անթլպատությունը, այլ՝ նոր արարած լինելը» (Գաղատացիներ 6:15), հետևաբար մենք պետք է Խաչյալին երկրպագելով փոխվենք, վերածնվենք և նոր մարդ դառնանք:
Խաչելությունը մարդկության պատմությունը բաժանում է երկու մասի, և կենտրոնում Հիսուս Քրիստոսի խաչելությունն է ու մարդկությանը պարգևած փրկությունը: Սա պատմության բոլորովին նոր էջն է: Այն հիմնովին փոխում է մարդկության պատմության ընթացքը, նոր ընթացք տալիս մարդկանց կյանքին: Տիրոջ խաչելությունը ապահով նավահանգիստ է երկրային կյանքի փոթորկվող ծովում ալեկոծվողների համար, զգոնության կոչ է ընդարմացածների համար, բժշկություն է հիվանդների համար, մխիթարություն է վշտացածների համար: Հիսուս Քրիստոս ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ (Մատթեոս 11:28):
Տիրոջ խաչելությունը կարծես եկեղեցի կանչող առաջին զանգը լինի, որ Իր մոտ է հրավիրում բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից ու սեռից: Կանչում է՝ ազդարարելու համար նոր կյանքի սկիզբը, Քրիստոսով փրկությունը: Այլևս անհնար է ապրել միայն երկրային կյանքի սպասելիքներով, հոգսերով, նպատակներով, կյանքը կապել միայն այս աշխարհի հետ, միայն այս կյանքով բավարարվել և այս կյանքում փնտրտուքներ ունենալ, որովհետև Քրիստոսի խաչելությունը թե՛ նոր ձև ու իմաստ է հաղորդում այս աշխարհին ու կյանքին և թե՛ մեր կյանքը անքակտելիորեն կապում է Երկնային Արքայության հետ:
Սիրելինե՛ր, մաղթում եմ բոլորին ապավինել Սուրբ Խաչի զորությանը, որովհետև Խաչը զորավոր պատվար է մեզ բոլորիս համար: Թող այն զարդարի ոչ միայն մեր պարանոցները և մեր տները, այլև նրանով զարդարվեն ու լցվեն մեր միտքը, հոգին ու սիրտը՝ նոր բովանդակություն հաղորդելով մեր կյանքին, ապրելակերպին ու հոգեկերտվածքին:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան