Վարդավառի ժողովրդական սովորությունները

Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ:

Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում: Ըստ Գ. Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից և նշանակում է ջրի ցնցղում կամ թափում: Որոշ հեղինակներ վարդավառ բառը  ամբողջությամբ կամ մասնակիորեն համարում էին սանսկրիտերեն: Ս. Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին մասն է («վարդ») սանսկրիտերեն թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը («ավար») զուտ հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով: Որոշ հեղինակների կարծիքով էլ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, ինչպես նաև մատաղը, աղավնին և խնձորը: Այս տոնը տոնվում էր՝ իրար վրա ջուր ցողելով, վարդեր նվիրելով և աղավնիներ բաց թողնելով, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է:

Տոնի ժամանակ միմյանց ջրում էին բոլորը ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Այդ օրը սկեսուրի վրա նույնիսկ չխոսկան հարսն էր համարձակվում ջուր լցնել կամ քավորի վրա` սանամայրը և ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում: Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, խաղերով:

Լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով էր, ավելի շատ կազմակերպում էին հեռավոր ուխտագնացություններ: Ժողովուրդը, մի քանի օրվա պաշար վերցնելով, մեկնում էին սրբավայրեր. Տավուշի Այգեհովիտ գյուղի և շրջակա բնակավայրերի համար`Սրվեղի վանք, Զանգեզուրում Սալվարդի (Սալվրդի), Իշխանասարի Սուրբ Օհաննեսը (Հովհաննեսը) և հատկապես Խուստուփ լեռան սրբավայրերը: Այդուհանդերձ վարդավառյան համահայկական նշանավոր ուխտավայրը` Մշո Սուրբ Կարապետն էր: Պատահական չէ, որ շատ տեղերում (օրինակ`Կեսարիայում) ավանդական այդ տոնը կոչվում էր «Սուրբ Կարապետ»: Այս ուխտագնացություններն ուղեկցվում էին մատաղներով և զանգվածային խնջույքներով:  Ուխտավորներն օրերով էին մնում այդ սրբավայրերում, ուր կազմակերպվում էին ամենատարբեր միջոցառումներ`խաղեր, ըմբշամարտեր, փահլևանների մրցույթներ, ձիարշավներ, աշուղների մրցույթներ, տոնավաճառներ և այլն: Այդ ուխտավայրերը հաճախ հանդիսանում էին աղջիկտեսի և երիտասարդության ծանոթության գլխավոր վայրեր:

Վարդավառի առնչությամբ նորապսակների ազգականներն էին առաջին հերթին միմյանց նվերներ մատուցում` մրգեր, չրեղեն, հագուստներ և զարդեղեն: Հաճախակի էին նաև վարդի փնջերի և ծաղիկների նվիրատվությունները:

Հատկապես տարածված էր խնձոր նվիրելու սովորույթը:

Վարդավառը շատ հաճախ զուգադիպում էր խոտհնձի և բերքահավաքի շրջանին:

Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին եկեղեցի տանում`խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Բասենում առավոտյան եկեղեցու բեմը և սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Նախիջևանում վաղ առավոտյան կանայք թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով, խաչաձև կապում էին երեխաների կրծքին և տանում եկեղեցի:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

05.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․