Վարդավառյան ուրախությունը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում

Իրար վրա ջուր ցողելու տոն. Վարդավառ տոնի առավել հաճախակի հանդիպող բացատրություն: Այնինչ եկեղեցական բոլոր տոները, ինչպես նաև Վարդավառը, բացի արտաքին շերտից ունի նաև ներքին խորը բովանդակություն, ուր անհրաժեշտ է ներթափանցել, հասնել նպատակին՝ քաղելով սպասելի պտուղները:

Տոնի հոգևոր խորհուրդը բոցավառում և կենդանացնում է մեր հավատը, փոխում մեր կյանքը: Հակառակ պարագայում, երբ չկա պատրաստակամություն խորամուխ լինելու տոնի պատմությանը, ապա սպասելի պտուղն էլ չի կարող լինել:

Բոլորի կողմից սիրված այս տոնը՝ Վարդավառը, առավել ուրախություն և ոգևորություն է պարգևում երեխաներին: Ուրախ այս տոնին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու նորաբաց կիրակնօրյա դպրոցը պատրաստել էր իր առաջին ներկայացումը:

Կիրակնօրյա դպրոցի սաները Սբ. Պատարագից հետո հրավիրում էին բոլորին միասին տոնախմբելու տոնն իր ամբողջ խորությամբ:

Մինչ այդ երեխաները մեծ նախանձախնդրությամբ իրենց մանկավարժ Սիրանուշ Գյումրույանի հետ պատրաստվել էին տոնին:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը տիկնանց միության անդամների կողմից տոնական տեսք էր ստացել. տոնը խորհրդանշող ծաղիկները, խնձորներն ու կիրակնօրյա դպրոցի սաների կողմից գունավորված աղավնիներն էին զարդարել ողջ բակը, իսկ երեխաներն էլ ջանասիրաբար վարդաջուրն էին պատրաստել: Բակային բեմի կենտրոնում հրեշտակներ դարձած կիրակնօրյայի սաներն էին, նրանց մեջ փոքրիկ գեղեցկուհի Շուշանն Աստղիկ դիցուհին էր, Մարին էլ ՝վարդաջրի աղջիկը:

Միջոցառման սկիզբը դրվեց «Տերունական աղոթք»-ով հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Ապա երեխաները մանրամասնորեն ներկայացրեցին, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից Վարդավառը նշում է Սուրբ Հարության տոնից 14 կամ Հոգեգալուստից 7 շաբաթ հետո: Իսկ թե ինչո՞ւ Քրիստոսի հարությունից ու համբարձումից հետո, պատասխանն էր՝ քանի որ Քրիստոս պատվիրել էր Իր առաքյալներին, որ Իր մասին չպատմեն մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը:

Ապա ներկաներն ունկնդիր եղան տոնի Ավետարանական պատմությանը. Քրիստոս այլակերպվեց Թաբոր լեռան վրա՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Ապա մեր Տերը լույսերով ողողվեց, քանի որ, ըստ Ավետարանների, Քրիստոսն է Աշխարհի Լույսը, ճշմարտության Լույսը: Երեխաները լավ գիտեին և բոլորին պատմեցին այլակերպության ժամանակ Քրիստոսի երկու կողմերում հայտնված մարգարեների՝ Մովսեսի և Եղիայի մասին՝ մեռյալների և ողջերի աշխարհից եկած: Մարգարեները Քրիստոսի հետ զրուցում էին Նրա վերահաս տառապանքների ու խաչելությամբ մահվան մասին: Այլակերպությանը ներկա երեք առաքյալները՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, զմայլված էին սքանչելի տեսարանից, և Պետրոսը տեսարանից արբեցած բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավար շինենք, մեկը՝ Քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»:

Միջոցառման մյուս հատվածում երեխաներն անդրադարձան նաև տոնի ժողովրդական սովորությանը, «Վարդավառ»-ի անվան հետ կապված Սբ. Գրիգոր Տաթևացու մեկնությանը: Հետաքրքիր էր եռամեծար վարդապետի վարդի չորս գույների հոգևոր խորհուրդների բացատրությունը. կանաչը՝ որպես Քրիստոսի հասակի գեղեցկություն, կարմիրը՝ խաչի վրա հեղված արյան, սպիտակը՝ Աստվածության, իսկ դեղինը՝ Քրիստոսի անմեղության խորհուրդ:

Տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ Վարդավառի միջոցառումը հաջողվեց, որովհետև պայծառակերպության տրամադրություն կար: «Նույն զգացումներն ու ապրումներն ունեցա, ինչ ունեցել էի Իսրայելում Թաբոր լեռան վրա, այնտեղ էլ կար ուրախություն, պայծառություն, ծաղիկներ: Կարևորը մեծ թե փոքր մասնակից դարձան պայծառակերպության ուրախությանը, տոնի ժողովրդական տոնախմբությանը»,- ասաց տիկին Սաթենիկը և իր շնորհակալությունը հայտնեց տիկնանց միության այն անդամներին, ովքեր տոնական միջոցառմանը իրենց մասնակցությունն ու աջակցությունն ունեցան:

Տոնի անբաժանելի մի մասն է միշտ համարվել ազգային երգն ու պարը: Ինչպես միշտ, այնպես էլ այս օրն այն իր շուրջը համախմբեց բոլորին: Բակը գրավեց պարերից «Յարխուշտա»-ն, ապա տիկնանց միության անդամներն ու հյուրերը հնչեցրին ազգային խրոխտ երգեր: Վարդավառի տոնական մասը շարունակվեց իրար վրա ջուր ցողելու ժողովրդական սովորությամբ: Բոլորը՝ փոքրից մեծ, հայտնվել էին վարդաջրով լի աշխարհում: Այնուհետև բոլորին սպասում էին տոնական սեղանները:

Երեխաների սիրով պարուրված ջերմ ներկայացումը տպավորել էր հանդիսատեսին, ըստ իրենց, նրանք դարձել էին պատմության անմիջական մասնակիցը: Տոնը ներքին բովանդակությամբ և խորությամբ նշեցին և ապրեցին կիրակնօրյա դպրոցի սաները՝ բաժնեկից և մասնակից դարձնելով բոլոր ներկաներին:

Այսպիսով, Ճշմարիտ Լույսի փառավորման տոնը ուղենշեց բոլորիս համար դեպի Լույսը տանող ճանապարհը: Հավիտենական կենդանի Արեգակը՝ Քրիստոս, շողարձակելով, լուսավորեց և լուսավորում է համայն մարդկությանը՝ ի չիք դարձնելով խավարը: Տոնը պատգամում է՝ Լույսն ընդունելու և լուսավորվելու համար անհրաժեշտ է մաքուր պահել սրտի պատուհանը, այս դեպքում հոգին սկսում է տեսնել ավելի պայծառ, լայն և խորը:

 

Կարինե Սուգիկյան

12.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․