23 Դեկտեմբեր, Բշ
Տեառնընդառաջի նախատոնակին՝ փետրվարի 13-ին, այս կոչին ընդառաջ, Հայ եկեղեցու մեծ թվով հավատավոր զավակներ իրենց քայլերն էին ուղղել դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տոնի նախապատրաստությունն ազդարարվեց հանդիսավոր ժամերգությամբ, որի ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ ու անդաստան: Քահանան, եկեղեցու ատյանում շրջելով, օրհնեց աշխարհի չորս կողմերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչներին:
Ապա, ժամերգության ավարտին, եկեղեցական թափորը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Քրիստոսին խորհրդանշող Սուրբ Սեղանի կանթեղի լույսով և «Քրիստոս փառաց թագաւոր» տաղի երգեցողությամբ եկեղեցու բակում վառեց Տեառընդառաջի խարույկը:
Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է բացատրում կրակ վառելու իմաստը. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»:
«Տեառընդառաջի տոնը հրավեր է բոլորիս՝ ընդառաջ գնալու մեր Փրկչին, հետևելով Սիմեոն ծերունու օրինակին: Ընդառաջ գնալով մեր Տիրոջը՝ ինքներս մեզ համար վկայակոչենք և բացահայտենք, որ Քրիստոսից եկող լույսն ու ջերմությունը մեր հավատքով և ունեցած նվիրումով կլուսավորի մեր կյանքի ընթացքը: Աստվածային այդ լույսի ներքո մենք կկարողանանք զանազանել և զատել իրարից աստվածային սերը, պատգամներն ու պատվիրանները, որոնք մեզ կառաջնորդեն դեպի խաղաղության, երջանկության և աստվածահաճո կյանքի՝ հավիտենական կյանքի հույսը պարգևելով»,- պատգամեց Տեր Վահանը ներկաներին:
Կենտրոն վարչական շրջանը, ԱՀԹ-ի հետ համագործակցությամբ, արդեն չորրորդ տարին է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպում է Տեառնընդառաջին նվիրված տոնակատարություն: Այս տարի Տեառնընդառաջի ավանդական խարույկի շուրջ պարեցին «Կարին» ավանդական մշակութային միության «Ծովակ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը և Կենտրոն վարչական շրջանի ենթակայության ներքո գործող «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ի «Արմենիա» պարային համույթի սաները: Տոնակատարությանը, ինչպես նշեց Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, էթնոերաժշտագետ Մարգարիտ Սարգսյանը, մշտապես մասնակցում են Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների և արվեստի դպրոցների երաժշտության դաստիարակներն՝ իրենց սաների հետ միասին:
Տեառնընդառաջի տոնակատարությանը նորապսակներից մասնակցում էին Էդգարն ու Անին, ովքեր, Աստծո օրհնությամբ զորացած, փորձում են տոնի խորհրդի համաձայն Տիրոջն ընդառաջ գնալ:
Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը:
Կարինե Սուգիկյան