Զանգերի օծում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Հոկտեմբերի 22-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անդամների համար նշանավորվեց երեք նոր զանգերի օծման հանդիսավոր արարողությամբ: Կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանի ձեռամբ օծվեցին զանգերը, որոնք եկեղեցուն էին նվիրաբերել համայնքի անդամներ Շամիրյան Ռոբերտ և Մկրտումյան Մեդեա ամուսինները: Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին, շնորհակալություն հայտնեց Շամիրյան ընտանիքին՝ մաղթելով Աստծո օրհնությունը:

Նավասարդ Սրբազանը բարձր գնահատեց նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, ում ջանասիրության շնորհիվ եկեղեցին օրեցօր բարեզարդվում է` ի վայելումն մեր հավատավոր հայորդիների:

Ուրախալի իրադարձության առթիվ Սրբազան հայրը իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին՝ ասելով. «Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ, երբ զանգի ղողանջի հնչումը թափանցի ձեր հոգու խորքը, այնժամ ձեր քայլերը կուղղեք դեպի եկեղեցի՝ Աստծո տուն՝ ձեր սիրտն ու հոգին բանալու Տիրոջ առջև: Զանգերի ղողանջի հնչումը Աստծո պատկերի նմանությունը փնտրող ճամփորդներին հրավիրում է աղոթքի՝ Աստծո հետ հաղորդակցության: Կենդանի հաղորդակցության ղողանջը ձեզանից յուրաքանչյուրին հաղորդակից կդարձնի ճշմարիտ և կենդանարար հաղորդակցությանը՝ մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս, ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, զի քաղցր է Տէր: Սիրելի՛ հավատացյալներ, Աստծո օրհնությունն ենք խնդրում նաև յուրաքանչյուրիդ համար, որ դուք Աստծո տունը լույսի մեջ եք պահում, ձեր հոգուց ճառագող լույսերի մեջ: Եվ այդ զգալի և արթուն լույսը ջերմացնում է մեր սրտերը: Աստված օրհնի ձեր ընթացքը, և ձեր աղոթքները թող հասնեն Տիրոջը, որպեսզի երբ զանգերը ղողաջեն, և դուք ընդառաջ գնաք Տիրոջը, Տերը բնակվի ձեր սրտերի մեջ: Ամեն»:

Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:

Այսուհետ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջը կոչելու է իր զավակներին աստվածպաշտության, ընդհանրական աղոթքի և Տիրոջն օրհնաբանելու՝ «Բոլոր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը» (Սաղմոս 150:6): Միաժամանակ հիշեցնելով, որ մոռացության չմատնենք մեր անմահ հոգին, հոգանք մեր փրկության մասին, մուտք գործելով փրկության տապանը՝ եկեղեցին, ուր Տերը կանչում է բոլորիս՝ ասելով. «Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլորդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ» (Մատթեոս 11:28):

 

Կարինե Սուգիկյան

22.10.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․