Զաքարիա մարգարեն (Զաքարիա նշանակում է «Տերը հիշում է») Բարաքեի որդին էր, ով ծնվեց Իսրայելում Դարեհ թագավորի իշխանության 2-րդ տարվա 8-րդ ամսին (Զաքարիա 1:1):
Մարգարեները հին Իսրայելի հովիվներն են, որոնց Տերը նախապես ընտրելով՝ առաքեց աշխարհ՝ ավետարանելու Աստծո Որդու գալուստը, և նրանք Տիրոջ գալստյան խորհուրդը հայտնեցին բազում տեսիլքներով ու օրինակներով: Նրանք «հեռվից» տեսան Քրիստոսին:
Զաքարիան 12 փոքր մարգարեներից մեկն է, Նեեմի գրքում նա կոչվում է քահանայական տոհմի գլուխը: Նա և՛ քահանա էր, և՛ մարգարե: Երիտասարդ տարիքից մարգարեական շնորհ է ստացել: Նրա մարգարեության տարեթիվը դրվում է Ք. ա. 520-518թթ.:
Զաքարիան ժամանակակից է Անգե մարգարեին: Նրանք Տաճարի վերաշինման շրջանում մեծապես նպաստել և համագործակցել են, ինչպես հաստատում է Եզրասի երկրորդ գիրքը. «Անգե և Զաքարիա մարգարեները, Իսրայելի Տեր Աստծո անունով, մարգարեություն արեցին Հրեաստանի ու Երուսաղեմի մասին: Այդ ժամանակ վեր կացան Սաղաթիելի որդի Զորոբաբելը, Հոսեդեկի որդի Հեսուն և սկսեցին կառուցել Իսրայելի Տեր Աստծո տունը. մարգարեները միաբանեցին նրանց հետ և օգնում էին նրանց» (Բ Եզրաս 5:1-2):
Զաքարիան կշտամբում էր Երուսաղեմ վերադարձած հրեաներին՝ անտարբերության, հոգևոր անփութաջանության ու չար արարքների համար:
Զաքարիա մարգարեի գիրքը բաղկացած է 14 գլուխներից և Աստվածաշնչում ամենամեծն է փոքր կոչված մարգարեների գրքերի մեջ: Ամենից շատ նա է մարգարեացել Տեր Հիսուսի մասին: Նրա գրքում խոսվում է Փրկչի երկրային կյանքի վերջին օրերի, Տիրոջ՝ ավանակի վրա նստած Երուսաղեմ մուտքի, 30 արծաթով Նրա մատնության, Փրկչի խաչելության ժամանակ արևի խավարման մասին: Նա կանխատեսում է Հիսուսի խաչելությունը, գեղարդով խոցվելը և Իր աշակերտներից լքվելը (Զաքարիա 9:9-10, 11:12-13, 12:10, 13:7):
Զաքարիայի գիրքը կոչվում է նաև հույսի գիրք, քանի որ պատկերվում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Գրքում ցույց է տրվում, թե ինչպես իսրայելական համայնքի հույսը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի:
Ըստ Ավետարանի տվյալների, Զաքարիան սպանվել է Տաճարի մեջ (Մատթեոս 23:35), իսկ ըստ եկեղեցական ավանդության, թաղվել է Անգե մարգարեի կողքին` Երուսաղեմի մոտակայքում: Կա նաև ավանդություն, թե հետագայում նրա նշխարներից բերել են Հայաստան:
Կամեց Կարինե Սուգիկյանը