25 Նոյեմբեր, Բշ
Տիեզերական երկրորդ ժողովը գումարվեց 381 թ. Կոստանդնուպոլսում: Ժողովը նախագահում էր Սուրբ Գրիգոր Նազիանզացին, ով անվանվել է նաև Աստվածաբան: Եկեղեցական կանոնների համաձայն` այն քաղաքի եպիսկոպոսը, որտեղ գումարվում է ժողովը, պետք է լիներ ժողովի նախագահը, մինչդեռ Գրիգորը Կոստանդնուպոլսի պաշտոնական եպիսկոպոսը չէր: Նա Կոստանդնուպոլիս էր հրավիրվել մի խումբ հավատացյալների կողմից` հաստատելու ուղղափառ հավատքը, քանի որ այդ ժամանակ արիոսական հերձվածողները դեռևս մեծ ազդեցություն ունեին և զբաղեցնում էին քաղաքի գլխավոր եկեղեցիները: Երկու տարիների ընթացքում Սուրբ Գրիգոր Աստվածաբանը հաջողություն ունեցավ իր առաքելության մեջ և դարձավ իր հոտի սիրված հովիվը:
Պոլսի ժողովը գումարվել էր դատապարտելու Մակեդոնի ուսմունքը, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սակայն ժողովը գումարվել էր այլ խնդիրներ ևս լուծելու: Բացի Մակեդոնի հարցից երկու խնդիրներ ևս կային` առնչված Կոստանդնուպոլսի և Անտիոքի եպիսկոպոսների հետ: Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, ինչպես նշվեց, Կոստանդնուպոլսի պաշտոնական եպիսկոպոսը չէր, այլ հրավիրյալ եպիսկոպոս էր: Կոստանդնուպոլսում նրա կեցության ընթացքում մի ցինիկ փիլիսոփա` Մաքսիմ անունով, եկավ Գրիգորի մոտ` որպես մի մարդ` հետաքրքրված ուղղափառ հավատքով և հավատքի սկզբունքներով: Սուրբ Գրիգորը նրան ապաստան և կերակուր տվեց իր տանը: Բայց մինչ հացկերույթների ընթացքում Մաքսիմը հավատքի մասին էր խոսում Սուրբ Գրիգորի հետ, նրա թիկունքում մեքենայություններ էր պատրաստում, որպեսզի ինքը դառնա Կոստանդնուպոլսի եպիսկոպոս: Մաքսիմը կարողացավ համաձայնության գալ Ալեքսանդրիայի Պետրոս եպիսկոպոսի հետ: Մի գիշեր, երբ Սուրբ Գրիգորը քնած էր, Եգիպտոսից կրոնավորներ եկան և սկսեցին Մաքսիմի ձեռնադրության արարողությունը: Սակայն արարողության կեսից առավոտյան լույսը բացվեց, և քաղաքացիները, իմանալով գաղտնի ձեռնադրության մասին, եգիպտացիներին և Մաքսիմին արտաքսեցին քաղաքից: Վերջիններս ստիպված եղան արարողությունը շարունակելու և ավարտելու մեկ այլ տեղում:
Կոստանդնուպոլսի ժողովը դատապարտեց Մաքսիմին և Կոստանդնուպոլսի եպիսկոպոս հռչակեց Գրիգորին: Ժողովի ընթացքում Գրիգորը խոսեց Անտիոքի եպիսկոպոսի օգտին: Անտիոքում երկու եպիսկոպոսներ կային, քանի որ առաջին եպիսկոպոսն աքսորվել էր, և նրա աքսորի ընթացքում մեկ ուրիշ եպիսկոպոս էր փոխարինել նրան: Բայց հետո աքսորյալ եպիսկոպոսը վերադարձել էր: Ժողովի օրերին Անտիոքի առաջին եպիսկոպոսը մահացել էր, և Սուրբ Գրիգորը ցանկանում էր, որ երկրորդ եպիսկոպոսը լիներ Անտիոքի հոգևոր առաջնորդը: Այս դեպքում, ըստ Սուրբ Գրիգորի, որևէ հակառակություն չէր լինի: Սակայն ժողովի Հայրերը ձայների մեծամասնությամբ որոշեցին մեկ այլ եպիսկոպոս նշանակել: Եգիպտացի հոգևորականները ժողովի առաջին օրերին ներկա չէին: Երբ նրանք ժամանեցին, տեսնելով, որ երկու գլխավոր հարցեր լուծվել են առանց իրենց մասնակցության և հատկապես եպիսկոպոսության իրենց ներկայացրած թեկնածուն մերժվել է, ժողովի նախագահի` սուրբ Գրիգորի դեմ ելան: Նրանք վկայակոչեցին այն կանոնը, որի համաձայն որևէ մեկը չի կարող միաժամանակ երկու քաղաքների եպիսկոպոս լինել: Սուրբ Գրիգորը իր ընկերոջ` Կեսարիայի եպիսկոպոս Բարսեղի կողմից ձեռնադրվել էր Սասիմա գյուղաքաղաքի եպիսկոպոս: Սակայն Գրիգորը դժկամությամբ էր գնացել այս ձեռնադրությանը: Սասիման ոչ կարևոր, կիսակայարանային վայր էր, և Սասիմայում պաշտոնական թեմ չկար հաստատված: Եվ պաշտոնականորեն գոյություն չունեցող թեմի եպիսկոպոս դառնալը ճակատագրական եղավ Գրիգոր Աստվածաբանի համար, և նա այլևս չկարողացավ որևէ այլ քաղաքի եպիսկոպոս դառնալ: Գրիգորն ապշած էր այս մեղադրանքից: Իր բանաստեղծական գրությունների մեծ մասը նա գրել է Կոստանդնուպոլսում և դրանցից մեկում ասում է, որ իր դեմ հանեցին մի եկեղեցական կանոն, որը վաղուց ի վեր դադարել էր գործելուց: Սակայն հակամարտությունից խուսափելու համար Գրիգորը հրաժարվեց ժողովի նախագահությունից ու Կոստանդնուպոլսի եպիսկոպոսությունից և լքեց քաղաքը: Իր ծխին ուղղված հրաժեշտի խոսքի մեջ Սուրբ Գրիգորը եպիսկոպոսական առաջնորդական աթոռը կոչում է նախանձոտ ու վտանգավոր բարձրություն հոգևորականի համար: Իր այլ բանաստեղծություններում Երկրորդ տիեզերաժողովի Հայրերը կոչվում են վայրի խոզեր, որոնք հարձակվում են մեկը մյուսի վրա իրենց ժանիքներով և եռում են զայրույթով: Զարմանալի է, որ Եկեղեցական ժողովի Հայրերը, ովքեր վիճաբանություն ունեցան սուրբ Գրիգոր Աստվածաբանի հետ, հետագայում Եկեղեցու կողմից սրբացվեցին` հակառակ սուրբ Գրիգորի տված այսպիսի բացասական գնահատականի: Մենք չենք ասում, որ սրբերը թերություններից զուրկ մարդիկ են եղել: Սակայն սրբացման հարցում Եկեղեցին ուշադրություն է դարձնում ոչ թե քրիստոնյաների բնավորության երկրորդական բաներին, այլ հավատացյալների ամբողջ կյանքի ընթացքին ու գործերին: Այս կերպ Եկեղեցին սրբացրել է հոգևորականների, ովքեր հակասություններ ու հակառակություններ են ունեցել միմյանց հետ, ինչպես օրինակ, Կյուրեղ Ալեքսանդրիացին և Եպիփան Կիպրացին ընդդեմ Հովհան Ոսկեբերանի: Եվ Կոստանդնուպոլսի ժողովի Հայրերի սրբացումը հասկանալի կլինի, երբ անդրադառնանք, որ սրբեր են նաև Պողոս և Պետրոս առաքյալները: Նրանք ևս հակառակություններ են ունեցել, որոնց մասին իմանում ենք Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղված թղթի երկրորդ և երրորդ գլուխներից, որտեղ Պողոսը Պետրոսին նույնիսկ կեղծավոր է կոչում (Գաղ. 2.14): Գործք առաքելոցից գիտենք, որ Պողոսը վիճաբանել և նույնիսկ գործունեության մեջ բաժանվել է Բառնաբասից Մարկոսի պատճառով (Գործք 15.37-39):
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից