«Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի»

Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ մարդն ազատ է իր ցանկությունների, արարքների, ինչպես նաև մտքերի ընտրության մեջ և ինքն է որոշում, թե ինչ մտածի, ինչպես մտածի և իր միտքը ինչով զբաղեցնի:

Բարի միտք ունեցողն ամեն ինչ բարի է տեսնում, դա է վկայում Հայր Պաիսիոս Աթոսացու հետ տեղի ունեցած հետևյալ դեպքը: «Մի օր ինձ մոտ եկավ մի տղա, որ սովորում էր գիմնազիայի 2-րդ դասարանում: Նա դուռը թակում էր և թեև մեծ թվով նամակներ ունեի կարդալու, բայց որոշեցի հարցնել, թե ի՞նչ է ուզում: Տղան պատասխանեց, որ ուզում է Հայր Պաիսիոսին տեսնել: Նրան ասացի, որ նա այստեղ չէ, գնացել է ծխախոտ գնելու»: «Երևում է Հայրը բարի մտադրությամբ է գնացել ծխախոտի ետևից, որովհետև ուզում է որևէ մեկին ծառայություն մատուցել»,- պատասխանեց տղան: «Իր համար է գնացել,- ասում է Հայր Պաիսիոսը,- նրա մոտ վերջացել էին ծխախոտները, և նա, ինչպես խելագար, սլացավ դեպի խանութ: Ինձ այստեղ մենակ թողեց, և ես չգիտեմ, թե երբ է վերադառնալու: Եթե տեսնեմ, որ շատ է ուշանում, ես էլ կգնամ»: Երեխայի աչքերում արցունքներ հայտնվեցին, և նա նորից բարի մտադրությամբ ասաց. «Ինչպես ենք մենք հոգնեցրել մեր Հորը»: «Իսկ ինչո՞ւ ես ուզում նրան տեսնել,- հարցնում եմ»: «Ուզում եմ,- ասում է,- նրանից օրհնություն ստանալ»: «Ի՞նչ օրհնություն, հիմարիկ: Այնպիսի անխոհեմ մարդ է նա, ես նրան գիտեմ որպես խաբեբայի: Այնպես որ իզուր ես սպասում: Եվ երբ նա վերադառնա, տրամադրություն չի ունենա, բացի այդ էլ հարբած կգա»: Սակայն, ինչ էլ ասում էի այդ երեխային, ամեն ինչին նա վերաբերվում էր մաքուր ու բարի մտադրությամբ,- նշում է Հայր Պաիսիոսը: «Լավ,- ասացի ես այդ ժամանակ,- ես մի փոքր էլ կսպասեմ Պաիսիոսին: Ասա, ի՞նչ ես ուզում, ես նրան կփոխանցեմ»: «Ինձ մոտ,- պատասխանում է,- Հայր Պաիսիոսի համար նամակ կա, բայց ես կսպասեմ նրան, որպեսզի օրհնություն ստանամ»: Տեսնում եք, ինչ էլ որ ասում էի, ամեն ինչ նա ընդունում էր բարի մտադրությամբ: Ես նրան ասում եմ. «Այդ Պաիսիոսը, ինչպես խելագար, սլացավ ծխախոտների ետևից», իսկ նա, այդ լսելով, աչքերում արցունքներ հայտնվեցին. «Ով գիտի, ինչու է նա նրանց ետևից գնացել,- մտածեց նա,- երևի ուզում է բարի գործ կատարել»: Շատերն այդքան կարդում են, բայց բարի մտքեր չունեն: Իսկ այս երեխան, որ ընդամենը երկրորդ դասարանում է սովորում, ունի այդպիսի բարի մտքեր: Դու նրա մտքերը փչացնում ես, իսկ նրա մոտ նախորդից ավելի լավ մտքեր են առաջանում: Այդ երեխան ինձ հիացրել է: Այդպիսի բան առաջին անգամ էի տեսնում»:

Վիթխարի է մտքի ուժը, մտքից են սկիզբ առնում արարքները, ուստի կարևոր է, որ միտքն ուղղորդենք դեպի բարին և ոչ հակառակը: Ըստ Հայր Սավվայի՝ «Հոգու խաղաղությունը հնարավոր չէ պահպանել, եթե չհետևենք մեր մտքին, կամ չվանենք այն մտքերը, որոնք աստվածահաճո չեն»: Իսկ բարերար Ջոն Թեմփլթոնը կյանքը փոխելու այս բանաձևն է առաջարկում. «Կյանքը փոխելու ամենալավ միջոցն է՝ ամեն օր փոխել մտքերը, զգացմունքները, բառերը և արարքները»: Մաքուր միտք ունեցողը կարողանում է դիմացինի մեջ տեսնել աստվածային գեղեցկությունը՝ Աստծո պատկերն ու նմանությունը, և ուրախանալ նրանով:

Մարդը հակված է մեղանչելու իր մտածումներում: Եկեղեցու վարդապետները սովորաբար որպես մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում հոգին, միտքը և մարմինը: Ուստի երբ մարդը մեղանչում է, մեղանչում է թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ մարմնով: «Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի»,- ասում է Տերը (Բ Օրինաց 15:9): «Մի բարեպաշտ մարդ Լավր անունով, իրեն Աստծուն նվիրելու և Երկնքի արքայությունը ժառանգելու ցանկությամբ, թողեց իր գյուղը և գնաց սարերը, որպեսզի արմատախիլ անի իր հոգու բոլոր ցանկությունները: Մի քանի տարի նա անցկացրեց պահքի և աղոթքի մեջ՝ մտածելով միայն Աստծո մասին: Երբ նա վերադարձավ գյուղ, համագյուղացիները հիանում էին նրա սրբությամբ: Բոլորը նրան համարում էին Աստծո ճշմարիտ մարդ: Այդ նույն գյուղում ապրում էր Ֆադեյ անունով մի մարդ, որը նախանձում էր Լավրին և համագյուղացիներին ասում էր, որ նա նույնպես կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին Լավրն է: Այդժամ Ֆադեյը գնաց սարերը և իր օրերն անցկացրեց պահեցողությամբ: Մոտ մեկ ամիս անց վերադարձավ: Երբ համագյուղացիները հարցրեցին, թե ինչով էր զբաղված այդքան ժամանակ, նա պատասխանեց. «Ես սպանում էի, գողանում, ստում, զրպարտում էի մարդկանց, մեծարում ինքս ինձ, շնանում էի, այրում էի տներ»: «Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ, եթե դու մենակ էիր այնտեղ»: «Այո, մարմնով առանձին էի, բայց հոգով և սրտով ամբողջ ժամանակ ես մարդկանց մեջ էի, և այն, ինչ չէի կարող անել ձեռքերով, ոտքերով, լեզվով և մարմնով, անում էի մտքով» (Ս. Նիկոլայ Սերբսկի):  

«Մարմնի գործողությունները պահանջում են ժամանակ, հարմար առիթներ, ջանք, նպաստավոր պարագաներ և ուրիշ բազում տեսակի հանգամանքներ, մինչ մտքի շարժումները կատարվում են որևէ պահի, գործվում են առանց ջանքի, կազմվում են առանց դժվարության. որևէ առիթ նպաստավոր է մտածումների համար»,- ասել է  Ս. Բարսեղ Կեսարացին՝ հավելելով. «Մարմնի արարքները կարող են խոչընդոտվել բազում արգելքներով, բայց ով մեղանչում է ցանկանալով՝ նույն մեղքը գործում է մտքի արագությամբ»:

Աստված գիտի մեր բոլոր մտածումները, մարդկային սրտի ամենագաղտնի խորհուրդները ճանաչելու կարողությունը միայն Նրան է վերապահված, միայն Աստված կարող է սրտեր կարդալ: Մարդիկ զուրկ են այդ կարողություղից: Անդամալույծին բժշկելուց առաջ Հիսուս կարդում է փարիսեցիների մտքերը և բարձրաձայն հայտարարում. 

- Դուք ինչո՞ւ եք ձեր մեջ չար բան մտածում (Մատթեոս 9:4):

Մեկ ուրիշ տեղում էլ Հիսուս ասում է. «Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք, քանի որ բերանը սրտի մեջ եղածից է խոսում: Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթեոս 12:34-35):

Քանի որ երեք ձևով ենք մեղանչում,- գրում է Ս. Գրիգոր Տաթևացին,- ուստի անհրաժեշտ է երեք ձևով էլ ապաշխարել՝ խորհրդով, խոսքով և գործով: Մտքի փոփոխությամբ կընտրենք ապաշխարության ուղին, քանի որ ապաշխարություն բառը հունարեն μετάνοια. («մեթանոյիա»)  բառն է, որ նշանակում է «մտածողության, մտքի փոփոխություն»:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կոչ է անում մեր ապրելակերպի և մտածողության փոփոխություն՝ մերժելով մեղավոր գործերն ու մտքերը: Սուրբ Ներսես Շնորհալին իր «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարում այս նկատի ունի, երբ նշում է. «Հոր իմաստություն՝ Հիսուս, տուր ինձ իմաստություն, որ ամեն ժամ քո առաջ խորհեմ և խոսեմ և գործեմ բարին. և չար խոհերից, խոսքից, գործերից փրկիր ինձ. և ողորմիր քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս» (ԺԱ):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

03.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․