Զինվորյալ եկեղեցու անդամների ուխտի ուղին՝ հանուն Հայաստան և Արցախ աշխարհի

Եկեղեցական կյանքի անբաժանելի մասն է ուխտագնացությունը, որ ընթացք է դեպի Աստված: Աղոթքի այս ուղին հավատքի մեջ աճելու և կատարելագործվելու միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս ուխտավորին ոչ միայն սրբավայրեր այցելել, այլև տեսնել սեփական թերությունները, տկարությունները, ինչպես նաև Աստծու զորությունը, աջակցությունն ու օրհնությունը: Հանուն Աստծու հետ միավորման և հոգու զորացման՝ ուխտավորն ուխտի ճանապարհին համբերում է որոշակի դժվարությունների, ինչն օգնում է գոհունակ սրտով վերաբերվելու կյանքի դժվարություններին և ամեն ինչի համար երախտագետ լինելու Աստծուն։

Հոկտեմբերի 15-ին՝ Սուրբ ավետարանիչների հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ: Տեր Հայրը շնորհավորեց ուխտավորներին չորս ավետարանիչների հիշատակության առթիվ և մաղթեց, որ ինչպես չորս ավետարանիչները բարի և սքանչելի լուրը գրի առան ու հայտնեցին ի լուր ողջ աշխարհի, այժմ էլ Տիրոջ օրհնությամբ իրենցից յուրաքանչյուրն իր կյանքով այդ ապրեցնող ավետիսի տարածման մասնակիցը դառնա:

Ուխտի երկարաձիգ ճանապարհն ուխտավորներին առաջնորդեց նախ՝ Սանահինի վանական համալիր (10-րդ դ.), ուր նրանք միասնաբար աղոթեցին և Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայաստան ու Արցախ աշխարհի և Հայոց բանակի համար: Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին՝ կրկին համախմբելով միասնական աղոթքի շուրջ, Հաղպատի վանական համալիրն էր (10-րդ դ.): Միջնադարյան այս սրբավայրում «Զորավոր արանց» միության անդամները Սուրբ ավետարանիչների բարեխոսությանը դիմեցին: Որպես աղոթակից ունենալով ավետարանիչներին՝ ուխտավորները խնդրեցին Տիրոջից, որ Իր խոսքով լուսավորի, հոգեպես նորոգի և հավատի մեջ ամրացնի ու զորացնի յուրաքանչյուր հայորդու: Հոգենորոգ օրվա վերջին սրբավայրերը, որ այցելեցին ուխտավորները, Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին էր (6-րդ դար) և Արդվիի Ս. Հովհաննես վանքը։ Վերջինում իրենց խոնարհումը բերեցին Հովհան Օձնեցու շիրիմին՝ խնդրելով հայրապետի բարեխոսությունը: 

Հերթական ուխտագնացությունն ուխտավորների հերթական ջանքի պտուղն էր ու Աստծու պարգևը՝ հոգեպես նորոգվելու, զորանալու, սպառազինվելու և որպես զինվորյալ եկեղեցու անդամներ՝ շարունակելու պայքարը չարի և մեղքի դեմ (Եփես. 6:10-20):

 

Կարինե Սուգիկյան

 

15.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․