Գրքեր

«Զորավոր Ավետարանը» գիտական լուսաբանությամբ

Յուրաքանչյուր Ավետարան, իր սուրբգրային արժեքից զատ, պատմամշակութային ինքնատիպ հուշարձան է: Մեզ է հասել ձեռագիր ավետարանների մի ամբողջ շտեմարան, որը մեր միջնադարյան ձեռագրական ժառանգության զգալի մասն է կազմում: Դրանք աչքի են ընկնում հատկապես գրչարվեստի ու մանրանկարչության կատարման վարպետությամբ, ինչես նաև կաշեպատ ու մետաղյա ճոխ կազմերով:

Տարբեր ավետարանների վերագրվում է որևէ զորություն՝ զանազան հրաշագործություններ, հիվանդությունների բժշկություն, խնդրակատար հատկանիշներ: Այս շարքին է պատկանում նորերս Արարատյան Հայրապետական թեմի առաջնոր­դական փոխա­նորդ Տ․Նավասարդ արք․Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, Գեղամ և Արամ Ղուկասյանների մեկենա­սու­թյամբ, Մատենադարանի երի­տասարդ գիտաշ­խա­տողներ Արսեն Հարությունյանի և Արփինե Սիմոնյանի աշխատասիրությամբ հրատարակված «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրությունը, որտեղ առաջին անգամ փորձ է արված հանգամանալից քննու­թյան ենթարկել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի № 4060 «Ավետարան» ձե­ռագ­րի ստեղծման, ապա տարբեր վայրեր փոխադրելու պատմու­թյու­նն ու ման­րանկար­չական արվեստը:

            Աշխատության կարևոր արժեքներից մեկը նրա վավերագրական հագեցվածությունն է, փաստագրական նյութի հարստությունը, և գիտահետազոտական հիմնավորումը:

Աշխատությունն ունի «Երկու խոսք» խորագրով ներածություն, ուր արձանագրվում է Մատենադարանի մի շարք ձեռագրերի գրչական և մանրանկարչային բացառիկ կատարելությունը, որոնցում առանձնանում են հանրության մեջ «հրա­շա­գործ», «խնդ­րա­կատար», «զորավոր» և այլ անվանումներ ստացած ձեռագրեր: Պատմվ֊ում է նաև «Զորավոր» Ավետարանն ուսումնասիրելու գաղափարի հղացման մա­սին, որը պայմանավորված է Ավետարանը Ս. Մովսես Տաթևացի հայրապետի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի տանելով, երբ եկեղե­ցու քահանա Տ. Գրիգոր Գրիգորյանը իր ցանկությունն է հայտնում գիտաշխա­տողներին՝ կազմել մի ամփոփ և ընդգրկուն ուսումնասիրություն, որի նպատակը կլինի հանրությանն ու հավատացյալներին հաղորդակից դարձնել մինչ օրս պատշաճ ուշադրության չարժա­նացած մագաղաթյա հուշարձանի ստեղծման ու տարբեր վայրեր փոխադրելու պատ­մությանը, գրչարվեստին, մանրանկարչությանը, հիշատակարանին և, վերջապես, «Զորավոր» կոչվելու ավանդությանը:

Նախաբանին հաջորդում է Մատենադարանի ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատ­մական գիտ. թեկնածու Արսեն Հարությունյանի ուսումնասիրությունը՝ «Զորավոր» Ավետարանի ստեղծման ժամանակի ու հիշատակարանների մասին: Ա. Հարություն­յանը բերում է նախ հայագիտության մեջ շրջանառվող այն կարծիքը, որ «Զորավոր» Ավետարանը բազում ընդհանրություններ ունի Կիլիկյան նշանավոր Սմբատ Գունդստաբ­լի Ավետարանի հետ: Ուսումնասիրելով մագաղաթյա մատյանին կցված թղթյա երկու էջերի հիշատակարանները, ճշգրտում է  և պարզում, որ Բջնիի և Արարատյան թեմի առաջնորդ Մանուել եպիսկոպոսը հեղինակն է ոչ թե ողջ ձեռագրի, այլ ընդամենը վերջինիս գրչին է պատկանում ձեռագրի գնման և ընծայման պատմությունը․ այն գնվել է Երևան­ցի Վիշապի (Ուշապ) ու Ջանանի որդի Հակոբի արդար վաստակով, և մոտավորապես ԺԳ դարավերջին «Զորավոր» Ավետարանը տեղափոխվել է Երևանի Երկուերեսնի կոչվող եկեղեցի: Ա․Հարությունյանը անդրադառնում է նաև ձեռագրի մեկ ուրիշ կազմողի կամ նորոգողի հիշատակարանին՝ Երկերեսնի եկեղեցու սպասավոր Ներսես Մոկա­ցու վկայությանը, որի համաձայն՝ «Վիշապկենց» կոչվող Ավետարանի զորությանը  շատերը հիշյալ շրջանում ականատես են եղել:

Ձեռագրի ուսումնասիրության հետաքրքիր մասերից է նաև Ավետարանի հանգրվանման պատմությունը, որտեղ հեղինակը տեղին անդրադառ­նում է երբեմնի գոյություն ունեցած և շատերին անհայտ Երևանի Երկուերեսնի (եկեղեցին այդպես է կոչվել երկու բեմ ունենալու պատճառով)  կոչված եկեղեցուն նախ այն պատճառով, որ ձեռագրի և՛ ստացողի, և՛ կազմողի հիշատակարաններում վկայված է այս եկեղեցին:

«Զորավոր» Ավետարանի հաջորդ հանգրվանը կապվում է իր անվամբ կոչվող Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հետ: Ա․Հարությունյանը ընդգծում է այն  տեղեկությունը, որ եկեղեցում երկար ժամանակ պահվող մի հրաշագործ Ավետարանի պատճառով Ս. Աստվածածինը կոչվել է նաև Ս. Զորավոր, երբ 1835 թ. Ս. Անանիայի անապատը դադարել է լինել մենաստան ու դարձել ծխական եկեղեցի՝ հանձնվելով Մարաղայի գաղթականներին (մինչև ծխական եկեղեցի դառնալը վանքը հայտնի է եղել իբրև Ս. Անանիա առաքյալի անապատ): Հենց մարաղացիների խոսակցական լեզվում էլ եկեղեցին կոչել են Ս. Զորավոր՝ դառնալով յուրահատուկ երդման կամ վկայության բանաձևի առարկա՝ «Էն սուրբ Զօրաւորը վկայ, էն սուրբ Զօրաւորը գիտենայ»:

Ավետարանի հաջորդ հանգրվանը Արտազի Ս. Թադեոս առաքյալի վանքն է եղել, որտեղ տեղափոխվել է անհայտ պատճառներով, ապա 1911 թ. տեղափոխվել է Էջմիածին: Վերջին հանգրվանը դարձյալ Երևանն է (1939թ.)․ այս անգամ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Ուսումնասիրության կից բերվում է Ավետարանի մասին բանավոր ավանդություն, ըստ որի՝ Ավետարանը գրվել է Սևանի անապատում և թշնամու ասպատակություններից մեկի ժամանակ հայտնվելով լճում՝ Հրազդան գետով հասել է մինչև Երևան: Այստեղ այն գտել է մի կին ու նվիրել Ս. Անանիա Առաքյալի անապատին, որտեղ Ավետարանը մնացել է մինչև ԺԹ դարավերջ:

Ուսումնասիրությունը շարունակում է Մատենադարանի ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի գիտաշխատող Արփինե Սիմոնյանը ««Զորավոր» Ավետա­րանի մանրանկարչությունը» քննությամբ: Ա. Սիմոնյանը համամիտ է և գործնա­կանում ապացուցում է այն կարծիքը, որ ձեռագիրը կրում է կիլիկյան մանրանկարչության դպրոցի դրոշմը, ինչպես նաև արել է արժեքավոր արվեստաբանական ընդհանրացումներ:

Աշխատությանը կից տրված են ձեռագրի ընդարձակ նկարագրությունն ու Ավե­տարանի մանրանկարների լուսանկարները: Նկարագրության մեջ հիշատակա րան­ները բերված են նաև աշխարհաբար տարբերակով, ինչից ևս աշխատությունը շահում է:

Սույն գրչագիր Ավետարանի հետազոտության հրատարակությունը իր նշված առումներով դառնում է կարևոր գրական հուշարձան հայ միջնադարյան ձեռագրերի հրատարակման մեջ և գալիս է իր արժանի և պատվավոր տեղը գրավելու միջնադարյան մյուս հրատարակված ձեռագիր ուսումնասիրու­թյունների  շարքում:

 

Աննա ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան երկշաբաթաթերթ

10.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․