«Զորավոր» երիտասարդաց միության միասնական աղոթքը Տաթևի վանական համալիրում

«Զորավոր» երիտասարդաց միության միասնական աղոթքը Տաթևի վանական համալիրում | Zoravor Eritasardac Miutyan Miasnakan Aghotqy Tatevi Vanakan Hamalirum

Հոկտեմբերի 23-ի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Տաթևի վանական համալիր։

Երկար ու ձիգ ճանապարհը երիտասարդներն անցան աղոթքով ու խոկումով։ Հասնելով հայոց հոգևոր ժառանգության նշանավոր սրբավայրերից մեկը՝ ուխտավոր երիտասարդները հոգևոր մեծ ուրախություն ապրեցին՝ փառաբանելով Տիրոջը, որ հնարավորություն ընձեռեց իրենց՝ միասնաբար աղոթելու վանական այդ համալիրում։ Նրանց համար ուխտագնացությունը հավատքի վերանորոգման, հոգու զորացման և քրիստոնեական արժեքների շուրջ համախմբվելու կարևոր առիթ էր։

Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը։ Ուշ գիշերով երիտասարդները, Հայր Միքայելի գլխավորությամբ, մասնակցեցին Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու երրորդ, վեցերորդ և իններոդ ժամերգություններին: Հասարակաց աղոթքին մասնակցությամբ երիտասարդները միասիրտ և միաբերան փառաբանեցին Տիրոջը։ Արարողությունների ավարտին միությունը վայելեց սիրո ճաշը, որին հաջորդեց հոգեշահ զրույցը Հայր Սուրբի հետ: Հանդիպումը, որն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով, նպաստեց, որ երիտասարդներն առավել խորությամբ ըմբռնեն քրիստոնեական կյանքի խորհուրդը։

Տաթևի վանական համալիրում անցկացրած օրը «Զորավոր» երիտասարդաց միության անդամների համար դարձավ հոգևոր վերելքի, աղոթքի, հաղորդակցության և ներքին զորացման օրհնաբեր ժամանակաշրջան։ Ուխտագնացությունը ևս մեկ անգամ ընդգծեց միասնական աղոթքի, հավատքի ամրապնդման և հայոց հոգևոր ժառանգությանը հաղորդ լինելու կարևորությունը՝ երիտասարդների սրտերում թողնելով լուսավոր հիշողություններ ու հոգևոր նոր լիցքեր։

 

Կարինե Սուգիկյան

25.10.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․