23 Դեկտեմբեր, Բշ
Դեկտեմբերի 20-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Սբ. Պատարագի ավարտին Ամանորի և Սբ. Ծննդյան տոների նախապատրաստման եռուզեռ էր. Սբ. Ծննդյան մսուրն էր պատրաստվում, տոնածառը զարդարվում: Առավել նկատելի էր համայնքի անդամների երեխաների, կիրակնօրյա դպրոցի սաների և «Զորավոր» երիտասարդաց միության ոգևորությունը: Իսկ մինչ այդ, բոլորը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ Տերունական և գործ սկսելուց առաջ աղոթքներն ասացին:
Խավարից կյանքի վերածնունդը խորհրդանշող մշտադալար եղևնին՝ Սբ. Ծննդյան ծառը, բոլորի և առավել ևս փոքրիկների կողմից զարդարվում էր գույնզգույն խաղալիքներով, շողշողուն զարդաշղթաներով և լույսերով:
Թեև ցուրտ էր, բայց ուրախ տրամադրությունը, միասնական աշխատանքը ջերմության մթնոլորտ էր ստեղծել: Օրվա ուրախությունն ուրախ նոտաներով զարդարեցին կիրակնօրյա դպրոցի սաները: Սբ. Ծննդյան մսուրի մոտ նրանք երգեցին «Սուրբ Գիշեր», «Օ՜, իմ սիրուն հրեշտակներ», «Զանգակներ» երգերը, իսկ տոնածառը զարդարելիս՝ «Տոնածառ ջա՜ն, տոնածառ»: Իրենց մանկավարժ Սիրանուշ Գյումրույանը նշեց, որ երեխաները նույն խանդավառությամբ պատրաստվում են նաև Սբ. Ծննդյան տոնախմբությանը:
«Այսօր՝ Սբ. Ծննդյան տոնից օրեր առաջ, համայնքի յուրաքանչյուր անդամ՝ փոքր թե մեծ, Սբ. Ծննդյան մսուրի և տոնածառի շուրջ համախմբված վերապրում և կիսում է մեկը մյուսի հետ տոնի ուրախությունը: Սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ ուրախություն ենք ապրում Տիրոջով, Ով կյանք շնորհեց և փրկության ճշմարիտ ճանապարհը հարթեց յուրաքանչյուրիս համար: Եվ միասնական աշխատանքը կրկնապատկում է բոլորիս ուրախությունը»,- ասաց Տեր Գրիգորը:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ և տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ համայնքից ներս տոնն առավել ևս ամբողջանում է սիրո ու ջերմությամբ մթնոլորտում, և միասնական աշխատանքը բարի նպատակի համար իր բարի պտուղներն է տալիս:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակի Սբ. Ծննդյան մսուրը և Ծննդյան տոնածառը մեկ անգամ ևս հիշեցնում են մեզ այն կատարյալ ուրախության մասին, որին արժանացանք բոլորս Աստծո ողորմածությամբ:
Կարինե Սուգիկյան