5 Դեկտեմբեր, Եշ
«Քրիստոսը հաճեց բնակվել Սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար». յուրաքանչյուր հայ քրիստոնյա հոգևոր մեծ ուրախություն և մխիթարություն է ապրում այս խոսքերից, որ հնչեց Տիրոջ կողմից 7-րդ դարում Վարագա լեռան մոտ հայտնված խաչանիշ լույսից: Արևմտյան Հայաստանի Վարագա լեռան վրա Սբ. Հռիփսիմեին պատկանող Քրիստոսի Խաչափայտի մասունքի գտնվելու զարմանահրաշ պատմությունն արդեն 1400 տարի է, որ Հայ եկեղեցին հիշատակում է և տոնախմբում: Իր խաչը վերցրած և խաչի ճանապարհով անցնող ամեն մի անձ, խաչակից լինելով Քրիստոսին, վստահաբար առաջ է ընթանում դեպի Քրիստոսը, Ում փրկարար Խաչը ծաղկեց հարությամբ՝ հավիտենական կյանք պարգևելով բոլորին:
Ազգային և զուտ հայկական Վարագա Սբ. Խաչի տոնն այս տարի Հայ եկեղեցին տոնախմբեց սեպտեմբերի 25-ին: Տոնի օրը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Ստեփանավանի Սբ. Սարգիս, Վարդաբլուրի Սբ. Աստվածածին եկեղեցիներ և Հնեվանք: Վաղ առավոտյան մինչ ճանապարհ ընկնելը, ուխտավորները Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար «Տերունական» և ուխտավորի աղոթքներն ասացին, այնուհետև երգեցին «Տեր ողորմեա» շարականը: Թվով հիսուն ուխտավորներն ուխտի ճանապարհ անցան՝ խնդրելով, որ Տերն առավել զորացնի իրենց մեծ ընտանիքը:
Ուխտավորների հաջորդ միասնական աղոթքը հնչեց բազում դարերի պատմություն ունեցող Ստեփանավան քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցում (12-րդ դար), այնուհետև Վարդաբլուրի Սբ. Աստվածածին եկեղեցում (1876 թ.) նրանք մասնակից եղան Սբ. և Անմահ Պատարագին:
Պատարագիչը եկեղեցու և հարակից վեց գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանն էր: Տեր Հայրը նախ ողջունեց ուխտավորներին և իր ուրախությունը հայտնեց նրանց՝ Վարդաբլուրի Սբ. Աստվածածին եկեղեցում ուխտավորաբար գտնվելու առթիվ, ապա մաղթեց, որ Տերն ի կատար ածի բոլորի ուխտը, իսկ տոնի և ուխտագնացության վերաբերյալ մասնավորաբար ասաց. «Միայն հայ մարդը կարող է հասկանալ Վարագա Սբ. Խաչի տոնի ազգային արժեքը և հոգևոր իմաստը: Խաչափայտի խորհուրդն ինչ-որ իմաստով անքննելի է, որովհետև երբեմն մարդը դժվարություն է ունենում ընկալելու, թե ինչպես կարող է անշունչ իրն անձնավորվել, դառնալ գաղափար՝ բարեխոս դառնալով համայն մարդկության համար: Խաչափայտը Քրիստոսի Սուրբ Արյան ներգործությամբ վեր է ածվում մեծագույն սրբության, որին քրիստոնյաները սպասում են՝ որպես նախակարապետ Քրիստոսի Երկրորդ Գալստյան: Ցանկացած սրբություն կարող է կորչել, անհայտանալ, եթե մարդիկ ունակ չլինեն այն ընկալելու և Աստծո համար ամենամեծ սրբությունը մարդու հոգու մաքրությունն է»: Իսկ ուխտագնացությունը Տեր Մերուժանը համարեց՝ որպես եկեղեցու արյան շրջանառություն, քանի որ ուխտի մեկնած համայնքները, մեկը մյուսին սնունդ հաղորդելով, զորակցում են միմյանց:
Սբ. Պատարագի ավարտից հետո ուխտավորները սիրո ճաշ ունեցան, ապա շարունակեցին իրենց աղոթքի ուղին՝ ոտքով քայլելով դեպի Հնեվանք, որ գտնվում է Կուրթան ձոր կոչվող վայրում: 7-րդ դարում կառուցված սրբավայրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն ընդհանրական աղոթք ունեցավ:
Տոնը յուրաքանչյուրին իր անցած և անցնելիք խաչի ճանապարհի մասին հոգևոր մտորումների և խոկման առիթ է տալիս: Իր մտորումներով մեզ հետ կիսվեց Տեր Գրիգորը՝ ասելով. «Կարևոր է, որ այս տոնին մեր սրտերի հայացքն ուղղենք դեպի մեր հավատքի առանցքը` Խաչը ու տեսնենք մեր Փրկչին` Աստվածորդուն, որն իր կյանքը տվեց` մեզ մեր մեղքերից փրկելու համար: Խաչին նայելով տեսնենք այն անզուգական սերը, որը մեզ փրկություն պարգևեց: Երբ նայում ենք Խաչին ու տեսնում նրա վրա անասելի տառապանքներ կրած մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, ապա մեր սրտերը լցվում են մեծ ցավով: Սակայն, երբ հասկանում ենք, թե ինչի համար Հիսուս Քրիստոս մեռավ խաչի վրա, ապա տխրությունն ուրախության է փոխվում: Վարագա Խաչի այս տոնին, այդ նույն Սուրբ Խաչը թող շողա յուրաքանչյուրիս սրտում: Նրա նշանով զորանանք մեր հավատքի մեջ և Պողոս առաքյալի նման ուրանանք մեր անձը և մեր խաչը վերցնելով` հետևենք մեր Փրկչին ու Պողոս առաքյալի նման ասենք. «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղատացիներ 6:14)»:
Վարագա Սբ. Խաչի տոնը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի սրտում ևս մեկ անգամ ամրապնդեց այն ուրախարար պարծանքը, որ ունի միայն քրիստոնյան, դա Սբ. Խաչի և Քրիստոսին միացած լինելու պարծանքն է:
Կարինե Սուգիկյան