Գրքեր

ԶՈՒՅԳԵՐԻ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ Է ԱՍՏԾՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի օր մեկն ինձ մոտ եկավ և ասաց, որ շատ տխուր է, որովհետև համաձայնության չի գալիս իր կնոջ հետ: Տեսա, որ որևէ լուրջ բան չկա նրանց միջև: Մի խնդիր ամուսինն ուներ, մի խնդիր՝ կինը և չէին կարողանում հաշտվել: Երկուսն էլ մի փոքր հղկման կարիք ունեին: Օրինակ՝ վերցնենք երկու անհարթ տախտակներ: Մեկը մի տեղում կորություն ունի, մյուսը՝ մեկ ուրիշ տեղում, և երբ ուզում ես իրար փակցնել, չի հաջողվում: Սակայն եթե ռանդայով երկու տախտակների կոր տեղերը մի փոքր հղկես, անմիջապես կկպչեն:

Որոշ տղամարդիկ ինձ ասում են. <<Համաձայնության չեմ գալիս կնոջս հետ. տարբեր բնավորություններ ունենք: Ինչպե՞ս է Աստված այդպիսի տարօրինակ բաներ անում: Չէ՞ր կարող այնպես տնօրինել, որ տղամարդն ու կինը իրար համապատասխանեին, որ կարողանային ապրել հոգևոր կյանքով>>: Իսկ ես պատասխանում եմ. <<Չե՞ք հասկանում, որ բնավորությունների տարբերության մեջ թաքնված է Աստծու ներդաշնակությունը: Տարբեր բնավորությունները ներդաշնակություն են ստեղծում: Քավ լիցի, եթե նույն բնավորություններն ունենային: Մտածեք, թե ինչ կլիներ, եթե օրինակ՝ երկուսն էլ հեշտությամբ բարկանային: Կկործանեին ընտանիքը: Կամ եթե երկուսն էլ մեղմ բնավորություն ունենային: Կանգնած կքնեին: Եթե երկուսդ էլ գծուծ լինեիք, մի կողմից իրար կհամապատասխանեիք, սակայն երկուսդ էլ դժոխք կգնայիք: Եթե երկուսդ էլ առատաձեռն լինեիք, կարո՞ղ էիք պահպանել ընտանիքը. այն կկործանեիք, իսկ ձեր երեխաները դրսում կթափառեին: Եթե մի ծուռ մարդ ամուսնանա ծուռ կնոջ հետ, ճիշտ է կհամապատասխանեն, սակայն մեկ օրում կմեռնեն: Դրա համար ի՞նչ է կատարվում: Աստված այնպես է տնօրինում, որ լավ մարդը ամուսնանա ծուռ մարդու հետ, որպեսզի փոխօգնություն ստանան>>:

Զույգերի բնավորությունների չնչին տարբերություններն օգնում են, որ ստեղծվի մի ներդաշնակ ընտանիք, որովհետև մեկը մյուսին լրացնում են: Ավտոմեքենայի համար պարտադիր է և գազը, որ առաջ գնա, բայց նաև արգելակիչը, որ կանգնի: Եթե ավտոմեքենան միայն արգելակիչ ունենար, չէր շարժվի, և եթե միայն գազ ունենար, չէր կարող կանգնել: Մի անգամ մի զույգի ասացի. <<Քանի որ իրար համապատասխանում եք, դրա համար էլ իրար չեք համապատասխանում>>: Ենթադրենք զույգերից երկուսն էլ զգայուն են, և եթե մի բան պատահի տան մեջ, երկուսն էլ իրենց կկորցնեն: Այսինքն՝ մեկը մյուսին օգնում է, որ ավելի մտնի հուսահատության մեջ, այսինքն՝ չի կարողանում նրան մի փոքր քաջալերել և ասել. <<Սպասի՛ր, այնքան էլ լուրջ չի այն, ինչ որ կատարվում է մեզ հետ>>: Դա տեսել եմ շատ զույգերի մոտ:

Երեխաների դաստիարակության գործում էլ, երբ զույգերը տարբեր բնավորություններ ունեն, կարող են ավելի շատ օգտակար լինել իրենց երեխաներին: Օրինակ՝ զույգերից մեկը ոտքը դնում է արգելակիչին և երեխաներին ազատ չի թողնում, իսկ զույգերից մյուսն ասում է. <<Երեխաների ազատ թող>>: Եթե երկուսն էլ երեխաներին ճնշեն, կկորցնեն նրանց: Եվ եթե երկուսն էլ երեխաներին ազատ թողնեն, կրկին կկորցնեն նրանց: Մինչդեռ բնավորությունների տարբերությամբ երեխաներին պահում են հավասարակշռված վիճակում:

Ուզում եմ ասել, որ ամեն ինչ անհրաժեշտ է: Բնականաբար, զույգերից յուրաքանչյուրը չպետք է սահմանն անցնի, այլ յուրաքանչյուրն իր ձևով օգնի մյուսին: Օրինակ՝ եթե ուտում ես մի բան, որ շատ քաղցր է, ցանկանում ես ուտել նաև որևէ աղի բան: Ենթադրենք շատ խաղող ես ուտում, հետո անմիջապես ցանկանում ես ուտել մի քիչ էլ պանիր, որպեսզի քաղցրությունն անցնի: Կամ եթե բանջարեղենները շատ դառն են, չեն ուտվում: Սակայն  մի փոքր դառը օգնում է, ինչպես նաև մի փոքր թթուն: Սակայն ով որ թթու է, ասում է. <<թող բոլորն ինձ նման թթու լինեն>>, ով որ դառն է, ասում է.<<թող բոլորն ինձ նման դառը լինեն>> և մեկ ուրիշը, որ աղի է, ասում է. <<թող բոլորն ինձ նման աղի լինեն>>:

 

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

22.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․