Հովսեփը ինչքա՞ն ժամանակ մնաց բանտում:

Երեք տարի: Սակայն մի կարծիր, թե Աստված նրա վրայից վերցրել էր Իր խոստումը կամ պակասեցրել էր հսկողությունը, այլ մեծ փառքով այնտեղից հանելու համար է այնքան ժամանակ թողնում բանտում: Քանի որ թագավորների սիրտը Աստծո ձեռքում է (Առակ. 21:1), և ահա՛ Եգիպտոսի փարավոն թագավորը, իր երկու պաշտոնյաների՝ տակառապետի և մատակարարի վրա բարկանալով՝ Հովսեփի գտնված բանտն է նետում նրանց, որոնք երկուսն էլ նույն գիշերվա մեջ երազ տեսնելով՝ պատմում են Հովսեփին: Տակառապետը երազում մի որթատունկ է տեսնում, որի վրա երեք դալար ճյուղեր կային, և սրանց վրա՝ երեք ողկույզ, իր ձեռքում փարավոնի գինու բաժակն էր, որի մեջ երեք ողկույզները քամելով՝ տալիս է փարավոնին: Հովսեփը պատասխանում է, որ երեք ճյուղերն ու երեք ողկույզները երեք օր է նշանակում, ուստի երեք օրից պաշտոնիդ պիտի հասնես: Մատակարարն էլ տեսնում է, թե գլխի վրա երեք ամաններ կային, և դրանց մեջ թագավորի կերած կարկանդակներից էին, և դրանցից թռչուններն ուտում էին: Հովսեփը պատասխանում է, որ երեք օրից թագավորը գլուխդ կտրելու է, փայտից կախի և մարմինդ թռչունները պիտի ուտեն:

Արդարև Հովսեփի մեկնության համեմատ կատարվեց: Քանի որ երրորդ օրը, որը փարավոնի ծննդյան օրն էր, նա իր ծառաներին և մեծամեծերին խնջույք տալու առթիվ հիշելով վերոհիշյալ պաշտոնյաններին՝ տակառապետին վերահաստատում է իր պաշտոնի մեջ և մատակարարին կախել է տալիս: Հովսեփը տակառապետի երազը մեկնելու ժամանակ հիշյալին խնդրում է, որ փարավոն թագավորին աղաչելով՝ իրեն բանտից հանի:

Օրինակ վերցրու Հովսեփի առաքինությունից. ճշմարիտ է, որ իր ազատության համար է աղաչում, սակայն գլխին եկած դժբախտությունը եղածին պես չպատմելով, հնարավորինս լավ լույսի տակ է բացատրում և ներկայացնում իր խնդիրը, որպեսզի ոչ ոքի մեղադրած կամ բամբասած չլինի: Քանի որ փոխանակ հայտնելու, որ իր եղբայրները վաճառեցին իրեն, և իր տիրոջ կինը զրպարտեց իրեն, պարզապես ասում է, որ ինձ գողացան իմ երկրից և առանց հանցանք գործելու՝ բանտ գցեցին այստեղ (Ծննդ. 40:13):

Իրոք, իր եղբայրները իրենց հոր գրկից գողացան իրեն, և որպես գողոն վաճառեցին հանդիպած մարդուն, նույնպես ճշմարիտ է, որ Եգիպտոսում առանց որևէ հանցանք գործելու բանտարկվեց: Այո՛, Հովսեփը ինչ ասեց և պատմեց՝ ճշմարիտ էր, սակայն ամբողջությամբ ճշմարտությունը չհայտնեց: Քանի որ մարդը պարտավոր է միայն խոսել այն, ինչ ճշմարիտ է, և ոչ թե ամեն ճշմարիտ բան ամեն տեղ խոսել:

Դու այստեղ մտապահիր Աստծո գաղտնի դատաստանը. Նա՝ որ Հովսեփի հետ էր, անշուշտ կարող էր կարճ ժամանակում ազատել նրան, բայց քանի որ Հովսեփը ցանկացավ տակառապետին աղաչելու միջոցով շուտափույթ կերպով ազատվել՝ այս պատճառով երեք տարի բանտում մնաց: Քանի որ տակառապետը, ազատվելով, երկու տարուց ավելի մոռանում է Հովսեփի մասին (Սաղմ. 104:18): Արդ, երբ հասնում է ազատության ժամը, Աստծո կարգադրությամբ փարավոնը մի զարմանալի երազ է տեսնում. կարծես ինքը Նեղոս գետի ափին գտնվելով՝ տեսնում է, թե յոթը պարարտ և գեղեցիկ երինջներ նույն գետից դուրս եկան և այնտեղ արածում էին, հետո յոթն այլ երինջներ, որոնք սաստիկ նիհար և տգեղ էին, նույն գետից դուրս գալով՝ կերան հիշյալ պարարտ երինջներին: Ապա զարթնելով նորից քնում է և այս անգամ տեսնում, որ մի ցորենի արմատից յոթը գեղեցիկ և լի հասկեր են բուսնում և ապա յոթը ուրիշ հասկեր, որոնք տկար և խորշակահար էին, նույն արմատից ելնելով՝ կերան առաջին գեղեցիկ և լի հասկերը:

Սույն երազները տեսնելուց հետո, երբ փարավոնը արթնանում է, իր մոտ է հրավիրում Եգիպտոսի բոլոր գիտնականներին, որպեսզի մեկնեն տեսած երազները, սակայն նրացից ոչ ոք չի կարողանում մեկնել: Այն ժամանակ տակառապետը իսկույն մտաբերում է Հովսեփին և փարավոնին պատմում, թե ինչպես նա կարողացավ մեկնել իր երազը, և որ նրա տված մեկնությունն էլ ճշտությամբ կատարվել է: Այդ պատճառով էլ Փարավոնը մարդ է ուղարկում, որ Հովսեփին բանտից հանեն, որի երկարած մազերը կտրելով և հանդերձանքն էլ փոխելով, մեծ պատվով փարավոնի մոտ են տանում: Այն ժամանակ Հովսեփը երեսուն տարեկան էր:

Թագավորը նրա մոտ կրկնում է իր տեսած երազների պատմությունը, որն էլ Աստծո շնորհով պատասխանում է, որ Աստված քեզ հայտնել է ինչ պիտի անի: Քանի որ յոթը պարարտ երինջները առատության յոթը տարիներն են, իսկ յոթը նիհար երինջները յոթ սոված տարիներն են նշանակում: Նույնպես յոթական ընտիր և թորշոմած հասկերը առատության և սովի տարիներն են հայտնում, երկու երազներն էլ միևնույն միտքը ունեն: Հովսեփը հայտնելով, որ այս բանը շուտով պետք է իրականանա և կատարվի , գործը կառավարելու եղանակն էլ է հայտնում, ասելով, որ մի իմաստուն մարդ պիտի գտնի և նրան հանձնարարի, որ առատության յոթ տարիներին բերքը հավաքի, որպեսզի սովի տարիներին կարողանա երկիրը կառավարել:

Դու Հովսեփի համարձակությանը նայիր. Փարավոնը միայն իր երազի մեկնություն է ուզում, իսկ նա երազը մեկնելուց հետո դրա վերաբերյալ ձեռնարկելիք միջոցներն էլ է ցույց տալիս: Արդարև մի պանդուխտ մարդու համար մեծ համարձակություն էր փառաշուք թագավորին կառավարելու եղանակ ուսուցանել: Սակայն մի՛ կարծիր, որ Հովսեփը ինքն իրենով ստացավ այս համարձակությունը, կամ փարավոնը ինքն իրենով ընդունեց նրա առաջարկությունը, այլ Հովսեփին խոսել տվող Աստված փարավոնին ևս ընդունելի դարձրեց մատնացույց արված միջոցը:

Քանի որ փարավոնը Հովսեփի խոսքերը շատ հավանելով՝ «Քեզնից առավել իմաստուն մարդ ո՞վ կարող է լինել, քանի որ այդ բանը Աստված քեզ հայտնեց, քեզ էլ կկարգեմ Եգիպտոսի վրա իշխան» ասելով, իր մատանին նրա մատն է դնում, և նախարարներին հատուկ փոխարքայի վերարկուն հագցնելով, ժամանակի սովորության համաձայն նրա պարանոցից ոսկե մանյակ կախեց, և երկրորդ կառքի վրա կանգնեցնելով, նրա առջևից մունետիկին կանչելու հրաման է տալիս, որ ամեն մարդ, նրան տեսնելով, առանց բացառության հնազադվեն նրա հրամաններին, «միայն գահով քեզնից վեր կլինեմ ես» ասում է:

Փարավոնը Հովսեփի անունը փոխելով՝ Փսոմթոմփանե է կոչում, որը եգիպտական բարբառի համաձայն «աշխարհի փրկիչ» է նշանակում: Միևնույն ժամանակ Արեգ քաղաքի Պետափրես քուրմի Ասանեթ անունով աղջկան էլ կնության է տալիս նրան:

Խրատ վերցրու. թեպետ Հովսեփը, որպես գերի վաճառվելով, միառժամանակ Պետափրեսի տանը և ապա բանտում մնաց, սակայն Աստծո երկյուղը սրտից չհեռացնելով, հույսը միշտ Նրա ողորմության վրա դնելու համար չափազանց մեծ փառքի հասավ: Որովհետև նրան այն աստիճանի ընդարձակ արտոնություններ են շնորհվում, որ ամբողջ թագավորության գործերը նրա խնամքին և հսկողությանն են հանձնվում:

Հիրավի, Աստծո ողորմությամբ յոթը տարի երկրի արդյունքը այնքան առատ է լինում, որ Հովսեփը ծովի ավազի նման անհամար ցորեն է հավաքում: Հետո յոթը տարի սով լինելով, հավաքած ցորենով, իր խոհեմ և իմաստուն կարգադրություններով ողջ ժողովուրդին սովամահ լինելուց ազատում է: Դեռևս սովի տարիները չհասած՝ երկու արու զավակ է ունենում Հովսեփը, որոնցից մեծի անունը՝ Մանասե, իսկ փոքրի անունը Եփրեմ է դնում: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․