12 Հոկտեմբեր, Շբ
Հայտնի է, որ չափազանց ուրախությունն ու չափազանց տխրությունը, որ հանկարծակի պատահում են, կարող են մարդուն մեծ վնաս հասցնել: Սակայն Հակոբը ինչպես որ առաջ՝ Հովսեփի արյունաշաղախ զգեստը տեսած ժամանակ, անչափ վիշտ ու թախիծ կրելով հանդերձ, նրա մարմինը կամ անձը չի վնասվում, նմանապես լսելով, որ Հովսեփը ողջ է և նախարար, թեև անչափ ուրախություն զգաց, սակայն իսկույն հավատալ չցանկանալով՝ իր մտքում զարմացավ (Ծննդ. 45:26):
Հակոբը շուտ հավատաց Հովսեփի մահվան լուրին, սակայն նախարար լինելուն իսկույն չցանկացավ հավատալ, քանի որ վնասի հանդիպելը հեշտ է, սակայն բախտավորության հասնել, մանավանդ նախարար լինել, դժվարին լինելու պատճառով կասկածելի է: Բայց երբ տեսնում է այն կառքերը, որ Հովսեփը ուղարկել էր իրենց փոխադրության համար, այն ժամանակ իսկապես հավատում է, որ նա ողջ է և Եգիպտոսի իշխան է, ուստի պատրաստություն տեսնելով, իր ամբողջ ընտանիքով ճանապարհ է ելնում՝ Հովսեփին գնալ տեսնելու համար:
Սակայն, որովհետև Աստված խոստացել էր Քանանի երկիրը իրեն տալ, վախենում է, թե միգուցե Եգիպտոս գնալով խոստացված երկրից զրկվի: Մանավանդ վախենում է, որ չլինի՞ թե իր որդիները եգիպտացիների ընթացքին հետևելով՝ բարկացնեն Աստծուն: Այդ պատճառով «Երդման ջրհոր» կոչված վայրը հասնելով և պատարգ մատուցելով՝ իրեն Աստծո ողորմությանն է հանձնում: Աստված էլ նրա երազում հայտնվելով՝ քաջալերում է, որ Եգիպտոս գնալուց չվախենա, քանի որ Ինքը նրա հետ Եգիպտոս գնալով և նրան այնտեղ «մեծ ազգ» դարձնելով, այնուհետև պետք է այնտեղից հաներ (Ծննդ. 46:2):
Այն ժամանակ Հակոբը՝ հանգստացած և ուրախ, Եգիպտոսին մոտենալով, Հուդա որդուն ուղարկում է Հովսեփի մոտ՝ իր գալուստը հայտնելու համար, վերջինս էլ մեծ պատվով դիմավորում է իր հորը, որը նրան տեսնելուն պես արտասվելով փաթաթվում է նրա պարանոցին և երկուսն էլ ի սրտե և ամբողջ հոգով ուրախանում են: Ապա Հովսեփը իր հորը և եղբայրներից հինգին փարավոն թագավորին է ներկայացնում, Հակոբն էլ օրհնում է նրան, որին դա դուր է գալիս, և նա Գեսեմ կոչված վայրը Հակոբին է տալիս բնակության համար:
Հակոբի Եգիպտոս մտնելու ժամանակ, իր որդիների կանանցից, ծառաներից և աղախիններից բացի, միայն իր որդիներն ու թոռները վաթսունվեց հոգի էին, և Եգիպտոսում ծնված ինը թոռներն էլ նրանց թվին ավելացնելով՝ ընդամենը յոթանասունհինգ հոգի են հաշվվում, որոնցից առաջացավ Իսրայելի ազգը, ինչպես որ իր տեղում արդեն հայտնվում է:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902