Եգիպտոս գնալու ժամանակ Հակոբը քանի՞ տարեկան էր:

Հարյուր երեսուն տարեկան: Եվս տասնյոթ տարի եգիպտոսում ապրելով, հարյուր քառասունյոթ տարեկան լինելով, ըստ իրենց սովորության, Հովսեփին երդվել է տալիս, որ իր մահանալուց հետո իրեն Եգիպտոսում չթաղի, այլ Քեբրոնում՝ Աբրահամի և Իսահակի գերեզմանների մոտ թաղի: Երբ Հովսեփը նրա խնդրանքը ընդունում է և կատարումը ապահովում, Հակոբը նրա ձեռքում եղած նախարարական գավազանին գլուխը խոնարհելով՝ ողջունում է (Ծննդ. 47:31):

Ահա այս կերպով իրականացավ Հովսեփի տեսած երկրորդ երազը, թե տասնմեկ աստղեր, արևի և լուսնի հետ խոնարհվում են իրեն (ինչպես արդեն հիշատակվել է): Այո՛, Հովսեփի մայրը մահացած էր, սակայն հոր խոնարհյալ ողջույնի մեջ մորն էլ ի նկատի ունի: Ապա Հովսեփը իր երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին, հոր մոտ է բերում, որ նա օրհնի, որոնց Հակոբը իր գիրկն է առնում, համբուրում է և գոհանում Աստծուց, քանի որ ոչ միայն Հովսեփի երեսը տեսնելուն կարոտ չթողեց իրեն, այլև արժանացրեց տեսնել նրա որդիներին:

Մանասեն անդրանիկը լինելով՝ Հովսեփը նրան հոր աջ, իսկ Եփրեմին ձախ կողմն է նստեցնում, որպեսզի աջ ձեռքը անդրանիկի, իսկ ձախ ձեռքը կրտսերի գլխի վրա դնելով օրհնի, սակայն Հակոբը, Աստծո ներշնչանքով, աջ ձեռքը դրեց Եփրեմի գլխին, իսկ ձախը՝ Մանասեի: Եվ քանի որ ծերության պատճառով աչքերը չէին կարող զանազանել, ուստի Հովսեփը փափագում է, որ աջ ձեռքը Մանասեի գլխին դնի, սակայն հայրը, առանց ձեռքերը փոխելու, երկու ձեռքը երկու թոռների գլուխներին խաչաձև դրած, օրհնում է նրանց, և ի պատիվ Հովսեփի՝ նրանց իրենն է համարում և հայտնում է, որ Եփրեմը Մանասեից մեծ և զորավոր պիտի լինի թե՛ բազմությամբ և թե՛ համբավով, և այսպիսով երկուսն էլ Հակոբին ժառանգ են դառնում, ինչպես որ հետագայում Իսրայելի տասներկու ցեղերից մեկը՝ Եփրեմից, իսկ մյուսը Մանասեից են առաջանում: Հոգևոր առումով Մանասեն՝ հրեաների և Եփրեմը քրիստոնյաների օրինակը եղան:

Քանի որ Հակոբը Հովսեփին մյուս որդիներից առավել էր սիրում, հարյուր ոչխարների գնով գնված Սիկիմ անվամբ վայրը (որի մասին արդեն հիշատակել ենք), որպես ժառանգություն տալիս է Հովսեփին, այն պայմանով, որ եղբայրները դրա մեջ երբեք բաժին և ժառանգություն չունենան, այլ միայն Հովսեփին պատկանի: Այս տեղի վերաբերյալ թեպետ Հակոբը հայտնում է, որ պատերազմով է վերցրել այն, սակայն պատերազմով տեղ գրավելու մասին հիշատակ չլինելու պատճառով համարվում է, որ նախապես գնել է և ապա որոշակի ժամանակ այնտեղ բնակվելուց հետո այլ տեղ գնացած լինելով, Ամորհացիները առանց իրավունքի այն գրավել են և նա նրանց ձեռքից պատերազմով է հետ վերցրել (Ծննդ. 48:22):

Ապա Հակոբը իր որդիներին շուրջը ժողովելով, յուրաքանչյուրին ըստ արժանիքի օրհնություն է տալիս և Աստծո ազդեցությամբ, որոշակի ժամանակ հետո նրանց ցեղերի հետ ինչ պատահելիքը մեկ առ մեկ հայտնում է: Մանավանդ կանխավ գուշակում է, որ իր չորրորդ որդու՝ Հուդայի, ցեղից պետք է ծնվի Մեսիան, որ Սուրբ Խաչի վրա արյուն թափելով պիտի մեռնի և հարություն պիտի առնի (Ծննդ. 49:10), նաև խորհրդավոր կերպով և այլաբանորեն գուշակում է, որ իր հինգերորդ որդու՝ Դանի ցեղից պետք է առաջ գա Նեռը (Ծննդ. 49:17):

Օրհնությունը ավարտելով, Հակոբի մեռնելուց հետո, ըստ իրենց սովորության, զմռսեցին մարմինը և սգո օրերի անցնելուց հետո Հովսեփը և իր եղբայրները, ինչպես նաև ի պատիվ Հովսեփի՝ փարավոնի կողմից որոշված պատվավոր մարդիկ նրան տանում և Քեբրոնի մեջ թաղելով, վերադառնում են Եգիպտոս: Հետո Հովսեփի եղբայրները, դեռևս իրենց սրտում երկյուղ կրելով, ասում են Հովսեփին. «Հայրդ մեզ երդվեցրեց, որ քեզ ասենք, որ ներես մեր հանցանքները»: Երբ նրանք ներողություն էին խնդրում՝ իրենց հանցանքի հիշողությունը կրկին նորոգեցին և Հովսեփն արտասվեց (Ծննդ. 50:17):

Իրենց խոսքով նրան ոխակալ և քինախնդիր կարծեցին, մանավանդ սուտ խոսեցին, քանի որ Հակոբը նրանց մի այդպիսի երդում անել չէր տվել: Սակայն Հովսեփը, նրանց ստախոսությունը իրենց երեսին չխփելով, պատասխանում է. «Դուք թեև իմ վերաբերյալ չար բան խորհեցիք, սակայն Աստված իմ մասին բարին խորհեց, մի՛ վախեցեք, ես ձեզ և ձեր տները կկերակրեմ» և այսպես մխիթարում է նրանց (Ծննդ. 50:20): Հիրավի, այս պարագայում Հովսեփի եղբայրների առաջարկը նրան սաստիկ վշտացրեց, բայց նրա պատասխանը միանգամայն զուտ մարգարիտ է:

Այստեղ լավ խորհիր, թե հանցանքը ինչ աստիճանի վատ բան է, և ինչքա՜ն տագնապների և խղճահարության պատճառ լինելով՝ անհանգստացնում է մարդուն: Թշնամին, ինչքան էլ զորավոր և հաղթող լինի, հնարավոր է, որ ժամանակի հետ թշնամությունը թողնի, կամ էլ կարելի է փախուստով ազատվել նրա ձեռքից, սակայն մարդու հանցանքը իր մտքից դուրս չգալով, անկարելի է, որ մարդը նրա ձեռքից ազատվի ո՛չ ժամանակ անցնելով և ո՛չ էլ փախուստով: Թեև Հավսեփի վաճառքից մինչ այդ պահը քառասուն տարի էր անցել, և Հովսեփը ներել էր եղբայրներին, սակայն նրանք իրենց չարությունը մտաբերելով՝ դեռևս վախենում էին:

Մարդու մեղքը այն աստիճան նրան թշնամի է, որ այս աշխարհում նրան երկյուղի մեջ պահելով անհանգստացնելուց բացի, հանդերձյալ աշխարհում էլ անվախճան տանջանքներով պատժում է, քանի որ մարդու դժոխք գնալու պատճառը իր մեղքն է:

Քանի որ ինչպես նյութական մարմնի ստվերն ու ծանրությունը, դրան հատուկ լինելով, չեն բաժանվում դրանից, նույնպես պատիժը, մեղքի ստվերն ու ծանրությունը լինելով, մեղավոր մարդու օձիքը ոչ մի վայրկյան չի թողնում, մինչև որ արդարությունը օրենքի համաձայն նրան պատժի: Ո՜վ մարդ, եթե ցանկանում ես թե՛ այս աշխարհում, թե՛ հանդերձյալում հանգիստ և երջանիկ լինել՝ բնավ մեղք մի՛ գործիր, իսկ եթե տկարությամբ մեղանչես՝ ժամանակ չկորցնելով զղջա և խոստովանիր, որպեսզի պատժի չենթարկվես:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․