Հարց 24 – Մեր Տեր Քրիստոս ինչո՞ւ Սրբուհի Կույսին մայր չասաց, այլ կին անվանեց:

Պատասխան – Այս հարցիդ վերաբերյալ թեպետ Մատթեոսի Ավետարանի մեկնիչը շատ պատճառներ է առաջադրում, սակայն մեզ այստեղ բավական է իմանալ միայն մեկի մասին: Ասում է, թե մեր Տերը, իբրև Տեր խոսելով Իր մոր հետ և Իր Տեր լինելն ու աստվածությունը ցույց տալով, կին է անվանում: Եվ Իրեն մոր Որդին է համարում, քանի որ մարդ էր և ըստ մարդեղության՝ ծնվել էր մորից: Սակայն ըստ աստվածության հավիտենաբար ծնվել էր Հորից, և այդ պատճառով Իր մորը կին է անվանում, որ ցույց տա, թե Ինքն է Իր մոր ստեղծողը:

Տիրածինը նաև իր Որդու մայրն է: Բայց սա Որդու ծննդյան նախնական պատճառ հանդիսանալ չի կարող՝ ինչպես բնականում մայրը որդի է ծնում, քանզի մարդկային բնության միավորությունը, հանձին Բանի, բնական կարգով չէր, այլ՝ գերբնական:

Արդ՝ Սրբուհի Կույսը թեպետ Քրիստոսի, այսինքն՝ Մարմնացյալ Բանի, իսկական մայրն էր, սակայն որովհետև բնականաբար մարդ էր, այդ իսկ պատճառով չէր կարող առաջ բերել Բանի և մարմնի միավորության գերբնական ներգործություն, եթե ոչ՝ իբրև երկրորդական պատճառ: Ուստի այս մտքով Քրիստոս Իր մորը կին անվանեց:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․