6 Հոկտեմբեր, Կիր
Քառասուն տարի: Օրինակ վերցու. Մովսեսը Եգիպտոսում՝ թագավորի պալատում, ազնվականի նման մեծանալով հանդերձ հանդուրժում է հովիվ լինել և իր վիճակից երբեք չի գանգատվում: Քանի որ իմաստուն և առաքինի լինելով, ո՛չ աշխարհային փառքով է հպարտանում և ո՛չ էլ աղքատի նման հովիվ լինելու համար է տխրում, այլ իրեն Աստծո կամքին հանձնելով, իր ազգի փրկության համար Աստծուն աղաչելուն է նվիրվում իր ժամանակն ու մտածումները: Արդարև Մովսեսը երկյուղից Մադիամ փախչելով սկսում է ոչխարներ արածեցնել, սակայն նույնիսկ այս կետում գաղտնի խորհուրդ կա: Քանի որ Աստված, որ Մովսեսին Իսրայելի ժողովրդի վրա գլուխ և հովիվ պիտի հաստատեր, նախ նրան ոչխարների վրա հովվություն անել է տալիս, որից մարդկանց կառավարել սովորի: Ինչպես որ քառասուն տարի փարավոնի պալատում ուսում և գիտություն ստացավ, նույնպես և քառասուն տարի Մադիամում հովվությամբ ապրեց, և ապա քառասուն տարի ևս անապատում Իսրայելի ժողովրդին առաջնորդ եղավ:
Լավ մտապահիր, Մովսեսը Մադիամում մարմնով հանգիստ, իսկ մտքով անհանգիստ էր, քանի որ Եգիպտոսում իր ազգի կրած տառապանքները մտաբերելով՝ իր հոգին սաստիկ տխրությամբ էր համակվում: Այո՛, իրեն սպանել ցանկացող փարավոնը մահացավ, սակայն նրան հաջորդող թագավորը առավել անգութ մի անձ էր, և իսրայելացիները այլևս համբերելու կարողություն չունեին, ուստի թախծագին հառաչանքներով և սրտի պաղատագին գոչերով առ Աստված էին դիմում, որ իրենց փրկի: Ուստի Աստված, բացելով Իր ողորմության դուռը, կամենում է Մովսեսին Եգիպտոս ուղարկել և նրա միջոցով Իսրայելի ժողովրդին փարավոնի ձեռքից ազատել, միայն թե իմանալով, որ Մովսեսը խոնարհաբար չպիտի ցանկանա ազգի և ժողովրդի գլուխ լինել, այս պատճառով իսրայելացիների չարչարանքները զգալի օրինակով ցույց տալով, հրաշագործելու կարողություն էլ է տալիս Մովսեսին, որ չվախենա:
Քանի որ, երբ Մովսեսը իր աներոջ ոչխարները արածեցնելիս մոտենում է Քորեբ լեռանը (որը Սինա լեռան հարևանությամբ էր), հեռվից տեսնում է մի մորենի, կամ մացառ, որը վառվում է, սակայն այրվելով չի փոշիանում, այլ մնում է նույն վիճակում: «Այս ի՞նչ հրաշալի բան է» ասելով, երբ ցանկանում է մոտենալ, մորենուց ահա ձայն է լսում. «Մովսե՛ս, Մովսե՛ս այստեղ մի՛ մոտեցիր, հանիր կոշիկներդ ոտքերիցդ, քանի որ կանգնածդ վայրը սուրբ է, Ես եմ քո հոր Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի քաշած չարչարանքը, լսեցի նրանց հառաչանքների աղաղակը, և իջա, որ նրանց փրկելով Քանանի երկիրը տանեմ, որտեղ կաթ ու մեղր է բխում: Քեզ փարավոնի մոտ պիտի ուղարկեմ, որպեսզի Եգիպտոսից հանես Իսրայելի որդիներին»:
Սակայն Մովսեսը, զանազան առարկություններ բերելով, հրաժարվում է Եգիպտոս գնալ, և իր անկարողությունը ցույց տալու համար պատճառներ է ներկայացնում:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902