Առաջին՝ ինքն իրեն այդպիսի մեծ պաշտոնի արժանի չէր տեսնում, որով որպես դեսպան պարտավոր էր գնալ թագավորի մոտ և նրա առջև խոսել: Այս պատճառով խոնարհությամբ հարցնում է. «Ես ո՞վ եմ, որ Եգիպտոսի հզոր թագավորին ներկայանամ և իսրայելացիներին Եգիպտոսից հանել համարձակվեմ» (Ելք 3:11): Մովսեսի այս խոսքից Աստված խոստանում է նրա հետ լինել. որպեսզի համարձակություն և քաջալերանք ստանա: Նույնպես հայտնում է, որ Իսրայելը անպատճառ Եգիպտոսից պետք է դուրս գա և այս լեռան վրա երկրպագի Աստծուն:
Երկրորդ՝ առարկում է, որ Իսրայելի ժողովրդի մոտ գնալով և «ձեր հայրերի Աստվածը ինձ ձեզ մոտ ուղարկեց ասելու ժամանակ, երբ հարցնեն ի՞նչ է նրա անունը, ի՞նչ պիտի պատասխանեմ»: Այս խոսքին Աստված պատասխանում է. «Ինքն է, որ Է, հավիտենական Էակ, որպեսզի կռապաշտների կուռքերի նման արարած չկարծեն Իսրայելի Աստծուն, այլ իմանան, որ Նա է երկնքի և երկրի Արարիչը և բոլոր արարածների Տերն ու Ստեղծողը, Նա է Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»:
Քանի որ խոստացել էր Քանանի երկիրը Աբրահամին, Իսահակին և Հակոբին տալ, այս պատճառով է նրանց անունները հիշում, որպեսզի հայտնի դառնա, որ նրանց արված խոստումը անպատճառ պիտի կատարվի: Քանի որ ինչպես Ինքը հավիտենական և անփոփոխ է, նույնպես և Իր խոստումները հավատարիմ և հաստատ լինելով, տրված խոստումը գործի դնելու համար Մովսեսին ուղարկում է Եգիպտոս:
Այստեղ լավ մտապահիր Մովսեսին տրված առանձնահատուկ շնորհն ու ողորմությունը: Արդարև Աստված երևաց Աբրահամին, Իսահակին և Հակոբին, սակայն Իր անունը նրանց չհայտնեց (Ելք 6:3): Արդ, մեծ շնորհ և փառք է Մովսեսի համար, որին Աստված հայտնեց Իր անունը: Դարձյալ, քանի որ փարավոնը, չցանկանալով թողնել Իսրայելին, վերջապես պետք է պատժվեր, ուստի Մովսեսին պատվիրում է, որ նրա մոտ գնալով, թույլտվություն խնդրելիս, այլ պատճառ չհայտնի, այլ միայն Աստծուն պատարագ մատուցելու նպատակով երեք օրվա ճանապարհ պիտի գնան դեպի անապատ:
Պատվիրում է նաև, որ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ դատարկաձեռն դուրս չգան, այլ յուրաքանչյուրը իր հարևանից ոսկի, արծաթ և այլ զարդեղեն և հանդերձներ խնդրելով զարդարեն իրենց զավակներին: Այսպիսի պատվիրան է տալիս Մովսեսին, որպեսզի իմանալով, որ իսրայելացիները ստուգությամբ պիտի դուրս գան Եգիպտոսից, այլ նաև որպեսզի առարկություն չհարուցի: Սակայն Մովսեսը դարձյալ հարցնում է, թե եթե իր խոսքին չհավատալով ասեն. «Աստված քեզ չհայտնվեց», ի՞նչ պատասխան տա նրանց: Այս անգամ Աստված հրաշագործության զորություն է շնորհում Մովսեսին, որ եթե իր խոսքին չհավատան, թող հրաշք գործի, որպեսզի հավատան:
Քանի որ Մովսեսը, հովիվ լինելով, ձեռքում գավազան ուներ, Աստված ասում է նրան. «գավազանը ձեռքիցդ թող», երբ նա թողեց, գավազանը իսկույն օձ դարձավ, որին տեսնելով Մովսեսը սկսեց փախչել, սակայն նրան հրամայվում է բռնել օձի պոչից, երբ բռնում է, իսկույն առաջվա նման գավազան է դառնում: Դարձյալ Աստված նրան հրամայում է ձեռքը ծոցը մտցնել, երբ նա ձեռքը ծոցը մտցնելուց հետո հանում է, տեսնում է, որ ձեռքը բորոտվել է: Նորից հրամայում է, որ ձեռքը ծոց մտցնի, նա էլ դնում է, և հանելով տեսնում է, որ բորոտությունը բոլորովին անցել է:
Որպեսզի Մովսեսը ամեն առումով ապահով լինի, Աստված հայտնում է նրան, որ եթե առաջին հրաշագործությանը չհավատան, երկրորդին կհավատան և եթե երկրորդին էլ չհավատան, այն ժամանակ գետից ջուր վերցրու և երկրի վրա թափիր, և այն ջուրը ցամաքի վրա թող արյան փոխարկվի:
Արդարև Աստված նորից ու նորից Իր բարձր կամքը հայտնեց Մովսեսին, որը թեև խոնարհաբար ինչքան էլ առարկեց և պատասխանները ստացավ, սակայն այս անգամ էլ նա սկսեց աղաչանքով առարկել, որ ինքը նրբաձայն և ծանրալեզու է, և հետևաբար մի այդպիսի կարևոր և մեծ պաշտոն ստանձնելուն անընդունակ և անկարող է (Ելք 3:10), որին էլ Աստված պատասխանում է, թե Ես քո բերանը պիտի բացեմ, և ինչ որ պետք է և արժանի է խոսել՝ խելամիտ պիտի դարձնեմ քեզ: Այսուհանդերձ, Մովսեսը դարձյալ պաղատանքներով խնդրում է, որ իր փոխարեն ավելի համարձակախոս մեկին ուղարկի (Ելք 3:13), այն ժամանակ Աստված բարկությամբ նրա մեծ եղբորը՝ Ահարոնին է տրամադրում, որին Մովսեսը Աստծո կողմից հաղորդի ինչ որ անհրաժեշտ է և Ահարոնն էլ ժողովրդին փոխանցի:
Այս պարագայում մի՛ կարծիր, որ Մովսեսը իր ազգի համար նեղություններ հանձն առնել չցանկանալու պատճառով այսպիսի առարկություններ է անում, այլ խոնարհ սիրտ ունենալու պատճառով մեծությունից խույս տալ է ցանկանում, սակայն որքան նա իր խոնարհությունն է հայտնում, Աստված նույնքան առաջարկում է իր օգնությունը հայտնապես բազմապատկել: Վերջապես Մովսեսը հանձն առնելով գնալ Եգիպտոս, գավազանն էլ է վերցնում, որպեսզի հարկ եղած դեպքում դրանով հրաշքներ գործի, ինչպես որ Աստված հրամայել էր:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902