Մովսեսը պատժե՞ց կուռքը պաշտողներին:

Պատժեց, քանի որ նրանց այսպիսի անարժան վարմունքից սաստիկ բարկացած՝ բնակավայրի դիմաց կանգնելով, բարձր ձայնով աղաղակում է. «Ով որ Աստծո կողմն է, թող ինձ մոտ գա» (Ելք 32:26), և ահա Ղևիի ցեղը իսկույն իր մոտ է գալիս և հավաքվում նրա շուրջը, քանի որ նրանք ընդհանրապես չէին երկրպագել կուռքին: Մովսեսը, հանուն Աստծո, նրանց հրամայում է, որ սուրը ձեռքները վերցրած բնակավայրի մի ծայրից մյուսը գնան, և առանց նայելու ազգական է, թե եղբայր, բոլոր կռապաշտներին սրով կոտորեն, և այսպիսով այն օրը երեք հազար մարդ մահացավ:

Խելամուտ եղիր. նախ Մովսեսը ինքը աղաչեց ժողովրդի փրկության համար, բայց այս անգամը ինքն է կոտորել տալիս նույն այդ ժողովրդի զավակներին: Քանի որ, ինչպես հանցագործի համար Աստծուն աղաչելը նշանակում է Աստծո գթությանը ապավինելով՝ Նրա պատիվն ու փառքը հասկանալ, նույնպես հանցավորին պատժելը նշանակում է Աստծո պատիվը պահել՝ Նրա արդարությունից վախենալով:

Ահա Ղևիի ցեղը, արդարությանը նման ծառայություն մատուցելով, Աստծուն պատված և Նրա հրամանը կատարած հանդիսացավ, այդ պատճառով քահանայությունը այդ ցեղին տրվեց, քանի որ քահանա՝ նշանակում է «քավիր այն» (քահե նա), այսինքն Աստծուն մարդու հետ հաշտեցնելով՝ մեղքը քավել տվող: Հաջորդ օրը Մովսեսը ժողովրդին հայտնում է, որ մեծ մեղք գործեցին, ուստի պիտի գնա և նրանց փրկության համար Աստծուն աղաչի և վերստին լեռն է բարձրանում:

Մովսեսի այս խոսքը և հատկապես աղաչելու համար լեռը բարձրանալը պարզապես ժողովրդին դեպի զղջում և ապաշխարություն հրավիրել է նշանակում: Այսպիսով, Մովսեսից սովորիր աղոթելու պայմանները. նախ խոստովանում է, որ ժողովրդի մեղքը չափազանց մեծ և ծանր է և ապա ներում է հայցում, և այն աստիճան ազգասիրություն է ցուցաբերում, որ մինչև անգամ Աստծո մատյանից իր անվան ջնջվելը հանձն առնելով՝ գոչում է. «Եթե նրանց մեղքերին ներում կշնորհես՝ լավ, ապա թե ոչ՝ ինձ էլ Քո մատյանից ջնջիր» (Ելք 32:31):

Մովսեսը այս խոսքով ոչ թե Աստծո Կենաց գրքից իրոք ջնջվել ցանկացավ, քանի որ ուրիշներին լավություն անելու համար Աստծո ողորմությունից զրկվելը երբեք օրինավոր կամ արդար չէ, այլ այդ խոսքով իր ազգի հանդեպ սրտում ունեցած սերն ու եռանդը հայտնեց սրտահույզ կերպով:

Պողոս Առաքյալն էլ սրտում մի այսպիսի սեր է տածում իր ազգի հանդեպ (Հռոմ 9:3): Թող օրինակ վերցնեն նրանք, ովքեր ժողովրդի գլուխը կամ առաջնորդներն են, և ազգի սիրույն համար կրած նեղություններից ձանձրանալով՝ եսասիրությամբ չշտապեն պաշտոնից խուսափել:

Թեև Մովսեսը ժողովրդի փրկության համար Աստծո կենաց մատյանից ջնջվելու հավանություն ցյուց տվեց, բայց Աստված անմեղ մարդուն «ստիպված» ջնջել չցանկանալով՝ հայտնում է, որ. «Ով մեղք է գործում, նրան եմ ջնջում Իմ մատյանից» (Ելք 32:33):

Ապա Աստված Մովսեսին ասում է. «Գնա և առաջնորդիր ժողովրդին, նրանց տար Աբրահամին, Իսահակին և Հակոբին խոստացված երկիրը, սակայն նրանց անհնազանդության պատճառով Ես նրանց հետ չպիտի գնամ, այլ նրանց առջևից առաջնորդելու համար հրեշտակիս պիտի ուղարկեմ» (Ելք 33:2): Երբ ժողովուրդը լսեց, որ Աստված իրենց հետ չպիտի լինի՝ չափազանց մեծ տխրությամբ համակվեց և բոլորը սուգ արեցին (ելք 32:4):

Հարկ է նկատել, որ երբ Մովսեսը օրենքների տախտակները կոտրեց և ժողովրդից երեք հազար մարդ կոտորել տվեց, այն ժամանակ չսգացին, բայց երբ լսեցին, որ Աստված նրանց հետ չպիտի լինի՝ խորը սգի մեջ ընկան: Հիրավի, մարդու համար սրանից մեծ պատիժ չի լինում, երբ Աստված նրանից հեռանում և լքում է նրան (Ովսե 7:13):

Ճշմարիտ է, որ Աստված ամենուրեք է, սակայն երբ մեկին Իր շնորհից զրկում է, նրանից հեռացած է համարվում: Սակայն մի՛ կարծիր, թե Աստված Ինքն է մարդուց վերցնում Իր շնորհը, այլ մարդն է, որ Աստծո օրենքներին հակառակ գործելով՝ Նրան արտաքսում է իր սրտից, և այս կերպ ինքը հոժարակամ հեռանում է Աստծուց:

Արդ, եթե ցանկանում ես, որ Աստված քեզ հետ լինի, մի՛ մեղանչիր և եթե սխալմամբ մեղանչեցիր, գոնե սգալով դարձի արի, որպեսզի չպատժվես:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․