22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հակոբոս Տեառնեղբայրը հայտնի է որպես քրիստոնեական եկեղեցու գլխավոր գործիչներից մեկը, ով մասնակցել է Երուսաղեմի առաքելական ժողովին (Գործք. ԺԵ 13): Ավանդությունը Հակոբոսին ճանաչում է իբրև Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոս, ով Պողոս Առաքյալի հաստատմամբ (Գաղ. Բ 9) Պետրոսի և Հովհաննեսի հետ միասին առաջին քրիստոնեական եկեղեցու «սյուներից» մեկն էր համարվում: Հակոբոս Տյառնեղբայրը հիշվել է նաև Հովսեփոս հրեա պատմիչի կողմից իբրև «արդար» մարդ: Հայսմավուրքում (վարք սրբոց) կարդում ենք, որ Աստված օրհնել և սրբացրել էր նրան դոռևս իր մոր որովայնից: Նա կոչվում է «Տեառնեղբր» քանզի ըստ ավանդության համարվում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ազգականը, բայց ոչ Մարիամի որդին: Իր նահատակությունը մանրամասնորեն պատմվում է հին վկայաբանություններում, ուր ներկայացվում է, որ Հակոբոսը, քրիստոնյա լինելով հանդերձ, մեծ հարգանք էր վայելում նաև հրեաների մոտ՝ իր պատվիրանապահության և օրինապահության համար, ուստի մի օր էլ բռնադատեցին նրան, որպեսզի բարձրանա տաճարի աշտարակի վրա և այնտեղից Հիսուսի դեմ հայտարարություն անի, որպեսզի Նրա պատճառով ստեղծված երկվությունը վերանա իրենց ժողովրդի միջից: Հակոբոսը, սակայն, հայտարարեց «Հիսուսը Մեսիան է, Աստծու Որդին, որ այժմ նստած է Աստծու աջ կողմը և պիտի գա դատելու աշխարհը արդարությամբ»: Շատերը հավատքի եկան այս հայտարարությունից, իսկ ուրիշները վեր ելան ու Հակոբոսին աշտարակից վար նետեցին ու սկսան քարկոծել նրան, ի վերջո նրանցից մեկը մեծ փայտով փշրեց արդարի գլուխը, որ հոգին ավանդեց առ Աստված 62 թվականին: Նահատակությունից հետո նրա մարմինը բերվել ու թաղվել է իր տան պարտեզում, ուր թաղված էր նաև Հակոբոս Առաքյալի գլուխը: Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության մայր տաճարը, որ այս իսկ պատճառով կոչվում է «Սրբոց Հակոբյանց տաճար», այսինքն՝ «Սուրբ Հակոբների եկեղեցի»: Հակոբոս Տյառնեղբոր հիշատակը կատարում ենք իբրև «Ավագ Տոներ»ի առաջինը Դավիթ մարգարեի հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անունները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: Հայ առաքելական եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ: