22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստծո բացահայտ օգնությամբ և մեծ հրաշքով: Որպես ժողովրդի վրա կարգված Մովսեսին հաջորդող առաջնորդի, Աստված հրամայում է Հեսուին, որ ժողովրդին Հորդանանի մյուս ափը անցկացնի և չվախենա, և ինչպես որ Մովսեսի հետ էր, նույնպես էլ իր հետ պիտի լինի, միայն թե հոգա, որ օրենքը կատարվի:
Թեպետ Աստված Հեսուին խոստացավ նրա հետ լինել, սակայն մարդ պարտավոր է իր կողմից անհրաժեշտը ձեռնարկել, ուստի Հեսուն երկու լրտեսներ է ուղարկում Երիքով քաղաք, որպեսզի այնտեղի բնակիչների վիճակի և զորության վերաբերյալ իր ստացած տեղեկության համեմատ վարվի: Անհրաժեշտ էր Երիքովը գրավել, քանի որ այն գտնվում էր Հորդանանի մոտ:
Հիշյալ երկու լրտեսները քաղաքը հետազոտելուց հետո իջևանեցին Րախաբ անունով մի կնոջ տանը: Երբ Երիքովի թագավորը այս իմացավ, Րախաբից պահանջեց լրտեսներին, վերջինս պատասխանեց, թե՝ «Արդարև երկու մարդիկ եկան տունս, սակայն դարձյալ հեռացան, նրանց հետևից շուտ մարդ ուղարկեք, որովհետև հնարավոր է, որ հասնեն նրանց»:
Քանի որ լսել էր իսրայելացիների՝ Կարմիր ծովով անցնելու և անապատում նրանց դեմ դուրս եկող ազգերի կործանման մասին, հիշյալ կինը հասկանում է, որ անշուշտ Երիքովն էլ պիտի գրավեն: Այս պատճառով լրտեսներին պահում և չի հանձնում փնտրողներին, և նրանց երդվեցնում է, որ քաղաքը գրավելիս իրեն և իր ազգականներին չվնասեն:
Նրանք էլ խոստանալով կարգադրում են, որ տան պատուհանից կարմիր պարան կախի՝ որպես նշան, որպեսզի քաղաքը գրավելու ժամանակ իսրայելացիները ճանաչեն ու այդ տանը վնասելու համար չմոտենան: Քանի որ տունը բերդի վրա էր, Րախաբը, պատուհանից իջեցնելով, օգնում է լրտեսներին փախչել, որոնք գնալով եղելությունը պատմում են Հեսուին և տեղեկացնում Երիքովի բնակիչների երկյուղի մասին:
Քանի որ իսրայելացիների բանակը տակավին գտնվում էր Սատտիմ կոչված վայրում, այնտեղից շարժվելով՝ մոտենում է Հորդանանին: Երեք օր հետո Հեսուն ժողովրդին պատվիրում է, որ մաքրվելով պատրաստ լինեն, քանզի հաջորդ օրը գետի ջուրը կտրվելու է, և տապանակը պիտի անցնի:
Նույնպես Ռուբենի, Գադի և Մանասեի ցեղի կեսին պատվիրում է, որ ամեն ինչից առաջ զինվեն Հորդանանը անցնելու համար, իսկ նրանք վերստին խոստանում են (տե՛ս 24 հարց) ամեն ինչով հնազանդ լինել նրա հրամանին: Ապա ժողովրդին հրամայում է, որ քահանաների՝ տապանակը վերցնելու ժամանակ բոլորը երկու հազար կանգուն հեռավորությունից հետևեն նրան (1 կանգունը = 0.77 մ):
Արդարև, հաջորդ օրը քահանաները վերցնում են տապանակը, և երբ գետի ափին, ջրի մեջ ոտք են դնում, Աստծո կամքով անմիջապես գետի վերին հոսանքը կանգ է առնում, իսկ ներքևի հոսանքը բնականորեն հոսելով՝ չորանում է, և ժողովուրդը ցամաք գետի վրայով դիմացի ափն է անցնում (Հեսու 3:17):
Աստծո հրամանով իսրայելացիների տասներկու ցեղերից մի մի պատվավոր մարդ քահանաների կանգնած տեղից մեկական քար է վերցնում և այդ գիշեր իրենց իջևանատեղը տանում. այդ քարերով մի կոթող են կանգնեցնում, որպեսզի ապագայում, երբ եկող սերունդը հարցնի, թե «ի՞նչ են այդ քարերը», ի հայտ գա իսրայելացիների՝ հրաշքով Հորդանան գետից անցնելը, և չմոռանան Աստծո զորությունը (Հեսու 4:22):
Հեսուն նույնպես տասներկու քարեր վերցնելով՝ Հորդանանում քահանաների կանգնած վայրում նշան է բարձրացնում: Հետո երբ տապանակն էլ է անցնում, գետը, առանց ափերից դուրս գալու, իր սովորական հունով հոսում է:
Դու Աստծո ողորմությունը տես, քառասուն տարի առաջ, առանց նավի կարիք ունենալու իսրայելացիներն անցան Կարմիր ծովով, իսկ այժմ առանց կամրջի կարիք ունենալու Հորդանան գետով են անցնում: Իսրայելացիները շատ ուրախացան, իսկ այդ կողմերում գտնվող կռապաշտ թագավորները իսրայելացիների՝ Հորդանանը հրաշքով անցնելու մասին լսելով՝ մեծ երկյուղի և մտատանջության են մատնվում, շվարում են՝ չիմանալով, թե ինչ անել:
Քանի որ քառասուն տարիների ընթացքում անապատում ծնվածները մինչ այդ պահը չէին թլպատվել, Աստծո պատվիրանի համաձայն՝ Հեսուն գայլախազ (կայծքար) քարով բոլորին թլփատում է: Ավետյաց երկիրը ոտք դնելուց և դրա ցորենը ուտելուց հետո ամեն օր իջնող մանանան դադարեց իջնել: Նույնպես հրաշալի ամպը, որը անապատում առաջնորդում էր իսրայելացիներին, Հորդանանը անցնելու ժամանակ անհետացավ:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.: