12 Հոկտեմբեր, Շբ
Չմնացին: Հիրավի, որքան էլ որ Հեսուն շատ թշնամիների կոտորեց, սակայն այսուհանդերձ դեռևս շատ կռապաշտներ կային. նա չկամեցավ բոլորին կոտորել՝ մտածելով, թե միգուցե ժողովուրդը հանգիստ լինելով՝ անձնատուր լիներ մարմնական հաճույքներին և զվարճանքներին և մոռանար Աստծուն: Սրան հակառակ, թշնամու գոյությունը նրանց մի խթան և հուշարար կլիներ, որ թշնամուց չհաղթվելու համար պարտավոր են իրենց հույսը Աստծո օգնության վրա դնել և հնազանդվել Նրա սուրբ պատվիրաններին (Դատ. 3:1):
Դու հիմա իսրայելացիների ապերախտությանը նայիր, քանի որ թե՛ Մովսեսը և թե՛ Հեսուն կռապաշտների հետ մտերմիկ հարաբերություններ չհաստատելու համար նորից ու նորից խիստ պատվերներ տվեցին՝ զուշացնելով նրանց կուռքերը չպաշտել: Եղիազար քահանայապետի և նրան ժամանակակից ծերերի մահվանից հետո իսրայելացներն այն աստիճան են մտերմանում իրենց դրացի կռապաշտների հետ, որ սկսում են պաշտել նրանց կուռքերը:
Այն ժամանակ Աստված բարկանալով՝ հետզհետե նրանց վրայից վերցնում է Իր խնամակալությունը և պաշտպանությունը, թշնամիները հետզհետե համարձակություն են ստանում, որից իսրայելացիները հարկադրված վերստին պատերազմում են նրանց դեմ: Այս առիթով ժողովրդի մեծամեծները խորանի առջև հավաքվելով՝ քահանայապետի միջնորդությամբ Աստծուն հարցնում են, թե ո՞վ դուրս գա քանանացիների դեմ պատերազմելու (Դատ. 1:1):
Աստված հրամայում է, որպեսզի Հուդան դուրս գա պատերազմելու, իսկ Հուդայի ցեղապետը զորքերի գլուխն անցած և իր հետ Շմավոնի ցեղից էլ մարդիկ վերցրած՝ միասնաբար պատերազմ սկսի Ադոնիբեզեկ թագավորի դեմ, որը Բեզեկ կոչված քաղաքի թագավորն էր: Իսրայելացիներն այս քաղաքը գրավելուց հետո թագավորին էլ ձերբակալում են՝ նրա ձեռքերի և ոտքերի մատների ծայրերը կտրատելով:
Խելամուտ եղիր Աստծո արդարությանը, քանի որ հիշյալ թագավորը, խիստ անգութ և բարբարոս անձ լինելով, նախապես յոթանասուն թագավորների հետ պատերազմելու ժամանակ նրանց գերելով՝ մատների ծայրերը կտրատել էր տվել, և այս թագավորներին իր հացի սեղանի տակ էր պահում, որպեսզի նրանք սնվեին իր նետած հացի կտորներով: Արդարև իր կատարած անգթությունը նույն կերպ իրեն վերադարձավ և նա, Աստծո արդարությունը խոստովանելով, ասում է. «Ինչպես որ ես արեցի, Աստված էլ նույնպես հատուցեց ինձ» (Դատ. 1:7):
Խրատվիր հիշյալի թշվառ վիճակից. ոչ մեկին մի՛ անիրավիր և մի՛ զրկիր, եթե թշնամուդ նկատմամբ հաղթանակ տանելով նույնիսկ պատեհ առիթ ունենաս, վրեժխնդիր մի՛ եղիր, այլ չարության փոխարեն բարիք արա, որպեսզի բարիք գտնես: Քանի որ մարդս ուշ կամ շուտ Աստծուց պետք է իր գործերի համեմատ հատուցում ստանա: Նույնպես արժանի է իմանալ, որ այն ժամանակ փոքր գավառների իշխաններին «թագավոր» անունն էին տալիս, հետևաբար տարակուսանքով մի՛ ասա, թե ինչքան շատ թագավորներ են եղել:
Աստծո օգնությամբ Հուդայի և Շմավոնի ցեղերը այդ ժամանակ շատ տեղեր գրավեցին: Հովսեփի ցեղն էլ Բեթել անվամբ քաղաքն է պաշարում, սակայն անկարող են լինում ներս մտնելու ճանապարհը գտնել: Նույն պահին քաղաքից դուրս եկած մի մարդու են բռնում, որին խոստանում են դրամ տալ, եթե նա քաղաք մտնելու գաղտնի ճանապարհն իրենց ցույց տա: Նա էլ ագահությունից հայտնում է այն ամենը, ինչ որ նրանք ցանկանում են իմանալ: Զորքը ներս մտնելով՝ քաղաքի ողջ բնակչությանը սրի է քաշում, տիրանում քաղաքին՝ որևէ վնաս չկրելով:
Թեպետ վերոհիշյալ մատնիչին շատ վճարեցին, սակայն այլևս չվստահելով՝ թե՛ նրան և թե՛ նրա ազգականներին այլ վայր ուղարկեցին: Քանի որ նա, ով իր ազգը կամ հայրենիքը չխնայելով՝ միայն իր փրկության կամ ընչասիրության համար մատնում է այն, հայտնի է, որ երբեք ուրիշին չի կարող հավատարիմ լինել, և ոչ էլ արժանի է վստահության:
Այդ ժամանակահատվածում Իսրայելի ամեն մի ցեղ պատերազմում էր՝ իրեն սահմանակից ցեղական թշնամուն հաղթելու եռանդով լցված, սակայն դա երկար չտևեց: Ոմանք ընչասիրության ախտից հաղթված՝ կռապաշտներից կաշառք են վերցնում, իսկ ուրիշները մարդահաճությամբ այնքան են մտերմանում նրանց հետ, որ աղջիկ առնել և տալուց բացի ամենայն հիմարությամբ նրանց կուռքերին էլ են սկսում պաշտել՝ հետ կանգնելով իրենց բարերար, ողորմած և պահապան Աստծուն և Նրա օրենքներին հնազանդվելուց:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.: