Պատասխան – Ըստ Ոսկեբերանի և ուրիշ վարդապետների` քանի որ Քրիստոս հոգիներն ազատելու համար իջավ դժոխք, նույնպես և Քրիստոսի փոխանորդները, այսինքն` սրբազան կարգ ունեցողները, այցելում են ննջեցյալների հոգիներին` գերեզմանատներ գնալով: Նրանք փրկավետ օրհնությամբ պաղատում են Քրիստոսին, որ ինչպես Իր մարդասիրությամբ նույն օրն իջավ կապվածների մոտ, որոնք սատանայի գերության տակ էին, նույն կերպ ողորմալով` գթա մեր ննջեցյալների հոգիներին, որոնք միշտ Նրա ողորմությունն են ակնկալում: Այս պատճառով էլ ննջեցյալների տերերը ողորմություն են պարգևում Քրիստոսի բարեկամներին, այսինքն` կարոտյալներին և աղքատներին: