Պատասխան - Այո՛, բոլոր ազգերին էլ Աստված է ստեղծել: Բայց հատկանշական է հրեից ազգը, քանզի ուրիշ ազգերի նման, հետո չսերվեց, այլ հատուկ արարվեց Աստծո ձեռքի զորությամբ: Հայտնի է, որ Իսրայելը սկզբնավորվեց Իսահակից և Հակոբից: Սուրբ Գրքի մեջ շատ անգամ մասնավորաբար Իսրայելի ազգը Հակոբ է անվանվում:
Արդ՝ Աբրահամի որդի Իսահակն ամուլ Սառայից ծնվեց բնական կարգից դուրս, քանզի Սառայի հղանալու ժամանակն անցել էր (Ծննդ. 18:14): Եվ որովհետև Իսահակով ու Հակոբով Իսրայելի ողջ ազգն առաջացավ, իսկ վերջիններս ծնվեցին լոկ սքանչելիքով և ոչ թե բնական կերպով, ուստի Իսրայելի ազգի համար ասում է. «Ես ծնեցի քեզ»: