Սավուղը Իսրայելի ո՞ր ցեղից, ո՞ւմ որդին և ինչպիսի՞ մարդ էր:

Բենիամինի ցեղից և Կիս անունով մի քաջ հողագործի որդին էր. բարձրահասակ էր և վայելչագեղ, որի նմանը իսրայելացիների մեջ չկար: Նա մի ծառայի հետ հոր կորած էշերին փնտրելու է գնում, և երեք օր շրջելով` չեն կարողանում գտնել: Երբ նա Սամվելի գտնվելու վայրն է հասնում, մտադրվում է հետ դառնալ, որպեսզի հայրը չմտատանջվի իր համար: Սակայն ծառան հայտնում է, որ այնտեղ մի մարդ կա, որի խոսքը անկասկած կատարվում է, և առաջարկում է գնալ՝ նրանից խորհուրդ հարցնելու:

Սավուղը համաձայնում է և երբ հարցուփորձ է անում, թե որտեղ է մարգարեն, հանդիպում է Սամվելին, որին էլ հարցնում են, և նա պատասխանում է, որ իրենց փնտրած մարգարեն ինքն է: «Այսօր ինձ մո´տ անցկացրեք, վաղը ձեզ ճանապարհ կդնեմ, -ասում է նա և ավելացնում, - իսկ էշերի համար մի´ մտահոգվիր, քանի որ արդեն գտնվել են, և Իսրայելի փառքն ու տերությունն էլ քոնն են»:

Մարգարեն այս խոսքերն է ասում, քանի որ Աստված իրեն հայտնել էր, որ Իսրայելում նա պիտի թագավորի: Սակայն Սավուղը, փոքր ցեղից լինելով, իրեն թագավորելու անարժան է համարում, թեև մարգարեի խոսքերից զարմանում է և նրան առարկում, բայց Սամվելը նրան իր տուն է տանում և այդ գիշեր արժանի ընդունելություն կազմակերպում ցանկալի հյուրի համար:

Առավոտյան ծառային առաջ ուղարկելով, երբ երկուսով առանձին են մնում, օծում է Սավուղի գլուխը և համբուրելով հայտարարում, որ Աստված նրան Իր ժողովրդի թագավոր է կարգել, որպեսզի թշնամիներից ազատի նրան:

Լա´վ մտապահիր. Սավուղը հոր էշերը փնտրելու ժամանակ թագավոր է կարգվում, և որպեսզի այս դեպքը պատահական մի բան չհամարվի, այլ Աստծու գերագույն կամքով կատարված, ի նշան դրա` Սամվելը հայտնում է Սավուղին. «Այսօր վերադարձիդ Ռաքելի գերեզմանի մոտ երկու մարդու պետք է հանդիպես, որոնք շտապելով վազում են, որ քեզ հայտնեն, որ հորդ էշերը գտնվել են: Հետո առաջ գնալով մինչև Դեբովրայի կաղնին` երեք անձինք պիտի դիմավորեն քեզ, որոնցից մեկը` երեք ուլ, երկրորդը` երեք աման կերակուր, երրորդը` մի տիկ գինի են բարձած տանելու, և քեզ ողջունելով` երկու հաց պիտի տան քեզ: Երբ քաղաք մտնես, երաժիշտ մարգարեների պիտի հանդիպես, որոնց խառնվելով` դու նույնպես բարձրյալ Աստծու շնորհով պիտի մարգարեանաս: Արդ, երբ այս նշանները տեղի ունենան, և ամեն ինչ ըստ իմ գուշակության կատարվի, այն ժամանակ քա´ջ եղիր և գործադրի´ր զորությունդ, քանի որ Տերը քեզ հետ է: Ապա Գաղգաղա գնալով` այնտեղ յոթ օր սպասի´ր, մինչև ես գամ, Աստծուն պատարագ մատուցեմ և անելիքդ էլ ասեմ»: Արդարև, ամեն ինչ ըստ Սամվելի ասածի կատարվելով` աստվածային շնորհն էլ տրվում է Սավուղին , որպեսզի իր նոր իրավիճակին համապատասխան խորհի և ըստ այդմ գործի:

Սավուղը հողագործ էր, և երբ սկսում է մարգարեանալ, ամեն մեկը մյուսին զարմանքով հարցնում էր. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարե», և այս խոսքը ժողովրդի մեջ է տարածվում և ընդհանրական առած դառնում : Սակայն Սավուղը թագավոր կարգվելու մասին բնավ ոչ մեկին չի հաղորդում, մինչև Սամվելն անհրաժեշտ ձևով անձամբ է հայտնում:

Թեև Սամվելը Աստծու հրամանով է Սավուղին թագավոր կարգում, սակայն այս գործը իրենց՝ երկուսի մեջ գաղտնի մնալու պատճառով Սամվելը ցանկանում է ժողովրդի առջև հաստատել, որ նա արժանի է թագավորության, որպեսզի բոլորը հնազանդվեն նրան, ինչպես հարկ է:

Ուստի նա ժողովրդին հավաքում է Մասեփաթում և իսրայելացիների տասներկու ցեղերի անունով վիճակ է գցում, որով թագավորությունը Սավուղին է վիճակվում: Այդ պահին Սավուղը ժողովրդի մեջ էր թաքնվել, Սամվելը աստվածային հայտնությամբ գտնում է նրան և ժողովրդին ներկայացնելիս տեսնում, որ նա հասակով բոլորից բարձր է, տեսքով էլ խիստ վեհաշուք և ակնածելի: Այն ժամանակ ժողովուրդը, նրան թագավոր ընդունելով, համամիտ և հնազանդ, միաձայն գոչում է. «Կեցցե´ արքան»:

Սամվելը ժողովրդին նորից է հայտնում թագավորի իրավունքի և պարտքի մասին, որն էլ գրի է առնում, որպեսզի հետո չգանգատվեն, որ թագավորն իրենց հարստահարում է, ինչ նախապես հայտնել էր:

Հետո Սամվելի հրամանով ամեն մարդ իր տեղն է գնում: Սավուղը նույնպես Գաբաա քաղաք է գնում` իր հոր տուն: Թեև միայն որոշ ժանտ և չար մարդիկ սկսում են ասել, թե դա ով է, որ իրենց ազատի, նաև ընծա չեն բերում, սակայն Սավուղը ձևացնում է` նրանց խոսքը չի լսում, և նախկինի նման հողագործությամբ է զբաղվում, մինչև թագավորական իշխանությունը վարելու հարմար ժամանակը գա:

Մի ամիս հետո պատեհ առիթը ներկայանում է, քանի որ ամոնացի կռապաշտ թագավոր Նաասը պաշարում է Գաաղադի կողմերում գտնվող Հաբիս քաղաքը, և բնակիչները, անկարող ընդդիմանալու, առաջարկում են, որ Նաասը իրենց հետ դաշինք կնքի, և իրենք էլ պատրաստ են խոնարհաբար ծառայելու նրան:

Նաասը նրանց պատասխանում է, որ եթե իրենց աջ աչքերը կհանեն, այն ժամանակ դաշինք կկնքի: Հաբիսի ժողովուրդը ճարահատյալ յոթ օր ժամանակ է խնդրում, որպեսզի Իսրայելի քաղաքներ մարդիկ ուղարկեն, և եթե յոթ օրվա ընթացքում իրենց ազատող չգտնվի, այն ժամանակ հոժարակամ անձնատուր լինեն Նաասին:

Թեև սույն առաջարկն անընդունելի էր, սակայն Նաասը, նրանց տկար վիճակն իմանալով, այսպիսի ապօրինի առաջարկ է ներկայացնում, որպեսզի իսրայելացիներին ավելի անարգի:

Ուստի խնդրած ժամկետը շնորհում է` վստահ, որ յոթ օրվա ընթացքում չեն կարող որևէ մեկից օգնություն գտնել: Արդ, Հաբիսի բնակիչները, Սավուղի թագավոր կարգվելու մասին իմանալով, նրա մոտ մարդ են ուղարկում, որ որպես իրենց թագավոր` թշնամուց ազատի:

Սակայն քանի որ Սավուղը նախկինի պես երկրագործությամբ էր զբաղվում և այդ ժամանակ էլ արտ էր գնացել, ուստի Գաբաա քաղաքի բնակիչները, վերոհիշյալ գույժը լսելով, մեծ վայնասուն են բարձրացնում և սկսում են լալ ու ողբալ: Երբ Սավուղը վերադառնալով տեղեկանում է իրավիճակին, նրա հոգին սաստիկ զայրանում է, մանավանդ Աստծուց զորություն ստանալով ` երկու եզներ է մասնատում և դրանցից մի-մի կտոր Իսրայելի քաղաքներ ուղարկելով` հայտարարում է. «Ով որ Սավուղի և Սամվելի հետ պատերազմի չգա, նրա եզներն այսպես պիտի անել»:

Աստված էլ ժողովրդի սրտում երկյուղ է գցում, որից էլ բոլորը միասին և իրար խրախուսելով՝ վեց օրվա ընթացքում վեց հարյուր յոթանասուն հազար մարդ է հավաքվում` պատերացմելու եռանդագին տենչով: Այն ժամանակ Սավուղը Հաբիսի բնակիչներին լուր է ուղարկում, որ նրանք վաղը կազատվեն: Այս լուրից նրանք, իհարկե, սրտապնդվում և ուրախանում են, սակայն որպեսզի թշնամին չզգա, որ իսրայելացիները պատերազմելու պատրաստ են, իբր թե օգնություն գտնելու անկարող, հուսահատ` Նաասին լուր են ուղարկում, որ վաղը նրան անձնատուր կլինեն, ինչ ուզում է, իրենց անի:

Նաասի` այս տեղեկությունից ուրախացած, անհոգ և անպատրաստ ժամանակ Սավուղը հանկարծ նրա բանակի վրա է հարձակվում, իսրայելացիները այնքան են կոտորում թշնամուն, որ կենդանի մնացածներից երկուսը, մեկտեղ մնալ չկարողանալով, յուրաքանչյուրը, մի- մի կողմ փախչելով, հազիվ է կարողանում ազատվել: Հասկացի´ր. Սավուղը, ինչպես վերը հիշատակվել է, իրեն թագավոր լինելու արժանի չէր համարում, և թեև վատաբարո մարդիկ էլ նրան արհամարհում են` ասելով, թե նա ով է, որ իրենց փրկի, սակայն Աստծու ողորմությամբ նրա ձեռքով այսպիսի մեծ հաղթանակ տանելուց հետո նրա անունը ժողովրդի մեջ այնպես է փառավորվում, որ նրա հակառակորդներին սպանել են ցանկանում:

Սավուղը, չցանկանալով, որ իր պատճառով Իսրայելի ժողովրդից մեկը մեռնի, վեհանձնորեն նրանց հանցանքներին ներում է շնորհում, որով էլ իր սրտի գթության մի փայլուն ապացույց է տալիս ժողովրդին և այսպիսով, բոլորին ուրախություն և գոհունակություն պատճառելով, ջանում է գրավել նրանց ջերմ սերը և համակրությունը: Հետո Սամվելը, Իսրայելի բոլոր ցեղերին Գաղգաղայում հավաքելով, բոլորի ներկայությամբ Սավուղի գլխին նորից յուղ լցնելով` նրան թագավոր է օծում, և ողջ ժողովուրդը ցնծության տոնախմբություն է կազմակերպում՝ Սամվել մարգարեի և Սավուղ թագավորի ներկայությամբ զոհ մատուցելով և շնորհակալ լինելով Աստծուց, որ հաճեցել է իրենց թագավոր և մի այդպիսի փառավոր հաղթանակ տալ անողորմ թշնամու նկատմամբ:

Այստեղ հարկ է հիանալ Սամվելի առաքինությամբ. որովհետև մինչ այդ պահը նա իշխում և կառավարում էր ողջ Իսրայելը, ուստի Սավուղի թագավոր լինելով, ազգի կառավորումը նրան հանձնելով` խնդրում է, որ ինքը գնա և իր տանը բնակվի: Սակայն ժողովուրդը դեռևս չցրված, ինքն իրեն արդարացնել ցանկանալով, Աստծուն և թագավորին վկայակոչելով` ժողովրդին առաջարկում է, որ եթե իր իշխանության ընթացքում մեկից մի բան է վերցրել կամ տկարին զրկել և հարստահարել է, թող հայտնի, որպեսզի իսկույն հատուցի նրան:

Ամբողջ ժողովուրդը միահամուռ հայտարարում և խոստովանում է, որ նա ոչ ոքի չի հարստահարել, և երբ այսպես բոլոր առումներով, ժողովրդի վկայությամբ վավերացվում է նրա հավատարմությունը, այն ժամանակ Սամվելը, նորից խոսելով և սկսելով նրանց հայրերի ժամանակներից, թվում է Աստծու արած բարիքները և միևնույն ժամանակ հիշեցնում նրանց օրինազանցությունները, որոնց համար արդարացիորեն պատժվել են: Հետո Սամվելն ավելացնում է. «Հիմա, եթե դուք և ձեր թագավորն Աստծուն ծառայեք, Աստված ձեզ պատժելու փոխարեն ամենայն բարիքներով կլիացնի և կփառավորի, իսկ եթե Նրա հրամանների և օրենքների դեմ մեղանչեք, չարաչար կպատժվեք»: Սամվելը, ցանկանալով խոսքերը հրաշքով էլ հաստատել, աղոթում է առ Աստված և խնդրում, որ որոտ լինի, և անձրև էլ տեղա, որպեսզի ժողովուրդը հասկանա իր խոսքի ճշմարտությունը, այլև իրենց տկարությունն ու հանցավորությունը:

Թեև հունձքի ժամանակ էր, երբ Երուսաղեմի կողմերում այդ ժամանակ անձրև չի տեղում, սակայն Սամվելի` աղոթքի կանգնելուն պես Աստծու հրամանով իսկույն խիստ որոտ է լինում և սաստիկ անձրև տեղում , որից բոլորը վախենալով խոստովանում են, որ իրենք հանցավոր են Տիրոջ առջև և Սամվելին խնդրում են, որ աղոթի, որպեսզի իրենք չմեռնեն:

Սամվելը, տեսնելով նրանց զղջումը, քաջալերում է, որ չվախենան և մխիթարական խոսքերով հորդորում է, որ միշտ հավատարմությամբ ծառայեն Աստծուն, որպեսզի խաղաղությամբ ապրեն:

Սավուղի թագավոր լինելուց մինչ այն ժամանակ մեկ տարի էր անցել, ուստի Սուրբ գրքում գրված է, որ Սավուղը թագավոր լինելու ժամանակ մեկ տարեկան էր: Այնուհետև Սավուղը ժողովրդին արտոնություն է տալիս, որ ամեն մեկը վերադառնա իր տուն, իսկ ինքը, երկու հազար մարդ վերցնելով, Մաքմաս կոչվող վայրն է գնում, հազար մարդ էլ որդու՝ Հովնաթանի հետ թողնում: Այդ ժամանակ Գաբաա քաղաքի մոտակայքում մի աշտարակ դեռևս թշնամու ձեռքին էր, իսրայելացիները դրա պատճառով խիստ նեղվում էին, ուստի Հովնաթանը, հանկարծ հարձակվելով, բռնի ուժով գրավում է այն:

Թեպետ սրա համար ամբողջ ժողովուրդն ուրախանում է, սակայն պարզ էր, որ թշնամին հանգիստ չի մնալու, դրա համար էլ Հովնաթանը այն պահպանելու համար հազար հոգով Գաբաայում է մնում:

Սավուղն էլ, երկու հազար զորքով Գաղգաղա գնալով, Սամվելին և ժողովրդին հրավիրում է` այնտեղ հավաքվելու, որպեսզի Աստծուն զոհ մատուցելուց հետո թշնամու դեմ դուրս գան, քանի որ այն ժամանակ տապանակը ժամանակավորապես այնտեղ էր: Բայց երբ թշնամին, երեսուն հազար մարտակառքերով, վեց հազար հեծյալով և ծովի ավազի նման անհամար զորքի բազմությամբ Մաքմաս գալով, բանակ է դնում, իսրայելացիները վախից չեն կարողանում Սավուղի մոտ գնալ, ուստի պատսպարան են որոնում քարայրերում, գոմերում և ցամաքած ջրհորներում:

Սրանից բացի` Սավուղի մոտ եղած զորքն էլ սկսում է խույս տալ, որից էլ նա մասամբ երկյուղից, մասամբ անհամբերության պատճառով առանց Սամվելի գալուն սպասելու և դեռ յոթ օրը չլրացած, շտապում է՝ անձամբ զոհ մատուցելու: Բայց քանի որ Սամվելը նախապես պատվիրել էր Գաղգաղա գնալ և յոթ օր այնտեղ սպասել, մինչև ինքը գա և զոհ մատուցի, ուստի Սամվելի գալուց առաջ զոհ մատուցելը մեծ հանցանք էր:

Երբ զոհաբերությունը հազիվ կատարել վերջացրել էին, Սամվելը գալով հանդիմանում է Սավուղին, թե ինչու է Աստծու հրամանին հակառակ գործում: Սավուղը ինքն իրեն արդարացնելու նպատակով առարկում է. «Ժողովուրդը ցրվեց, իսկ դու չեկար, վախեցա, որ թշնամին մեզ վրա կհարձակվի», սակայն այս առարկությունն էլ չի ընդունվում: Մանավանդ այս խոսքերով նա, իրեն անմեղ համարելով, հանցանքը կրկնապատկում է, քանի որ Սամվելը նրան հայտնում է հանցանք կատարելը, նա էլ, իբրև մի անմեղ, զանազան պատրվակներ է բերում:

Այստեղ հարկ է նկատել, թե ինչպիսին է լինում անհամբեր և հանցանքը չընդունող, չզղջացող մարդու վիճակը, քանի որ Սավուղի այսպիսի վարքի պատճառով Սամվելը վճռում է, որ «թագավորությունը նրանից վերցրվելով Աստծուն հաճելի և արժանագույն մարդու է տրվելու», և իսկույն իր տեղն է վերադառնում:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․