Ներում ստանալուց հետո Աբիսողոմը միշտ հնազա՞նդ է մնում հորը՝ Դավթին:

Ոչ միշտ: Քանի որ թեև Աբիսողոմը, շատ գեղեցիկ էր, գլխից մինչև ոտքերը ոչ մի թերություն չուներ,   թեև բոլոր իսրայելացիների մեջ նրա նման վայելչակազմ մեկը չկար, այնպես որ նրա ոսկեթել երկար մազերն անչափ առատ էին և մեծ արժեք ունեին, սակայն նա շատ հպարտ էր. որքան արտաքինից գեղեցիկ էր, այդքան էլ` ներքնապես տգեղ: Նա չար սիրտ, նենգավոր միտք և հոռի կամք ուներ, որոնցով ոչ միայն անհնազանդության հանցանք է գործում, այլև իր գեղեցկությամբ այնքան գոռոզանում, որ ցանկանում է Դավթին արքայական գահից զրկել և ինքը թագավոր լինել:

Ահա, հետամուտ է լինում սույն ապօրինի նպատակին` նախ թագավորին վայել պերճանք և շքեղություն ցույց տալով,  հատուկ կառքեր է պատրաստել տալիս իր համար և շարունակ շրջում է բազմաթիվ ծառաներով, նամանավանդ սկսում է դիմավորել բոլոր այն մարդկանց, որոնք դատով թագավորի մոտ են գալիս, նրանց սիրով հարցնում է, թե որտեղից և ինչի համար են եկել, և նրանց պատասխանը ստանալուց հետո սիրով ավելացնում է. «Դու իրավացի ես, սակայն թագավորի կողմից դատդ լսող չկա, որպեսզի արդարությամբ վճիռ արձակի»:

Այսպիսի խոսքերով ձգտում է գրավելու նրանց սրտերը, հետո ավելացնում. «Եթե ինձ դատավոր կարգեին, ես բոլորի դատաստանը արդարությամբ կանեի», միևնույն ժամանակ նրանց կարեկցանքով մոտենալով` հոր նման ողջագուրվում և գորովանքով համբուրում է: Այսպես չորս տարի կեղծավոր, քաղցր խոսքերով և ժպտադեմ` ժողովրդի սերը իր կողմը գրավելուց հետո Դավթին առաջարկում է` ասելով. «Թո´ւյլ տուր Ինձ Քեբրոն գնալ և զոհ մատուցել, քանի որ Գեսուրում լինելու ժամանակ ուխտել եմ, որ եթե Աստված ինձ Երուսաղեմ վերադարձնի, այնտեղ Տիրոջը երկրպագեմ և զոհ մատուցեմ»:

Դավիթը, նրա խոսքին հավատալով, թույլ է տալիս, ուստի նա այս հրահանգն ստանալուն պես, իր ծառաներից բացի, երկու հարյուր հոգի էլ է հրավիրում, որոնք առանց որևէ կասկածի, միամիտ սրտով գնում են նրա հետ: Ահա այսպիսի շքախմբով Աբիսողոմը, Քեբրոն գնալով, նախ զոհ է մատուցում Աստծուն:

Սակայն հրավիրվածների մեջ Աքիտոփել անունով մի մարդ է լինում, որը Թեկուա քաղաքից էր և ժամանակին Դավթի խորհրդակիցն էր և նրան հավատարիմ: Այս անձը շատ իմաստուն, գործունյա և բանիմաց մեկն էր, բայց այժմ Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի պատճառով թշնամացել էր Դավթին և հետամուտ էր վրեժ լուծելու նրանից, որովհետև Բերսաբեն նրա որդի Եղիաբի աղջիկն էր (Բ Թագ. 23: 38,39):

Աբիսողոմն այս մարդուն իր մոտ է բերել տալիս, որպեսզի խորհրդակցեն: Նաև բոլոր իսրայելացիների մոտ մարդիկ ուղարկելով` պատվիրում է, որ երբ փողի ձայնը լսեն, «Աբիսողոմը թագավորեց» աղաղակելով` միմյանց լուր տան: Արդարև, այսպես մարդ ուղարկելով` փող է հնչեցնում, որով կարճ ժամանակահատվածում նրա թագավորելը հայտնի է դառնում, և ժողովրդի մի ահագին բազմություն է հավաքվում  Քեբրոնում:

Այս պարագայում դու Դավթի առաքինությո´ւնը տես, որովհետև երբ իմանում է Աբիսողոմի վարմունքի և իր հանդեպ ժողովրդի վերաբերմունքի մասին, իր ծառաներին իսկույն ասում է. «Աբիսողոմից փախչենք, գուցե հանկարծ հարձակվելով` չարիք հասցնի և քաղաքին հարվածի» (Բ Թագ. 15:14):

Դավիթն իր այս խոհեմ և հեռատես քայլով, իրեն Աստծու կամքին հանձնելուց բացի, Երուսաղեմն ու նրա բնակիչներին է փրկում: Քանի որ  եթե Երուսաղեմում մնար, Աբիսողոմի մոտենալու ժամանակ հարկադրաբար պիտի պատերազմեին, և ժողովուրդը միմյանց կոտորեր. մինչև անգամ տունը պահպանելու համար զորք թողնելու փոխարեն իր հարճերից տասը կանանց է թողնում, իսկ ընտանիքն իր հետ վերցնելով` փախչում է:

Այն ժամանակ Գեթ քաղաքից Եթթի անունով մի մարդ, որ այն օրերին վեց հարյուր մարդկանցով, որպես Դավթի հյուր, Երուսաղեմում էր բնակվում, Դավթի` Երուսաղեմից փախչելու ժամանակ, իր մարդկանց վերցնելով, ցանկանում է նրա հետ գնալ, և թեև Դավիթը ասում է. «Դու ինչո՞ւ ես մեզ հետ գալիս, ես իմ ուր գնալը չգիտեմ, վերադարձի´ր և թագավորի հետ քաղաքում բնակվի´ր, դու հյուր ես, իմ պատճառով մի՛ անհանգստացիր», սակայն նա, երդմանը հավատարիմ, պատասխանում է. «Ե´վ մահվան, և´ կյանքի ժամանակ որտեղ տերս է, ծառադ էլ այնտեղ պիտի լինի», և բնավ չի ցանկանում բաժանվել:

Նամանավանդ Երուսաղեմի բնակիչները, բարձրաձայն արտասվելուց և ողբալուց բացի, Սադովկ քահանան և Աբիաթարն ու բոլոր ղևտացիները, տապանակը վերցնելով, ցանկանում են դուրս գալ Երուսաղեմից, որպեսզի Դավթի հետ գնան: Սակայն Դավիթը հայտնում է, որ ինքը դատաստանը Աստծու կամքին է թողնում, ինչպես Նա տնօրինի, պատրաստ է ամենայն խոնարհությամբ և հլությամբ համակերպվել, և խոսքը Սադովկ քահանային ուղղելով` ասում է. «Հե´տ դարձրու տապանակը, եթե Աստված ինձ ողորմի, կարող է ինձ վերադարձնել և վերստին ցույց տալ այն» (Բ Թագ. 15:25):

Միևնույն ժամանակ Դավիթը Սադովկ քահանային պատվիրում է, որ քաղաքում մնալով` իրեն հայտնի տեղի ունենալիք դեպքերը: Ապա նա, Երուսաղեմի մոտ գտնող ձորն անցնելով, սկսում է Ձիթենյաց լեռը բարձրանալ, սակայն ոչ թե արքայական փառքով, այլ հետիոտն և արտասվելով, գլուխը քողով ծածկած, ոտաբուբիկ և խոր հառաչանքներով և ողբալով:

Ժողովուրդը, նրան այդպիսի ողոմելի և արհամարհելի վիճակում տեսնելով, շատ շատերը, նույնպես իրենց գլուխները ծածկած, աղիողորմ արտասուքներով և հետիոտն լեռն են բարձրանում (Բ Թագ. 15:30): Ահա հենց այդ ժամանակ Դավթին լուր են տալիս, որ վերոհիշյալ Աքիտոփելը միավորվել է Աբիսողոմի հետ, որի պատճառով Դավիթը ավելի է  տխրում, քանի որ պարզ էր, որ հիշյալ անձը, խորագետ լինելով, Աբիսողոմին պետք է սովորեցներ նենգամիտ հնարագիտության բոլոր ճանապարհները, և դրա համար էլ Աստծուն աղաչում էր, որ ցրի Աքիտոփելի չար խորհուրդները (Բ Թագ. 15:31):

Դրանից հետո լեռան գագաթը բարձրանալով` (եբրայերեն Հռովս է կոչվում, որը նշանակում է «լեռան գագաթ»), շրջվում է դեպի Երուսաղեմ և այնտեղ Աստծուն երկըրպագելով` ինքն իրեն ամբողջովին Նրա գթության ու ողորմությանն է հանձնում (Բ Թագ. 15:32): Դա այն վայրն է, որտեղից մեր Փրիկիչ Հիսուս Քրիստոսը փառքով երկինք է համբարձվում:

Դավթի փախուստի ժամանակ Քուսին բացակայում էր Երուսաղեմից. նրա շատ հավատարիմ ծառաներից էր: Երբ վերադառնալով տեղեկանում է եղելությանը, հագուստը պատռելով և գլխին մոխիր ցանելով` գնում է Դավթի հետևից, որ չբաժանվի նրանից, սակայն Դավիթը նրան, որպես լրտես, ուղարկում է Երուսաղեմ` խորհուրդ տալով, որ Աբիսողոմին ասի. «Ահա եղբայրներդ և հայրդ գնացին, ես ինչպես հորդ էի ծառայում, նույնպես քեզ կծառայեմ»:

Այսպիսով, Քուսին Աբիսողոմին պետք է ցույց տար, որ  ամեն ձևով հավատարիմ է Աբիսողոմին և մնար նրա մոտ, որպեսզի հնարավորություն ունենար խափանելու Աքիտոփելի խորհուրդները: Մանավանդ հիշյալը Աբիսողոմի բոլոր քայլերի մասին պիտի տեղեկացներ Սադովկ քահանային, որպեսզի նա էլ Դավթին հայտներ: Արդարև, երբ Քուսին, Դավթից բաժանվելով, Երուսաղեմ է գալիս, Աբիսողոմը նույնպես բազմաքանակ զորքով և մեծ փառքով մտնում է Երուսաղեմ:

Հովնաթանի որդին՝ Մեմփիբոսթեն էլ, որը Դավթի հովանավորյալն էր և Երուսաղեմում էր բնակվում, թեև ցանկանում է նրա հետ խույս տալ, սակայն կաղ լինելու պատճառով, իր ծառա Սիբային հրամայում է ավանակ պատրաստել, որպեսզի Դավթի հետևից գնա: Հիշյալ Սիբան հրամանը կատարելու փոխարեն Դավթին հաճոյանալու համար ինքն է նստում ավանակին և երկու ավանակի վրա ուտելիք և գինի բարձելով, որպես թե իր կողմից, տանում է Դավթին:

Դավիթը Ձիթենիների լեռան վրա հանգստանալու ժամանակ հարց է ուղղում նրան, որին Սիբան շտապով պատասխանում է, որ ավանակները իր տիրոջ համար է բերել, որ հեծնի, իսկ ուտելիքը` նրա ծառաների: Եվ երբ Մեմփիբոսթեի մասին է հարցնում, անզգամ ծառան պատասխանում է. «Երուսաղեմում է և հույս ունի, որ թերևս մի օր իր հոր թագավորությունը  իրեն կվերադաձնեն` որպես իր իրավունք»:

Այս խոսքը, անշուշտ, սուտ էր և կատարյալ զրպարտություն, որ չարախոս ծառան իր տիրոջ դեմ է հորինում, ինչպես հայտնի է (Բ Թագ.19:27): Քանի որ Մեմփիբոսթեն բոլոր առումներով Դավթից գոհ էր և ցանկանում էր նրա հետ Երուսաղեմից դուրս գալ, բայց դավաճան և մատնիչ Սիբայի խարդախության պատճառով իր մտադրությունն ու ցանկությունը չի կարողանում իրականացնել: Սակայն ժամանակի հանգամանքներին նայելով` Սիբայի  զրպարտությունը խելամիտ և ճշմարտանման է թվում, ուստի Դավիթն առանց քննելու նրա ստախոսությանը հավատում է և հրամայում, որ Մեմփիբոսթեի ողջ ունեցվածքը Սիբայինը լինի, որը նա շնորհակալությամբ ընդունում է:

Երբ դրանից հետո Դավիթը գալիս է լեռան ստորոտում գտնվող Բավուրիմ կոչվող վայրը, Սավուղի ազգականներից Սիմեի անունով մի մարդ, Դավթի և նրա մարդկանց վրա քար նետելուց բացի, Դավթին անիծելով, ասում է. «Ելի´ր, գնա´ արյունարբու և չար մարդ, Աստված Սավուղի ընտանիքի արյունը քեզ վրա բերեց և քո թագավորությունդ Աբիսողոմին տալով` արածդ չարությունը քեզ ցույց տվեց»:

Հովաբի եղբայր Աբեսսան, սույն անտեղի խոսքը լսելով, թեև անմիջապես ցանկանում է սպանել նրան` ասելով. «Ո՞վ է այդ սատկած շունը, որ հանդգնում է անիծել թագավորին», սակայն Դավիթը, նրա անհանդուրժելի խոսքերն իր մեղքերի համար որպես ապաշխարանք ընդունելով, խոնարհությամբ համբերում է: Ուստի նրան սպանելու հավանություն չտալով` ասում է. «Եթե իմ որդին ցանկանում է սպանել ինձ, ապա որքան առավել Սիմեն, թողե´ք թող անիծի, քանի որ Աստված նրան խոսք է տվել, գուցե Տերը, կրածս չարչարանքները տեսնելով, ողորմի ինձ» (Բ Թագ. 16:10):

Երբ Սիմեն տեսնում է, որ իրեն ոչ մեկը չի պատասխանում, չկարողանալով հաղթել իր բարկությունը` է´լ ավելի է մոտենում Դավթին և այս անգամ ոչ միայն քար է նետում, այլ նաև սկսում է փոշի և հող ցանել նրա վրա, սակայն Դավիթը, դարձյալ համբերելով,  բնավ ոչ մի բառ  չի արտասանում նրա դեմ, և այնտեղից գնալով  Հորդանան գետի մոտ գտնվող անապատը` այնտեղ է իջևանում, որպեսզի տեղեկություններ ստանա Երուսաղեմից:

 
 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․