Ի՞նչ է լինում վերոհիշյալ Սաբեեի վախճանը, որը Դավթին չի հնազանդվում և իսրայելացիներին էլ ապստամբության է դրդում:

Շատ թշվառ եղանակով սպանվում է: Որովհետև Դավիթը զորավար Ամեսայիին հրամայում է, որ երեք օրվա ընթացքում Հուդայի ցեղից զորք հավաքելով` Սաբեեի դեմ շարժվի, քանի որ միգուցե նա էլ, զորք հավաքելով, ամրանա մի որևէ քաղաքում և իրենց միշտ նեղություն պատճառի: Սակայն Ամեսային երեք օրից չի վերադառնում, ուստի թագավորը Հովաբի եղբայր Աբեսային է հանձնարարում, որ թագավորական զորքով  գլուխ բերի այդ գործը, և նրանց հետ Հովաբն էլ է գնում:

Հետո Ամեսային, զորք հավաքելով, նույնպես գնում է, բայց ճանապարհին Հովաբին է  հանդիպում, որը, իբր թե սիրով ողջագուրվելու համար նրա մորուքից բռնելով, «ո՞ղջ ես, եղբա´յր» ասելով, հանդերձի տակ թաքցրած սրով հարվածելով, սպանում է Ամեսայիին. նա երբեք որևէ թշնամություն չէր սպասում Հովաբից. այս երկու զորապետերն ազգականներ էին:

Սույն սպանության շարժառիթն այլ բան չէր, եթե ոչ  Հովաբի նախանձը: Քանի որ թեպետ նախկինում Ամեսայիի դեմ որևէ թշնամություն չուներ, բայց որովհետև Դավիթը վերջինիս խոստացել էր բարձր աստիճան շնորհել, Հովաբը, կասկածելով, թե միգուցե նրան զորքերի ընդհանուր հրամանատար նշանակի, նախանձից այդ անգթությունն է գործում:

Այդ միջոցին Հովաբի մարդկանցից մեկը, խոսքն ուղղելով զորքին, այսպես է խոսում. «Ով որ Հովաբին և Դավթին սիրում է, թող Հովաբի և Ամեսայիի հետևից գնա», և քանի որ Ամեսայիի մարմինը դեռևս ճանապարհին արյունաշաղախ ընկած էր, դանդաղորեն հավաքվող զորքը, դա տեսնելով, վարանում է առաջ անցնել, ուստի մեռածին ճանապարհից դուրս` մի արտում, թաղելուց հետո զորքը սկսում է հետևել Հովաբին:

Արդ, քանի որ Սաբեեն  Աբել անունով մի քաղաքում էր ապաստանել, Հովաբը պաշարում է այն և նրա շուրջը հողաթումբ բարձրացնելով` պարսպանման պատնեշ է կանգնեցնում, սակայն երբ սկսում է այդ քաղաքի պարիսպը քանդել ու ավերել,  այդ քաղաքից մի իմաստուն կին, պարսպին կանգնած, այսպես է խոսում պաշարող զորքի հետ. «Ինչո՞ւ  է Հովաբը քանդում իսրայելացիների քաղաքներից մեկը, որը հայտնի է իր իմաստուն բնակիչներով, և որը  իսրայելացիների միջև հաշտարար դեր կատարելով` շատերի համար հաստատություն և ամրության նեցուկ է»: Հովաբը, որ ներկա էր այնտեղ,  այսպես է պատասխանում. «Քա´վ լիցի, որ մենք քաղաքը կործանելու դիտավորություն ունենանք, միայն Դավթի դեմ ապստամբող Սաբեեին մեզ հանձնեք, և մենք այստեղից կհեռանանք»: Այս խոսքերին կինը պատասխանում է. «Ուրեմն այժմ ժողովրդի հաճությամբ նրա գլուխը այս պարսպից ձեր առջև կնետվի»:

Արդարև, կինը, պարսպից իջնելով, կարողանում է քաղաքի բնակիչներին համոզել, որոնք, Սաբեեի գլուխը կտրելով, քաղաքի պարսպից վայր են նետում: Այն ժամանակ Հովաբը փող է հնչեցնում` որպես պատերազմական գործողության դադարի նշան, որից հետո զորքը ցրվում է, և ամեն մարդ իր տուն է վերադառնում: Հովաբը, խռովության պատճառ Սաբեեի գլուխը վերցնելով, բերում է Դավթի մոտ, որը խռովությունը դադարելու համար Աստծուց գոհանում է:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․