Հետո ի՞նչ է լինում Եղիա մարգարեն:

Աստծու կամոքով երկինք է բարձրանում: Սակայն նրան նախապես հայտնի լինելով երկինք բարձրանալը` Եղիսեի հետ Գաղգաղա է գնում, որտեղ Եղիան Եղիսեին ասում է. «Դու այստե´ղ մնա, քանի որ Աստված ինձ Բեթել է ուղարկում»: Սակայն Եղիսեն, Աստծու շնորհիվ իրականությանը տեղյակ լինելով, չի ցանկանում բաժանվել Եղիայից, և միասին Բեթել են գնում: Այնտեղ էլ Եղիան ասում է. «Այստե´ղ մնա, ես Երիքով ուղարկվեցի»: Եղիսեն խնդրում է նրա հետ գնալ, և միասին գնում են Երիքով: Եվ ահա Եղիան երրորդ անգամ է հայտնում, որ ինքն այս անգամ Աստծու հրամանով Հորդանան պիտի գնա, ուստի Եղիսեին պատվիրում է այնտեղ մնալ, սակայն նա հաստատուն մտադրությամբ հայտնում է, որ փափագում է միասին գնալ:

Բեթելի և Երիքովի վարժարանների ուսանողները, որոնց Սուրբ գիրքը մարգարեների որդիներ ընդհանուր անվամբ է հիշատակում, Եղիսեին հայտնում են, որ Եղիան նույն օրն իսկ երկինք պետք է բարձրանա, ըստ այդմ` նրանք ևս Աստվածային ներշնչմամբ տեղյակ էին լինելիքին, որոնց Եղիան պատասխանում է. «Ես էլ գիտեմ, դուք լո´ւռ մնացեք» (Դ Թագ. 2:6): Արդ, Եղիայի և Եղիսեի միասին Հորդանան գնալու ժամանակ հիշյալ ուսանողներից հիսուն հոգի հեռվից հետևում էր նրանց, որպեսզի տեսնեն Եղիայի երկինք բարձրանալը:

Երբ Եղիան հասնում է գետին, իր մաշկեղեն վերարկուով գետի ջրերին հարվածելու պես գետը երկու մասի է բաժանվում, և նրանք ցամաքով անցնում են մյուս ափը, իսկ հիսուն ուսանողները մնում են այն կողմում: Այն ժամանակ Եղիան ասում է Եղիսեին. «Դեռևս քեզնից չբաժանված` խնդրի´ր, ինչ ուզում ես»: Սրան ի պատասխան` նա խնդրում է, որ իրեն մարգարեական շնորհ և հրաշագործության զորություն տրվեն (Դ Թագ 2:9): Սակայն մի´ կարծիր, թե Եղիսեն իր անձնական փառքի համար է հայտնում այդ խնդրանքը, այլ Աստծու փառքի հանդեպ նախանձախնդիր լինելու և Նրա սուրբ անվան պատվի համար, որպեսզի կռապաշտներին պատժելու ժամանակ չար վարք ունեցողները իրենց մոլորությունից հետ դառնան և զղջումով ու հնազանդությամբ փրկվեն:

Քանի որ նա պիտի Եղիայի փոխարեն մարգարե լիներ, ուստի հարկ էր, որ հրաշքներ գործելու շնորհ էլ տրվեր նրան: Սակայն այդ շնորհի տվչությունը Աստծու կամքից է, ուստի Եղիան պատասխանում է. «Եթե երկինք բարձրանալս տեսնես, թող ցանկությունդ կատարվի, իսկ եթե չտեսնես, ապա ոչ»: Երբ նրանք խոսելով միասին գնում էին, ահա հանկարծ երկնքից լուսեղեն ամպի մեջ հրեղեն կառք և երիվարներ են երևում, երկուսին միմյանցից բաժանելով` Եղիային իսկույն երկինք  տանում (Դ Թագ. 2:11):

Այս պարագայում հրեղեն կառքն ու երիվարները Եղիայի եռանդուն սիրո նշաններն էին: Քանի որ նրա սերը միշտ սևեռված էր Աստծուն և աստվածային փառքի նախանձախնդրությամբ վառված` նրա մեջ միշտ բորբոքված էր Իսրայելի ժողովրդի ուղղվելու փափագը, այնպես որ կուռքերի ծառայությանը հատկացված մարդկանց պատժում էր հրի նմանվող սաստիկ պատուհասներով, որից էլ արդարները նրա գործողություններից սփոփվում են, իսկ մեղավորները` սոսկում:

Արդարև, բոլորին Աստծու հրամանները հայտնելով` Եղիայի մեջ այնքան մեծ էին բոլորին մեղքից հեռու պահելու ցանկությունն ու եռանդը, որ կարծես բոլոր իսրայելացիներին իր մեջ էր կրում և կառավարում նրանց: Այս է  պատճառը, որ Եղիսեն նրան նմանեցնում է մարտակառքի և պատերազմող հեծելազորի` ասելով. «Դու էիր Իսրայելի զորությունն ու կառավարիչը» (Դ Թագ. 2:12), մինչև որ Եղիան ամբողջովին աներևութանում է:

Երբ Եղիսեն միայնակ է մնում, տրտմությունից պատառոտում է իր հանդերձները, սակայն Եղիան իր մաշկեղեն զգեստը նրա վրա էր գցել, և Եղիսեն մեծապես մխիթարվում է այդ անգին հիշատակով, քանի որ երբ հասնում է Հորդանանի գետափ, աղոթքով նույն վերարկուով գետի ջրերին է հարվածում, և ահա գետը վերստին երկու մասի է բաժանվում, և Եղիսեն անցնում է այս ափ: Հանդիպում է վերոհիշյալ ուսանողներին, որոնք, «Եղիայի հոգին Եղիսեի վրա իջավ» ասելով, խոնարհությամբ խոնարհվում էին մարգարեին (Դ Թագ. 2:15):

Հիրավի, նրանք գիտեին, որ Եղիան երկինք է վերացել, այսուհանդերձ,  ցանկանում են մարդ ուղարկել և փնտրել նրան` կարծելով, որ  Աստված նրան մի բլրի կամ լեռան վրա է տեղափոխել: Թեև Եղիսեն ասում է, որ փնտրելու չգնան, սակայն նրանց թախանձանքներին հավանություն է տալիս, ուստի հիսուն մարդ երեք օր փնտրում և ձեռնունայն վերադառնում են Երիքով:

Արդ, քանի որ մարգարեության և հրաշագործության շնորհ է տրվում Եղիսեին, ուստի Երիքովի բնակիչները ասում են մարգարեին. «Մեր քաղաքը լավն է, սակայն ջուրը վատն է, և մարդկանց ու կենդանիներին վնաս լինելուց բացի` երկրի  անպտղության պատճառ է»: Եղիսեն մի նոր կուժ է պահանջում և դրա մեջ աղ լցնելով` ջրի ակունքի մոտ է գնում և այնտեղ աղ  լցնում` ասելով. «Այսպես է հրամայում Աստված, որ այս ջուրը լինի մաքուր և բարի», և ահա աստվածային կամքով դառը ջուրն իսկույն ամբողջությամբ քաղցրանում է:

Հարկ է նկատել, որ երբ աղը լցնում են քաղցր ջրի մեջ, ապա այն վատանում է, սակայն Եղիսեն Աստծու զորությունը ցույց տալու համար դառը ջուրը աղով քաղցրացնում է: Եղիսեն այնտեղից Բեթել պիտի գնար, սակայն այնտեղի մանուկները, որոնք շատ չար և անկիրթ էին, սկսում են նրան ծաղրել` ճաղատ կոչելով (Դ Թագ. 2:23): Թեև Եղիսեն չի ցանկանում նրանց պատասխանել, սակայն նրանք հետապնդելով սկսում են առավել սաստկությամբ   ծաղրել, ուստի մարգարեն անիծում է նրանց, և ահա անտառից երկու արջ է դուրս գալիս և նրանցից քառասուներկուսին բզկտում:

Այս պատահարը ոչ միայն Երիքովի բնակիչներին, այլև բոլոր իսրայելացիներին մեծ խրատ է լինում, որ իրենց մանուկներին լավ կրթեն և Աստծու մարգարեին հարգել իմանան: Եղիսեն այնտեղից Կարմեղոս լեռ է գնում և ապա վերադառնում  Սամարիա, որտեղ հատուկ առաքելություն ուներ:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․