22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Ո՞վ է հաջորդում Հովսափաթին:

Նրա անդրանիկ որդի Հովրամը (Հորամ): Թեև Հովսափաթը յոթ որդի ուներ, սակայն իր կենդանության օրոք Հովրամին թագավորեցնելով` մյուս որդիներին որոշ քաղաքներ և կալվածքներ է հատկացնում, որպեսզի հանգիստ ապրեն, և նրանց միջև հակասություններ չծագեն: Սակայն երբ Հովրամը բավականաչափ զորանում է,  եղբայրներին սպանելով, նրանց կալվածքները գրավելուց բացի, Երուսաղեմում բնակվող իսրայելացի նշանավոր մարդկանցից մի քանիսին էլ է սպանել տալիս: Բացի դրանից` իր կնոջ՝ Գաթողիայի չար թելադրանքով, (որ Աքաաբի դուստրն էր) Հուդայի երկրի բոլոր քաղաքներում կռատներ կանգնեցնելով, ժողովրդին Աստծու հնազանդությունից հանելով, կռապաշտության մոլորության մեջ է գցում:

Դու տե´ս Աստծու արդարությունը. Հովրամի` Աստծու օրենքներին անհնազանդ լինելուն պես նրա իշխանության ներքո գտնվող եդովմացիներն անմիջապես ապստամբում են: Իսկ մինչ այդ Հուդայի թագավորն էր նրանց  թագավոր  կարգում, բայց այս անգամ նրա կամքին հակառակ` իրենք իրենց համար թագավոր կարգեցին: Թեև Հովրամը պատերազմում է եդովմացիների դեմ, սակայն հաղթանակը կատարյալ չլինելով` այլևս այդ ժողովուրդը դադարում է Հուդայի թագավորին հնազանդվելուց: Նույն ձևով Հովրամի դեմ ապստամբում է Լոբնա քաղաքը` երես  շրջելով կռապաշտ թագավորից:

Եվ, իրոք, իսրայելացիներն էլ գոհ չէին Հովրամից, սակայն վախենալով նրա հայտնի անգթությունից` համբերում են: Մի քանի տարի առաջ երկինք վերացած Եղիա մարգարեից (որն աստվածային ներշնչմամբ տեղյակ էր Հովրամի գործերին) պատգամաբերի միջոցով հանդիմանական գրություն է ուղարկվում Հովրամին, որի մեջ մեկ առ մեկ հիշեցնելով նրա չարագործությունները` անզգամ թագավորին կանխավ շտապում է հայտնելու, թե ինչ սաստիկ և մեծ պատիժներով պետք է պատժվի, որպեսզի զղջա և ուղղվի (Բ Մնաց. 21:13, 15):

Երբ սույն նամակից էլ թագավորը անուղղելի է մնում,  Աստված նրա դեմ կռապաշտ փղշտացիներին է հանում, որոնք, վաղնջական ժամանակներից Հուդայի թագավորին հարկատու լինելով, այս անգամ մեծ բազմությամբ ոչ միայն Հուդայի երկիր են արշավում, այլև ժողովրդին մեծ նեղություններ են հասցնում, անգամ Երուսաղեմ թագավորանիստ քաղաք են մտնում, որտեղ, Հովրամի պալատից  բոլոր թանկագին իրերը գողանալուց բացի, անխնա սպանում են նրա զավակներին և դուստրերին ու կնոջը, միայն կրտսեր որդին՝ Ոքոզիան, և նրա մայր Գոթողիան մի կերպ, հնարքներով ազատվում են, և թշնամին էլ անհաշվելի ավարով, հաղթական փառքով վերադառնում է Երուսաղեմից: Թեև Հովրամի ուղղվելու համար էր թույլատրվում այս ամենը, որ թշնամին պատժի նրան, սակայն նա երբեք չի ցանկանում չար ճանապարհից  առ Աստված դառնալ, ուստի որպես նրա համառ անզգամության հատուկ պատիժ` մարմնին այնպիսի սաստիկ և զզվելի ախտ է առաջանում, որ երկու տարի անընդմեջ որովայնը ցավելով` աղիքները, աստիճանաբար պտտելով, դուրս են թափվում: Այսպիսով, այլևս բժշկվելու հնարավորություն չունենալով` Եղիայի գրածի և վճռածի համապատասխան` սաստիկ և անտանելի տանջանքներով չարաչար մահանում է:

Հիշյալը ութ տարի թագավորում է Երուսաղեմում, և քանի որ ժողովուրդը նրա չարության պատճառով շատ նեղություններ էր կրել, ուստի ոչ միայն թագավորին հատուկ աստիճան և պատիվներ չեն ընծայվում, այլև նրա նախորդ թագավորների գերեզմանում էլ դրվելու արժանի չի համարվում, և նրան անշուք  թաղում են Երուսաղեմից դուրս` մի  հասարակ վայրում:

Բոլոր մարդիկ, որոնք Աստծու հրամաններին և օրենքներին հակառակ վարք ունենալուց հետո փոխանակ մարդկային սխալների համար զղջալու և արցունքներով ապաշխարելու, դիվական համառությամբ պնդում են և մնում իրենց հոգեկործան վարքուբարքին, թող  Հովրամին տրված պատժից օրինակ վերցնեն:

Ճշմարիտ է, որ Աստված Իր անհուն ողորմությամբ միանգամից չի պատժում Հովրամին և ցանկանում է, Եղիայի պատգամագրով հանդիմանելով, զգուշացնել նրան, մանավանդ նրա թշնամիներին գրգռելով` նրան բացահայտորեն հրավիրում է  հետ կանգնելու իր հոռի կենցաղից, սակայն նա արհամարհում է աստվածային ողորմությունն ու հրավերը, և  երբ օրըստօրե սաստկանում է նրա չարությունը, այդ ժամանակ իրավացիորեն և արդարացիորեն սաստիկ պատիժների է ենթարկվում:

Արդարև, այս պարագայում միանգամայն հայտնի են դառնում Աստծու գթությունն ու արդարությունը: Քանի որ Նա ներողամիտ լինելով մեղավորին իսկույն չի պատժում, ողորմած ու մարդասեր լինելով` յուրաքանչյուրին իր պատվի և դիրքի համապատասխան տարատեսակ եղանակներով ապաշխարության է կոչում, ոմանց հիվանդություններ և աղքատություն է տալիս, այլոց՝ սիրելիներին  վերցնում, շատերին` թշնամիներ ուղարկում, վերջապես ամեն մեկին պես-պես նեղություններով հրավիրում է` Աստծու օգնությանն իրենց հույսը դնեն, և իրենց չափը հասկանալով` ուղղվեն և զգաստության գան: Աստված արդար լինելով անուղղելիներին էլ է պատժում, որպեսզի գոնե նրանց մասին լսողները երկնչեն և ուղղվեն:

Հովրամի փոխարեն Երուսաղեմում նրա որդին՝ Ոքոզիան է թագավոր դառնում (Բ Մնաց. 22): Քանի որ սրա մայրը` Աքաաբի դուստր Գոթողիան էր, ուստի սա ևս մոր թելադրանքով պապի չար վարքն է որդեգրում և մանավանդ Իսրայելի թագավոր Հովրամին փեսա լինելով` բարեկամություն է անում նրա հետ, և երկուսն էլ բարեպաշտության ճանապարհն ընտրելու փոխարեն երկուսն էլ մոլությամբ հետամուտ են լինում կռապաշտությանը և աստվածային սուրբ օրենքներին և հրամաններին հակառակ գործելով` մոլորեցնում են ժողովրդին և Աստծու բարկությանն արժանանում:


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․